ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
29.07.2019 12:46

Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն այլ կերպ անվանում են նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոն, քանի որ այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակի օրն է, որն ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա, երբ Քրիստոսն իր աշակերտներին «ներկայացավ» արդեն որպես տիրոջ զավակ: Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշում է Զատկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Քրիստոսի

Պայծառակերպությունը ժողովրդական լեզվով անվանում են նաև Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Վարդավառ բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում, որոնք բոլորն էլ բնութագրում են տոնը, ինչպես նաև՝ մատնանշում դրա խորհուրդները:

Հայտնի է, որ բնության տարրերից առանձնապես պաշտամունքի են արժանացել ջուրն ու կրակը, որոնք կենսական նշանակություն ունեին մարդկանց համար: Դրա համար էլ և´ կրակը, և´ ջուրը Վարդավառի ժամանակ հավասարազոր նշանակություն ունեին: Ջրի պաշտամունքը հիշատակվում է նաև Նոյ նահապետի ժամանակներից և կապվում է ջրհեղեղի հետ: 

Ըստ ավանդության` երբ Նոյ նահապետը դուրս եկավ տապանից, առաջին ամիսը կոչեց Նավասարդ, որ նշանակում է «նորոգված աշխարհ»: Ջրհեղեղից ազատվելու հիշատակն անմոռաց դարձնելու նպատակով Նոյն առաջարկեց իր տղաներին ջուր լցնել իր վրա: 
Հունիսի 28-ին Ասկերան քաղաքում մեծ շուքով նշվեց Վարդավառը: Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր-Մեսրոպ քահանա Խունոյանը պատարագ  մատուցեց, ապա տոնակատարությունը շարունակվեց Ասկերանի Փետրվարի 22-ի հրապարակում: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ տոնին մասնակցում էին շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, Ասկերանի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, Ասկերանի մոտակա բնակավայրերի երիտասարդներ, ասկերանցիներ, Ն զորամասի զինվորներ:

Միջոցառումն օրհնությամբ սկսեց Ասկերանի հոգևոր հովիվ Տեր-Մեսրոպ Խունոյանը.

-Սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ: Այն շատ կարևոր տոն է յուրաքանչյուրիս կյանքում: Ուրախալի է, որ բացի հոգևոր մասից տոնն անց ենք կացնում նաև ժողովրդի հետ: Այսքան խանդավառված և երջանիկ դեմքերը մեզ հուշում են, որ օրվա խորհուրդը հասնելու է իր նպատակին: Կարևոր եմ համարում, որ այս միջոցառումը կազմակերպվել է  Ասկերանի շրջվարչակազմի, աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի, Ասկերանի ՄՊՍ կենտրոնի և Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու համագործակցությամբ: Միջոցառման կայացմանն իր ուրույն ներդրումն է ունեցել մեր եկեղեցու այս տարվա խաչեղբայր Իվան Հարությունյանը։ Ուրախությամբ եմ ցանկանում տեղեկացնել բոլորիդ, որ եկեղեցուն կից ձևավորվել է Սուրբ Աստվածածին երիտասարդաց միություն՝ կազմված շրջանի ակտիվ երիտասարդներից: Նրանք իրականացնում են տարբեր գործեր, մեկնում են ուխտագնացությունների, սեփական նախաձեռնությամբ կատարում են եկեղեցիների բակերի մաքրման աշխատանքներ: Երիտասարդաց միությունը սիրով պատրաստ է նոր անդամներ ներգրավել՝ ավելի մեծ ուժով և ոգով Աստվածահաճո աշխատանքներին լծվելու համար:

Ամառային ամենասիրված տոնն սկսվեց երգ ու երաժշտությամբ: Ասկերանի ՄՊՍ կենտրոնը նախապատրաստել էր գեղեցիկ ելույթներ, որոնք երեխաները ներկայացրեցին մեծ ոգևորությամբ: Նրանք աշխարհից խաղաղություն, բերրիություն, առատություն և պտղաբերում էին խնդրում:

Անցկացվեցին տարբեր խաղեր, երգեր ու պարեր և իհարկե, ամենուրեք ջրի շիթեր էին: Ժողովրդական այս տոնն առանց ջրի հնարավոր չէր պատկերացնել, յուրաքանչյուրը Վարդավառի տոնի լիարժեք անդամ էր ցանկանում լինել, և մեծ, թե՛ փոքր ուրախանում էին միասին: Պետք էր տեսնել, թե ինչպես էին խանդավառվել երեխաները, ովքեր զինվորների հետ վազվզում և ջրով էին տալիս իրար: Անցկացվեց նաև նկարչության մրցույթ, երեխաները վառ գույներով պատկերել էին Վարդավառի խորհուրդները:

Մրցույթների հաղթողները նվերներ ստացան տարվա խաչեղբայր Իվան Հարությունյանի կողմից, ով առաջին անգամը չէ հանդես գալիս բարեգործական առաքելությամբ:

Մշակութային մասից հետո միջոցառման մասնակիցներն ազատորեն սկսեցին ջրոցի խաղալ և օրվա խորհուրդն հասավ իր բուն նպատակին:

Թող Աստծո օրհնությամբ սերն ու համերաշխությունն ուղեկցեն մեր ժողովրդին, թող Արցախի երկնակամարը միշտ կապույտ լինի, իսկ սահմանին կանգնած զինվորը՝ անփորձանք, ուժեղ և անպարտելի…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 


Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter