ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՆՇՄԱՐԵԼԻ ԵՆ |
29.07.2019 11:34 |
Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը, գործելով ԱՀ-ում իրականացվող սոցիալական բարեփոխումներ իրականացնելու ծրագրի շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները՝ հատկացված նյութական և ֆինանսական միջոցները սահմանված ժամկետներում իրենց հասցեատերերին հասցնելու ուղղությամբ: Բնակչության սոցիալական ոլորտում հիմնախնդիրները լուծվում են սոցիալական ծրագրերի շրջանակներում և ֆինանսավորում պետական բյուջեի միջոցներով: Ինչպես տեղեկացանք սոցիալական ծառայության Ասկերանի տարածքային գործակալության պետ Էվելինա Աղաջանյանից 2019 թվականի 1-ին կիսամյակում Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում ծախսվել է ավելի քան 174 մլն. դրամ: Նշված ժամանակահատվածում տարածքային գործակալություն մուտքագրվել են քաղաքացիների տարաբնույթ դիմումներ, որոնց գերակշիռ մասը վերաբերում է նպաստների նշանակմանն ու վերանշանակմանը, ծնելիության բազմազավակության խթանման ծրագրով նախատեսված միջոցների, բարեգործական և ֆինանսական օգնության տրամադրմանը: Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում շրջանում ծնված 136 երեխայի համար նշանակվել է 26 մլն. 700 հազար դրամ գումարի չափով ծննդյան միանվագ նպաստ: Շրջանում 1015 ընտանիքների երեխաների ամենամսյա պետական նպաստը կազմել է ավելի քան 128 մլն. դրամ ։ ԱՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն շրջանի 29 ընտանիքներում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար նշանակվել է չափահասության նպաստ: Ընթացքի մեջ է 18 տարեկանը լրացած ավանդատերերի ավանդների տրամադրման գործընթացը, 40 ավանդատեր արդեն ստացել հասանելիք իր ավանդը: Նշված ժամանակահատվածում գործակալություն դիմած 48 քաղաքացիների համար ստեղծվել են անձնական գործեր` ամուսնության միանվագ նպաստ հատկացնելու համար, որը կազմել է 7 մլն. 200 հազար դրամ : Տոն և հիշարժան օրերի կապակցությամբ բնակչության սոցիալական խմբերին պատկանող 562 քաղաքացիների վճարվել է 9 մլն. 312 հազար դրամ միանվագ օգնություն: ԱՀ պաշտպանության ժամանակ զոհված 2 և ավելի զոհ ունեցող 8 ընտանիքների ամսական հատկացված օժանդակությունը կազմել է 1մլն. 440 հազար դրամ: Ծառայության ընթացքում զոհված 2 զինծառայողի ընտանիքի տրամադրվել է 1մլն. 400 հազար դրամի չափով միանվագ օգնություն: Պետական միջոցների հաշվին ձեռք բերված առողջարանային բուժման 49 ուղեգիր հատկացվել է սոցիալական ծառայության տարածքային գործակալությանը՝ Արզնի, Ջերմուկ, Կարմիր խաչ առողջարանային տներում հանգստանալու նպատակով։ Ուղեգրերից 8-ը տրամադրվել է զոհված զինծառայողների ընտանիքներին, 2-ը` հաշմանդամներին, 7-ը` ընդհանուր հիվանդության հաշմանդամներին, իսկ 1-ը` ՀՄՊ հաշմանդամին հավասարեցված քաղաքացու: Գործընթացը ընթացքի մեջ է։ Շրջանի 161 հաշմանդամների համար ստեղծված անձնական գործերի հիման վրա ցուցաբերվել է էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցություն, իսկ հաշմանդամության կենսաթոշակ ստացող 2 քաղաքացիների տրամադրվել է պրոթեզաօրթոպեդիկ պարագա` թիկնասայլակ: Բացի ֆինանսական աջակցությունից գործակալությունը շրջանի 168 բազմազավակ ընտանիքների տրամադրել է նաև բնաիրային օգնություն: Ինչպես նշեց տիկին Աղաջանյանը պետության կողմից ազգաբնակչության սոցիալական կարիքների բարելավմանն ուղղված ֆինանսական և այլ միջոցները հսկայածավալ են, ինչը վստահություն է ներշնչում, որ մոտ ապագայում կփոխվի հասարակության սոցիալական ապահովվածության դիմանկարը և կնշմարվեն ոլորտի ապագա զարգացման հեռանկարները:
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |