ԱՍԿԵՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ |
06.08.2019 13:02 |
Մինչ թիմերը պատրաստվում էին անդրանիկ խաղին՝ համերգային ծրագրով հանդես եկան Ասկերանի Բերդ համույթն ու Արվեստի դպրոցի սաները։ Նրանց ազգային երգն ու նվագը տոնական տրամադրություն հաղորդեցին միջոցառման մասնակիցներին։ Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկի կապակցությամբ ողջույնի խոսք հղեց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։ Կարևորելով խաղերի անցկացումն Արցախում վարչակազմի ղեկավարը նշեց, որ այն մեկ անգամ ևս վկայում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։ Դրանք ոչ միայն զուտ մրցումներ են, այլև մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության իրական ապացույցն ու դրսևորումը։ Մարզիկներին մաղթելով մարզական հաջողություններ և մարտական բարձր ոգի՝ նա համոզմունք հայտնեց, որ հայրենիքի միավորող ոգին և մարզական արդար մրցակցությունը նոր ու հզոր լիցքեր կհաղորդեն բոլորիս։ 7-րդ hամահայկական մարզական խաղերի արցախյան ենթախմբի առաջին խաղը Ստեփանակերտի և համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի ֆուտբոլային թիմերի միջև էր։ Թիմերը մարզադաշտ դուրս եկան փոքրիկ ասկերանցիների ուղեկցությամբ։ Հնչեց համահայկական խաղերի օրհներգը։ Խաղն ընթացավ բավականին թեժ և ակտիվ մթնոլորտում։ Գրոհները հաջորդում էին մեկը մյուսին։ Աստիճանաբար նախաձեռնությունն անցավ Ստեփանակերտիցների կողմը, ինչի արդյունքում 11-րդ րոպեին բացվեց խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ 7 համարի խաղացող Մհեր Մկրտումյանը։ Հաջորդ 20 րոպեներն անցան հիմնականում ստեփանակերտցիների առավելությամբ։ Պայքարն ավելի կոշտ ընթացք ստացավ, ինչի արդյունքում մրցավարը ստիպված էր 2 դեղին քարտ ցույց տալ։31-րդ րոպեին ստեփանակերտցիները կրկնապատկեցին հաշիվը, գոլը խփեց 15 համարի ֆուտբոլիստ Սարգիս Մաթոյանը։ Առաջին խաղակեսն ավարտվեց 2։0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի 47-րդ և 66-րդ րոպեներին Սարգիս Մաթոյանը ևս երկու գոլ խփեց՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ, իսկ 59-րդ րոպեին Ստեփանակերտի խաղացող Արսեն Սարգսյանը ոչ սպորտային պահվածքի պատճեցառով հեռացվեց խաղադաշտից։ Խաղի 69-րդ րոպեին Էջմիածնի 13 համարի ֆուտբոլիստ Արամ Գևորգյանը մեկ պատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ խաղի հաշիվը դարձնելով 4։1։ Խաղի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին ստեփանակերտցի Ռաֆիկ Շաքարյանը ևս մեկ գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը՝ ձևակերպեց խաղի վերջնահաշիվը՝ 5։1։ Հարազատ թիմի խաղը դիտելու և մարզիկներին ոգևորելու էր եկել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Մեզ հետ զրույցի ժամանակ նա կարևորել է համահայկական խաղերի դերն ու նշանակությունն աշխարհասփյուռ հայության համար։ Այն գեղեցիկ սպորտային տոն լինելուց բացի մեկ անգամ ևս մեր միասնականությունն ու համախմբվածությունն է ի ցույց դնում աշխարհին։ Էջմիածինցիները տարբեր մազաձևերում են հանդես գալու համահայկական խաղերին։ Քաղաքապետը հույս հայտնեց, որ մարզիկները կկարողանան արժանվույնս հանդես գալ համազգային մարզական մրցումներում և բարձր ցուցանիշներ կապահովեն։ Այն իրողությունը, որ 7-րդ համահայկական խաղերի քաղաքների աշխարհագրությունն ու մասնակիցների թիվը նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճ է արձանագրել, վկայում է այն մասին, որ նախագիծը շուրջ երկու տասնյակ տարիների ընթացքում ոչ միայն կայացել է, այլեւ կատարում է կարեւոր առաքելություն՝ նպաստելով մեր երկրի մարզական կյանքի ակտիվացմանը, աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների միջեւ ամուր և հարազատական կապերի հաստատմանը, ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև Արցախի տնտեսության զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծմանը: Տեղեկացնենք նաև, որ այսօր Ասկերանի մարզադաշտում կկայանա ևս մեկ հանդիպում։ Ժամը 15-ին կհանդիպեն Արտաշատի և Տագանրոգի ֆուտբոլային թիմերը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |