ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ ԱԿՆԱՂԲՅՈՒՐՈՒՄ
27.07.2019 15:54

Ամփոփել ձեռքբերումները, քննարկել առկա բացթողումներն ու նախանշել հետագա անելիքները, այս նպատակն են հետապնդում Ասկերանի շրջանի խորհրդի ամենամսյա նիստերը, որն այս անգամ անցկացվեց շրջանի Ակնաղբյուրի համայնքում։

Նախքան նիստի աշխատանքներն սկսելը ներկաները ծաղիկներ են խոնարհել զոհված ակնաղբյուրցիների

հիշատակը հավերժացնող հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց անմար հիշատակին։

Արտագնա նիստի աշխատանքներին մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, կառավարության անդամներ, շրջանի ուժային կառույցների ղեկավարներ։

Ողջունելով ներկաներին շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը նշեց, որ նիստի աշխատանքներին՝ կառավարության անդամներին և մեր շրջանից ընտրված ԱԺ պատգամավորներին պարբերաբար հրավիրելու նպատակը շրջանի խնդիրներին ծանոթացնելը, ճշգրիտ ուղիներ նախանշելն ու դրանց հնարավորինս արագ լուծումներ տալն է։

Նիստի օրակարգում տեղ գտած առաջին հարցը վերաբերում էր քաղաքացիների առաջարկությունների, դիմում-բողոքների 2019թ. 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը, որի շուրջ տեղեկանք ներկայացրեց աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը։ Ինչպես նշեց աշխատակազմի ղեկավարը, շրջվարչակազմ առաքված 243 դիմումներն ու բողոքները գերազանցապես ուսումնասիրվել են տեղում և սահմանված ժամկետներում դիմումատուներին տրվել են պատասխաններ։ Հաշվետու ժամանակաշրջանում վարչակազմի ղեկավարի կողմից կատարվել է 362 քաղաքացիների ընդունելություն, որոնց ընթացքում բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ անմիջապես և օրենքով սահմանված կարգով։

Վարչակազմի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Նելլի Միրզոյանը ներկայացրեց ընթացիկ տարվա առաջին կիսամյակի շրջանի համայնքային բյուջեի արդյունքների ամփոփման և հետագա անելիքների մասին տեղեկանք։ Ըստ տեղեկանքի, շրջանի 21 համայնքներ կատարել են համայնքային բյուջեի եկամուտների պլանը, 14 համայնք պլանը կատարել է 50-100 տոկոսի սահմաններում, 7 համայնքի բյուջեի մուտքերը 50 տոկոսից ցածր են։ Պետական բյուջեից նախատեսված 76 միլիոն 468 հազար դրամ դոտացիայի փոխարեն  տրամադրվել է 60 միլիոն դրամ կամ 78.5 տոկոս, իսկ համայնքային բյուջեի ծախսերը կատարվել են 64 տոկոսով։

Ինչպես նշեց Ն. Միրզոյանը, որոշ համայնքների ազատ մնացորդներն ուղղվել են մի դեպքում համայնքներում աշխատավարձերի գծով առաջացած պարտքերի մարմանը՝ ընթացիկ տարում դրանք ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով, մյուս դեպքերում՝ համայնքներում բարեկարգման աշխատանքներ իրականացնելուն և համապատասխան սարքավորումներ ձեռք բերելուն։

Ակնաղբյուրի համայնքի ղեկավար Սևակ Ղարամյանը խոսելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում համայնքում իրականացրած աշխատանքների մասին, նշեց, որ գոհ չեն բերքահավաքի արդյունքներից, քանի որ եղանակային անբարենպաստ պայմաններն իրենց բացասական ազդեցությունն են ունեցել ընդհանուր գյուղատնտեսական աշխատանքների վրա։ Ամարասի հոտում տեղացած կարկուտի հետևանքով 76հա ցանքատարածությունում հունձ ընդհանրապես չի կատարվել։ Նա ներկայացրեց գյուղատնտեսության այն ոլորտները, որոնցով զբաղված են ակնաղբյուրցիները։ Համայնքի ղեկավարը ներկայացրեց նաև համայնքի ժողովրդագրական վիճակը։ Համայնքում գործում է դպրոց, մանկապարտեզ, բուժհաստատություն, մշակույթի տուն։ Ընթացիկ տարում համայնքում ծնվել է 4 երեխա, ինչը ևս գոհացնող արդյունք չէ։

Կար ժամանակ, երբ շրջանի վերին ենթաշրջանում ևս պետական ծրագրի շրջանակներում կատարվում էին գյուղամիջյան ճանապարհների սալահատակման և հենապատերի կառուցման աշխատանքներ։ Այս ուղղությամբ Ակնաղբյուրում բավականին աշխատանքներ են իրականացվել։ Վարչակազմի ղեկավարը նշեց, որ պետք է նորից այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկել՝  աշխատանքները վերսկսելու համար։

Պետնախարարը հետաքրքրվեց համայնքի փողոցային լուսավորվածության վիճակով։ Պարզվեց, որ բյուջեով նախատեսված միջոցները տարվա կտրվածքով չեն բավականացնում  փողոցային լուսավորվածության խնդիրը լուծելու համար։

Շոշի, Աստղաշենի և Խնածախի համայնքների ղեկավարները ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում համայնքներում կատարված աշխատանքների մասին հաշվետվություններում ներկայացրեցին համայնքների ժողովրդագրական վիճակը, մանրամասն տեղեկություններ հաղորդեցին ընթացիկ տարում համայնքներում կատարված աշխատանքների, ինչպես նաև համայնքային բյուջեների կատարողականի մասին, խոսեցին նաև համայնքներում առկա հիմնախնդիրներից։

Աստղաշենում բավականին աշխատանքներ են իրականացվել պետական միջոցների և Հայաստան համայակական հիմնադրամի համաֆինանսավորմամբ, առանձին բարերարների շնորհիվ։ Շոշ և Աստղաշեն գյուղերում ընթացքի մեջ են մանկապարտեզների շենքերի շինարարական աշխատանքները։ Դեպի բնակավայրեր տանող ճանապարհատվածներում ճանապարհների բարեկարգման և բարելավման աշխատանքներ են իրականացվել §Խաչենշին¦ ՓԲ ընկերության կողմից։

Խոսելով կարկտահարությունների հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասների մասին՝ պետնախարար Գ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ բնական աղետների հետևանքով տուժած քաղաքացիներին կառավարության կողմից 3-րդ եռամսյակի ընթացքում որոշակի չափով ծախսերի փոխհատուցում կտարամադրվի։

Խնածախի համայնքի ղեկավար Մհեր Նիկողոսյանը նշեց, որ գյուղում չկան անօրեն հողօգտագործողներ, լուրջ ուշադրություն է դարձվում քաղաքաշինական նորմերի պահպանմանը, հողերը նպատակային օգտագործելուն։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ դրանք ոչ նպատակային օգտագործելու պատճառով լուծարվել են վարձակալության պայմանագրերը։ Ուշադրության կենտրոնում են գյուղի աղբահանության աշխատանքները։ Ինչպես նշեց Մ. Նիկողոսյանը, ձեռքբերումները քիչ չեն, սակայն դրանք բավարար չեն, քանի որ բացթողումներն ու հիմնախնդիրները ևս շատ են։ Գյուղի հիմնական խնդիրը խմելու ջուրն է, վատթար վիճակում է գտնվում ներքին ցանցը։ Ունենալով 65 նախադպրոցական տարիքի երեխա՝ գյուղը չունի մանկապարտեզ, ինչը բացասական ազդեցություն է թողնում ժողովրդագրական վիճակի վրա։ Դա է թերևս պատճառը, որ տարիներ շարունակ համայնքի բնակիչների թվաքանակը չի ավելանում։ Լուրջ խնդիր է նաև ակումբի բացակայությունը։ Դպրոցական շենքի, ճանապարհների վատթար վիճակը ևս լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Այսքանով հանդերձ համայնքի ղեկավարը ոչ միայն չի հուսահատվում, այլև լիահույս է ու համոզված, որ յուրաքանչյուր խնդիր լուծման իր ճիշտ ուղին ունի, ինչը և ակնկալում է համատեղ փնտրել, գտնել նման քննարկումների ժամանակ։

Խոսելով խմելու ջրի մասին, պետնախարարը նշեց, որ եթե ոչ ընթացիկ, ապա 2020 թվականի պետական ծրագրերում կընդգրկվի Խնածախի խմելու ջրի հարցը։  Անդրադառնալով ճանապարհների անմխիթար վիճակին Գ. Մարտիրոսյանը հանձնարարականներ տվեց համապատասխան մարմիններին՝ §Խաչենշին¦ ՓԲ ընկերության միջոցներով բարեկարգման աշխատանքներ իրականացնել Ստեփանակերտ-Խնածախ ճանապարհահատվածում։ Նա նաև կոչ արեց համայնքների ղեկավարներին անել հնարավոր ամեն ինչ՝ գյուղերում կյանքն աշխուժացնելու համար։

Շրջանում՝ ընդհանուր և վերին ենթաշրջանում մասնավորապես իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների մասին տեղեկություններ հաղորդեց վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը։ Ավարտին են մոտենում բերքահավաքի աշխատանքները, ներկայում աշխատանքներ են տարվում վերին ենթաշրջանում։ 2019 գյուղտնտեսական տարվա արդյունքները գոհացուցիչ չեն, մի կողմից կարկուտն ու երաշտը, մյուս կողմից էլ հրդեհները մեծ վնաս են հասցրել ցանքատարածություններին՝ բացասական ազդեցություն ունենալով բերքահավաքի արդյունքների վրա։ 1944 հա վնասված տարածքներ կան շրջանում, որոնք ժամանակին ակտավորվել և ներկայացվել են նախարարություն։ Նախարարություն են ներկայացրել նաև նախորդ նիստերի ժամանակ վերին ենթաշրջանի համայնքների ղեկավարների առաջարկով պտղատու այգիներ հիմնադրելու նպատակով անհատույց տնկիներ տրամադրելու համապատասխան ցուցակները։ Ա. Ղուլյանը խոսեց նաև ջրի սակավության մասին, առաջ քաշելով ջրամբարներ կառուցելու հրատապ խնդիրը։

§Ասկերանի շրջբուժմիավորում¦ ՓԲ ընկերության տնօրեն Գոհար Հակոբջանյանը ներկայացրեց ոլորտի ձեռքբերումները, առողջապահության դրվածքը շրջանի բուժհիմնարկներում, ինչպես նաև առկա հիմնախնդիրներն ու հետագա անելիքները։ Գ. Հակոբջանյանը խոսեց նաև Ասկերանի շրջբուժմիավորման շենքային վատթար վիճակի մասին, ինչը չի համապատասխանում սահմանված նորմերին ու պայմաններին։ Ասել է թե, շրջբուժմիավորման արդիականացումը բոլոր ուղղություններով շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր։

Վերին ենթաշրջանի բնակավայրերի բժշկական սպասարկման ուղղությամբ  մտահոգութուններ հայտնեց Ջրաղացների համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովը։ Ի պատասխան՝ պետնախարար Գ. Մարտիրոսյանը պետության կողմից հանրապետությունում բժշկական սպասարկումը բարձր հիմքերի վրա դնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին մանրամասն տեղեկություններ հաղորդեց։

Օրակարգային հարցերի քննարկումից հետո համայնքների ղեկավարներն իրենց հուզող հարցերով դիմեցին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին։

Հարցերը հիմնականում վերաբերում էին խմելու, ոռոգման ջրին, գյուղատնտեսությանը, քաղաքաշինությանը, բնակարանաշինությանը, սոցիալական առանձին խմբերին տրամադրվող շինանյութերին: Գրիգորի Մարտիրոսյանը սպառիչ պատասխաններ է տվել բարձրացված հարցերին՝ ապակենտրոնացումը համարելով որպես պետական կառավարման արդյունավետության գլխավոր նախապայման: Պետական նախարարն ընդգծել է հատկապես շրջանային իշխանության լիազորությունները ընդլայնելու հաջողված փորձը, ինչի արդյունքում տեղերում առկա բազմաթիվ հարցերի օպերատիվ լուծումներ են տրվում, ինչպես նաև զարգացման ծրագրեր նախանշվում:
Ասկերանի շրջանի խորհրդի արտագնա նիստին առանձին հարցերի շուրջ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ու առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը նույնպես հանդես են եկել պարզաբանումներով:  Գյուղնախարարը մանրամասն ներկայացրեց գյուղատնտեսությունը շրջանում զարգացնելու նախարարության կողմից ընդունված պիլոտային ծրագրերը, խոսվեց անասնապահությունը զարգացնելու հեռանկարների, անասնապահության կանոնակարգման և արոտավայրերի կառավարման, սննդամթերքի անվտանգության մասին։

Վերջում Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Միրզոյանը տեղեկություններ հաղորդեց սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման միջոցառումների մասին:


Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter