ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՏՈՆ |
07.08.2019 16:07 |
Այսօր մարդաշատ էր Ասկերանի քաղաքային մարզադաշտը, որտեղ տեղի ունեցավ համահայկական 7-րդ խաղերի շրջանականերում ֆուտբոլային հանդիպումը Սիդնեյ և Բեյրութ թիմերի միջև։ Մարզադաշտի մուտքի մոտ Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը համազգային կարևորության տոնը խորհրդանշող ցուցահանդես էր կազմակերպել, իսկ մարզադաշտում հնչում էր հայկական ազգային երգն ու երաժշտությունը։ Մարզադաշտի մուտքի մոտ թիմերին ընդունեցին ավանդական զուռնա - դհոլով։ Ակտիվ էին տրիբունաները, այստեղ էր ասկերանցի ֆուտբոլասեր հասարակությունը, թիմերի երկրպագուները, որոնց ակտիվ վանկարկումներով թիմերը մարզադաշտ դուրս եկան։ Առաջին խաղակեսն անցավ սիդնեյցիների որոշակի առավելությամբ։ Եվ արդեն 15-րդ րոպեին հաշիվ բացված էր ի օգուտ Սիդնեյ թիմի։ Համառ և անզիջում էր պայքարը, սակայն սիդնեյցիներին հաջողվեց առաջին խաղակեսն ավարտել 2։0 հաշվով։ Նշեմ, որ 25-րդ րոպեին Սիդնեյի դարպասապահ Ռիչարդ Սարգիսը կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից։ Մնալով 10 հոգով սիդնեյցիները կարողացան ևս մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Գոլի հեղինակ դարձավ Արեն Սիմոնյանը։ Երկրորդ խաղակեսում խաղի նախաձեռնությունն անցավ բեյրութցիներին, ովքեր 50-րդ րոպեին վաստակեցին 11 մետրանոց հարվածի իրավունք, որը հստակորեն իրացրեց 7 համարի խաղացող Վարդան Սարգսյանը։ Խաղի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած 3 րոպեների վերջին վայրկյաններին Բեյրութցիները հաշիվը կրճատեցին ևս մեկ գնդակով։ Գոլի հեղինակ դարձավ Պարույր Կույումջյանը։ Խաղն ավարվտեց սիդնեյցիների հաղթանակով։ Մեզ հետ զրույցի ընթացքում Բեյրութի ֆուտբոլային թիմի մարզիչ Վաչե Սարկիսյանը նշեց, որ գոհ է տղաների ցուցադրած խաղից, քանի որ թիմի կազմում բավականին թվով երիտասարդներ են խաղում, ովքեր մեծ խանդավառությամբ են Հայրենիք եկել։ Իսկ ընդհանուր առմամբ համահայկական խաղերին մասնակցելն իրենց համար առաջին հերթին աշխարհասփյուռ հայերի հետ մայր Հայրենիքում հանդիպելը, ծանոթանալն ու ի լուր աշխարհի հայտարարելն է, որ հայը մնում է հայ որտեղ էլ որ նա ապրելիս լինի։ Սիդնեյի երկրպագուների շարքում ուշադրություն էին գրավում փոքրիկ Լիանան ու Սելինան, ովքեր կտրելով հազարավոր կիլոմետրեր, եկել էին մայր Հայրենիքում իրենց հայրիկի խաղը դիտելու։ Տիկին Սուզանը սրտի թրթիռով էր դիտում 10 համարի մարզաշապիկով խաղացող Արամիկ Թովմասեանի խաղը։ Պարզվեց, Արամիկը դեռևս պատանեկության տարիներից է մասնակցում համահայկական խաղերին։ 2015-ին նույնպես ընտանիքով ուղեկցում էին ամուսնուն, սակայն սահմանափակվեցին միայն Հայաստանով։ Այս անգամ Արցախում ներկա գտնվելով այսպիսի շքեղ և բացման հանդիսավոր արարողակարգի՝ ուղղակի հիացած են Արցախով։ Փոքրիկները տպավորված էին հատկապես Մենք ենք մեր սարերը հուշարձանով։ Սուզանը կիսվելով Արցախում ստացած վառ տպավորություններով, նշեց, որ իրենց ընտանիքում ամուր են դրված հայկականը պահելու, պահպանելու և փոխանցելու ավանդույթները։ Երկու աղջիկներն էլ հաճախում են հայկական շաբաթօրյա դպրոց։ Իսկ համահայկական խաղերի խորհուրդը նաև սպորտի միջոցով մեր համախմբվածությունը, միասնականությունն ու միաբնությունն աշխարհին ի ցույց դնելն է։ Ասկերանի մարզադաշտում ավարտվեցին համահայկական 7-րդ խաղերի շրջանակներում անցկացվող խաղերը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |