ԱՊԱՀՈՎԵԼ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿ |
31.07.2019 15:25 |
§Խաչենշին¦ ՓԲ ընկերությունը բավականին ակտիվ և բազմաբնույթ գործունեություն է իրականացնում շրջանի տարածքում և Ասկերան քաղաքում։ Թե ինչ աշխատանքներ են իրականացվել 2019 թվականի առաջին կիսամյակում և ինչ է նախատեսված մինչև տարեվերջ՝ տեղեկացանք ընկերության տնօրեն Արմեն Բախշիյանից։ -Պարոն Բախշիյան, ընթացիկ տարում ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել ընկերության կողմից։ - Ասկերան քաղաքում կատարվել է 75 վթարավերականգնողական աշխատանք: Շուրջօրյա ջրամատակարարումն ապահովելու համար Մուրացան փողոցի ներքին ցանցը փոխարինվել է նոր պոլիէթիլենային խողովակներով, 19 բաժանորդների համար տեղադրվել են դիտահորեր և ջրաչափական հանգույցներ: Իսկ Կամո, Մուրացան փողոցների բնակիչներին սնուցող ջրամատակարարման պոմպի էլեկտրական վահանակը փոխարինվել է նորով: Պարբերաբար կատարվում են միջհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ, իսկ ոռոգման և ջրամատակարարման աշխատանքները շարունակական բնույթ են կրում և մշտապես գտնվում են համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում։ Ն. Ստեփանյան դ1 և դ2 բազմաբնակարան շենքերում տեղադրվել են ծխաօդատար ուղիներ: Շահումյանի և Գագարինի փողոցներում տեղադրվել են հետիոտնային կանգառներ: Վերանորոգվել են Շահումյան փողոցի ավտոճանապարհի կողերի փլված պատերը: Կատարվել է Ասկերան քաղաքի Գագարինի փողոցում գտնվող կամրջի եզրաքարերի և մետաղե արգելափակոցների վերանորոգում և ներկում: Պարբերաբար կատարվում են Ասկերան քաղաքի փողոցների, հուշարձանների, խաղահրապարակների, մանկապարտեզի, պարսպի հարակից տարածքների խոտածածկույթի մաքրման, ծառերի ոռոգման և ձևավորման, ծաղիկների սածիլների տեղադրման, փխրեցման և ջրման, սանմաքրման և կանաչապատման, աղբարկղերի՝ քլորակրով ախտահանման աշխատանքներ: Կատարվել են Ասկերան քաղաքի Ն. Ստեփանյանի փողոցի կողնակների կոպիճապատման և հարդեցման, Մուրացանի, Կամոյի և Արցախյան փողոցների վերանորոգման աշխատանքներ: Քաղաքային հիվանդանոցի, Մյասնիկյանի փողոցի, Ն.Ստեփանյանի փողոցի համար 1 բազմաբնակարան շենքի շրջակայքի բարեկարգման և վերանորոգման, Նախիջևանիկի, Վարդաձորի, Սառնաղբյուրի համայնքների գյուղամիջյան ավտոճանապարհների վերանորոգման, Ասկերանի շրջանի Մ-2 Աստղաշեն - Պատարա ավտոճանապարհից 7000մ հատվածի վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ: Ընթացքի մեջ են Ասկերան քաղաքի Ն. Ստեփանյանի 1 եւ Շահումյանի 76 շենքերի մուտքերի աստիճանների բարեկարգման աշխատանքները: Նախատեսվում է Ստեփանյանի փողոցի նոր թաղամասի ջրամատակարարման ցանցի կառուցում, 15 բաժանորդների համար ջրաչափական հանգույցների և դիտահորերի տեղադրում: -Ընկերության տեխնիկական հագեցվածության մասին ի՞նչ կասեք։ - Ընկերության տեխնիկական միջոցները բավականին մաշված են, սակայն հիմնականում բավարարում են մեր առջև դրված խնդիրները կատարելու համար: Որոշ ծառայությունների տեմպերն ու որակը բարձրացնելու համար լրացուցիչ շինարարական տեխնիկական միջոցներ ձեռք բերելու անհրաժեշտություն կա։ - Համապատասխան մասնագետներով ապահովվա՞ծ եք և մարդկային ռեսուրսները բավարարո՞ւմ են ընկերության առջև դրված պարտականությունները ժամանակին և որակյալ կատարելու համար։ - Հիմնականում՝ այո։ Տեղին եմ համարում նշել, որ ունենք բավականին սրտացավ և եռանդուն երիտասարդներ, ովքեր մեծ պատասխանատվությամբ են կատարում հանձնարարված ցանկացած առաջադրանք։ Նրանց բարեխիղճ աշխատանքի շնորհիվ կարողանում ենք կատարել մեր առջև դրված խնդիրները։ - Վերջերս բուռն քննարկումների առարկա էր դարձել ընկերության ոռոգման ջրի համակարգը։ - Ոռոգման համակարգում դեռևս առկա խնդիրները, որոնք հիմնականում ի հայտ են գալիս գարնանացան մշակաբույսերի ոռոգման շրջանում, գտնվում են մեր ամենօրյա ուշադրության տակ: Պատճառները տարբեր են` Կարկառ գետի հովտում ջրամբարների բացակայություն, մշակաբույսերի ցանքսի ոչ ճիշտ պլանավորում, երբեմն նաև աշխատակիցների անբարեխիղճ վերահսկողություն, ջրանցքների վիճակ (հիմնականում հողային), համակարգում ջրաչափերի բացակայություն, երաշտային պայմաններ։ Սակայն հարկ եմ համարում նշել, որ բոլոր այս խնդիրներով հանդերձ ընթացիկ տարվա հուլիսի 31-ի դրությամբ շրջանում ոռոգվել է արդեն մոտ 4658 հա ցանքատարածություն, ինչը մոտ 1000 հեկտարով ավել է 2017- 2018թթ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: -Կա՞ն հանգամանքներ, որոնք խոչընդոտում են ընկերության գործունեությանը։ - Դեռևս՝ ոչ։ Մեզ, հիմնականում, հաջողվում է շրջանի իրավասու կազմակերպությունների հետ փոխհամագործակցության մթնոլորտում իրականացնել մեր առջև դրված խնդիրներն ու պարտականությունները։ -Պարոն Բախշիյան, ինչո՞վ է պայմանավորված ամռան շրջանում ջրի սակավությունը։ - Բնականաբար, բնակչության շրջանում ջրի պահանջարկի ավելացմամբ և իհարկե՝ երաշտով: Տեղին եմ համարում նշել, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ջրամատակարարում ենք իրականացնում ջրատար մեքենայով: - Ավելորդ եմ համարում շեշտելու ջրի կենսական նշանակության մասին, մանավանդ ամռան ամիսներին։ Ի՞նչ եք կարծում, հույս կա՞, որ առաջիկայում Ասկերանը շուրջօրյա ջրամատակարարում կունենա։ - Համոզված եմ, որ քաղաքի հին ջրագծերի փոխարինման և ամբողջությամբ ջրաչափերի տեղադրման պարագայում կունենանք շուրջօրյա ջրամատակարարում: Խոսելով ընկերության գործունեության և մատուցած ծառայությունների մասին, Արմեն Բախշիյանը նշեց, որ ընկերության տնօրենի պաշտոնը ստանձնելուց ի վեր ձգտել է իր գործունեությունը կազմակերպել մատուցվող ծառայությունների որակի պատշաճ մակարդակն ապահովելու և արդարություն պահպանելու սկզբունքներով։ Իհարկե, բազմաբնույթ գործունեություն է իրականացնում ընկերությունը, և զերծ չեն նաև հիմնախնդիրներից, սակայն լավատեսորեն են նայում ապագային։ Հուսանք, որ ընկերության տեխնիկական բազան կթարմացվի, ինչը տեխնիկական սպասարկումը բարեխղճորեն իրականացնող բանվորների աշխատանքի արդյունքն ակնառու կդարձնի, կատարված աշխատանքը՝ ավելի որակյալ... Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
|