ՁԵՐ ԱՎԱՆԴԸ ԳՆԱՀԱՏՎԱԾ Է ԲՈԼՈՐԻՍ ԿՈՂՄԻՑ |
29.07.2019 14:27 |
Հիրավի, հնարավոր չէ գնահատել այն դերն ու նշանակությունը, որն ուսուցիչն ունի սերունդների կյանքում: Շատերն են ընտրում ուսուցչի ճանապարհը, սակայն ոչ բոլորն են կարողանում պատվով կատարել իրենց վերապահված այդ վեհ պարտականությունը: Լավ ուսուցիչն անտեսում է իր բոլոր հոգսերն ու խնդիրները և նվիրվում աշխատանքին անմնացորդ սիրով: Չէ որ նա գործ ունի մատաղ սերնդի հետ և իրենից է կախված, թե ինչպիսի ապագա կունենա մեր երկիրը: Այդպիսի ուսուցիչների շարքում է Էլեոնորա Սարգսյանը, ով իր աշխատանքային ողջ գործունեության ընթացքում աչքի է ընկել նվիրվածու-թյամբ ու պատասխանատվության բարձր զգացումով: Առաքինի, բարի, ազնիվ, բանիմաց ուսուցչուհին իր բազում դրական հատկանիշներով կարողացել է վայելել աշակերտների և գործընկերների սերն ու հարգանքը: Էլեոնորա Վազգենի Սարգսյանը ծնվել է 1956 թվականի մայիսի 27-ին Ասկերան ավանում: 1963-1973թթ. սովորել է Ասկերանի միջնակարգ դպրոցում: 1973 թվականին ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը, որն ավարտել է 1977 թվականին և ստացել ֆիզիկայի ուսուցչի մասնագիտություն: 1977-78 թթ. աշխատել է Ասկերանի շրջանի Խանաբադի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի: Հետագայում նա աշխատել է նաև տարբեր պաշտոններում, որտեղ իրեն դրսևորել է լավագույն ձևով և ստացել բարի համբավ: Ամուսնացել և գեղեցիկ ընտանիք է կազմել Կարո Պետրոսյանի հետ և անմնացորդ նվիրվել իր 3 զավակների դաստիարակությանը: Այս ընտանիքում մեծ տեղ է տրվել բարոյականությանը, ազնվությանն ու աշխատասիրությանը: Որպես ֆիզիկայի ուսուցչուհի 1996 թվականին աշխատանքի է անցել Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում: Երբ խոսում ենք ընկեր Սարգսյանի մասին՝ մեզանից յուրաքանչյուրին պատում է մի յուրահատուկ զգացում: Համեստ, բարյացակամ այս անձնավորությունը, ամեն անգամ դասարան էր մտնում մեծ հուզմունքով: Նա աշխատում էր ֆիզիկան մատչելի և հասանելի դարձնել աշակերտին և դա անում էր գեղեցիկ ու նրբորեն՝ միաժամանակ ստանալով դիմացինի վստահությունը և համակրանքը: Նա իր ողջամտությամբ կարողանում էր աշակերտների հետ ընկերանալ, կիսվել նրանց հետ կյանքի բարդությունների, վայրիվերումների մասին և միշտ էլ օրինակելի ուղենիշ հանդիսանալ: Հայ կնոջ իսկական կերպար ունեցող Էլեոնորա Սարգսյանը հայկական ավանդական ընտանիքի մայր և կին է: Նրա երեք դուստրերը, ովքեր արդեն երեխաների տեր են, բարձր են պահում առաքինի մոր պատիվը: Այս ուսումնական տարում Էլեոնորա Սարգսյանն անցավ վաստակած հանգստի: Թող այդ հանգիստն անցնի խաղաղ երկնքի ներքո և նա լիանա իր ցանած բարի պտուղներով: Ամուր առողջություն, անվերջ ժպիտներ և երկար տարիների կյանք ենք մաղթում նրան: Անտարակույս, պատվարժան ուսուցչուհին կշարունակի իր ավանդն ունենալ սերունդների դաստիարակության գործում՝ իր խրատներով, խորհուրդներով և լավատեսական մտքերով… Ձեր ավանդը գնահատված է բոլորիս կողմից, ընկեր Սարգսյան… Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ֆիզմաթ մեթոդմիավորում |