ԱՐՏԱՇԱՏ - ՏԱԳԱՆՐՈԳ՝ 2։6
06.08.2019 18:35

Ասկերանի քաղաքային մարզադաշտում այսօր ժամը 15։00-ին երկրորդ ֆուտբոլային հանդիպումն էր Արտաշատի և Տագանրոգի թիմերի միջև։ Մինչ ֆուտբոլիստները մարզվում էին՝ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ու արվեստի դպրոցի սաները ազգային երգ ու պարով հաճելի պահեր և տոնական բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին։

Թիմերը խաղադաշտ դուրս եկան փոքրիկ ասկերանցիների ուղեկցությամբ։ Համահայկական խաղերի օրհներգը հնչելուց հետո թիմերի ավագները փոխանակվեցին վիմպելներով։

Հանդիպումը սպասարկող գլխավոր մարզիչ Գևորգ Ղազարյանի սուլիչն ազդարարեց խաղի սկիզբը։

Խաղի հենց սկզբնամասում Տագանրոգ թիմն աչքի ընկավ իր գեղեցիկ ու կառուցողական խաղով, ինչն էսթետիկական մեծ բավականություն էր պարգևում ֆուտբոլասերներին։ Եվ արդեն 20-րդ րոպեին թիմի ավագ Կարեն Խուջումյանը (համար 8) բացեց խաղի հաշիվը։ Երկու րոպե անց Արսեն Գասպարյանը (համար 15) կրկնապատկեց խաղի հաշիվը։ Խաղի 27-րդ րոպեին հաջողության հասավ 11 համարի ֆուտբոլիստ Դավիթ Շահումյանը՝  հաշիվը դարձնելով 0։3։  Այդ հաշվով էլ թիմերն ընդմիջման գնացին։

Տագանրոգ թիմի մամուլի քարտուղար Վալերի Ստեպանովի հետ զրույցում պարզեցինք, որ թիմը 4-րդ անգամ է մասնակցում Համահայկական խաղերին, իսկ նախորդ խաղերից բավականին հաջողություններ ունեն գրանցած։ Թիմը կայացած է, որի խաղացողների մեծամասնությունը Տագանրոգ քաղաքից են և Ռոստովի մարզի տարբեր թիմերում են հանդես գալիս։ Այն նախորդ խաղերում եզրափակչում էր հայտնվել, իսկ Տագանրոգի մինի ֆուտբոլի թիմը համահայկական խաղերի կրկնակի չեմպիոն է։ Թիմը գոյատևում է տեղի հայկական համայնքի և ԿՈԲԱՐՏ ընկերության շնորհիվ։ Խոսելով Արցախի մասին, Վալերի Ստեպանովը նշեց, որ առաջին անգամ 2015-ին է այցելել Արցախ և այժմ փոփոխություններն ուղղակի ահռելի են։ Նա նշեց, որ այն իսկական զբոսաշրջային երկիր է, և իր ծանոթներին հորդորում և խորհուրդ է տալիս անպայման այցելել Արցախ։

Նշենք, որ թիմերը բավականին ակտիվ և գոլառատ խաղ ցուցադրեցին։ Աշտարակցիները որոշ դրվագներում բավականին կոշտ էին խաղում, ինչի արդյունքում վերջիններիս երեք անգամ դեղին քարտ ցույց տրվեց։  Երկրորդ խաղակեսի 41-րդ րոպեին Ալեքսեյ Լիսենկոն խաղի հաշիվը դարձրեց 0։4։  Իսկ 57-րդ րոպեին 14 համարի մարզաշապիկով հանդես եկող Արթուր Ստեփանյանը գրավելով մրցակցի դարպասը հաշիվը դարձրեց 0։5։ Հաջորդ րոպեին Արտաշատի խաղացող Արամ Առաքելյանն իր թիմի հաշվին գրանցեց առաջին գնդակը։ Երկու րոպե անց մրցակից թիմի 9 համարի խաղացող Սերգեյ Հեյգեթյանը ևս մեկ գնդակ ուղարկեց աշտարակցիների դարպասը։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Աշտարակի 4 համարի խաղացող Նորիկ Հովսեփյանը հաշիվը դարձրեց 2։6։ Խաղն ավարտվեց Տագանրոգցիների համոզիչ հաղթանակով։

Տագանրոգ թիմի մարզիչ Կալին Ստեփանյանն իր գոհունակությունը հայտնեց համահայկական խաղերի կազմակերպիչներին՝ զուտ մարզական առումով։ Նրանք տեղավորվել են Քռասնու համայնքում և արդեն հաստատվել են լավ ու մտերիմ հարաբերություններ համայնքի ղեկավարի և դպրոցի տնօրենի հետ, ովքեր լավ ընդունելություն են կազմկերպել և հաջողությամբ լուծել նրանց կեցության հարցը։ Ինչի համար մարզիչն իր գոհունակությունը հայտնեց  համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանին։ Մարզիչը նշեց, որ վաղը շատ կարևոր ու պատասխանատու խաղ է սպասվում Ստեփանակերտի հետ, որի արդյունքում կորոշվի խմբի առաջատարը։ Իսկ որ արցախցի ֆուտբոլիտսները լավ են խաղում՝ համոզվեցին այսօրվա խաղի ժամանակ։

Ֆուտբոլային հաջորդ հանդիպումը Ասկերանի մարզադաշտում վաղն է՝ ժամը 10։00-ին՝ Սիդնեյի և Բեյրութի թիմերի միջև։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 




 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter