ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է |
08.08.2019 14:57 |
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը օրհնել է տոնախմբության մասնակիցներին՝ հնչեցնելով Տերունական աղոթքը։ Տոնախմբության մասնակիցներին ողջունել է Նախագահ Բակո Սահակյանը։ Նախագահը կարևորել է Համահայկական խաղերի անցկացումը, քանզի դրանք սովորեցնում են մեզ նաև ազգովի հաղթանակներ տոնել։ Բ. Սահակյանը խաղերի մասնակիցներին մաղթել է, որպեսզի նրանք իրենց Աստվածատուր շնորհը ծառայեցնեն հանուն հայ ժողովրդի ու հայկականության պահպանմանը։ Համահայկական 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունն Արցախում անցկացնելն ու տարբեր մայրցամաքներից ժամանած մեր հայրենակիցներին պատմական Հայրենիքում այսպիսի ջերմ ու անմիջական մթնոլորտում ընդունելը վերջիններիս մոտ թողել են ամենալուսավոր, անմոռանալի ու աննկարագրելի տպավորություններ, որոնցով նրանք կիսվեցին մեզ հետ.
Աշոտ Կիրակոսյան - Կոտայքի մարզ. - Հոյակապ միջոցառում է կազմակերպվել, որի ժամանակ հավաքվում, ծանոթանում ենք տարբեր տեղերից ժամանած մեր հայրենակիցների հետ։ Եվ ես կցանկանայի, որ ոչ թե 4 տարին մեկ, այլև 2 տարին մեկ կազմակերպվեին Համահայկական խաղերը։ Հայի ուժը, համախմբվածությունը, միասնականությունը մեր հաղթանակի գրավականներն են։ Արմեն Արմենակյան - մարզիչ, Կոտայքի մարզ - 1999թ. Համահայկական խաղերի բրոնզե մեդալակիր եմ, այժմ փորձելու ենք նվազագայունն այդ տիտղոսին հասնել, թե ինչպես կստացվի ցույց կտա խաղերի ընթացքը։ Արցախում ենք խաղերի բացմանը մասնակցելու համար։ Ասեմ, որ կազմակերպչական մասը շատ բարձր մակարդակի վրա է։ Մեր վաղվա հաղթանակն այսօրվա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է։ Սերոբ Տեկիրմենճեան - Բեյրութ - Մեզ համար պատիվ է Սփյուռքից գալ ու մասնակցել Համահայկական խաղերին։ Շատ ուրախ և հպարտ ենք, որ Ստեփանակերտում ենք։ Համարում ենք, որ հասել ենք մեր նպատակին, քանի որ գտնվում ենք այս սուրբ հողի վրա։ Ստեփանակերտում առաջին անգամ եմ և ինձ զգում եմ հարազատների շրջապատում, իսկ հայկական երգն ու երաժշտությունը մեզ աննկարագրելի լիցքեր են հաղորդում։ Լևոն Կարագյոզյան - Եգիպտոս - Շատ տպավորված ու ուրախ ենք, անկեղծ ասած չէինք պատկերացնում, որ այսպիսի հրաշալի միջոցառում կկազմակերպվի։ Հպարտ ենք, որ հայ ենք և որ այս երկիրը մերն է։ Տիկինս, որ առաջին անգամն է Հայաստանում և Արցախում ուղղակի զարմացած է ու անչափ գոհ, քանզի մտքովն անգամ չէր անցնում, որ Հայաստանն ու Արցախն այսպիսին են։ Այս ամենը մեզ համար հպարտություն է։ Այստեղ գտնվելը մեծ երազանք է և շատերն են երազել այստեղ գտնվել։ Արցախում ենք 210 պատվիրակով, ևս 50 հոգի ժամանել են Երևան։ Շնորհակալություն բոլորին այսպիսի մեծ ջանքեր թափելու և այսքան թվով հայեր մեկտեղ հավաքելու համար։ Ամեն ինչ գերազանց է։ Վարձքերդ ի կատար։ Բրավո։ Հովիկ Մակարյան -Եգիպտոս. -Տպավորված ենք բացման արարողությամբ։ Ամեն ինչ հոյակապ էր կազմակերպված։ Առաջին անգամ ենք Արցախում և տպավորված ենք նրա հրաշագեղ բնությամբ և անչափ մարդամոտ, հյուրասեր մարդկանցով։ Իրավ, մեծ ուրախություն է այսքան հայերով հավաքվելը։
Կարեն - ՌԴ Տագանրոգ. - 1997 թվականից Տագանրոգում եմ ապրում։ Մինչ այդ Երևանում էի բնակվում՝ Եռաբլուր պանթեոնի հարևանությամբ, որտեղ և մինչ օրս պահպանվում է իմ պապենական տունը։ Մեծացել եմ ֆիդայիններին ջուր տալով, ու ամեն մի զոհը տեսնելով։ Միշտ ակնածանքով էի նայում Եռաբլուր-սրբավայրին, որտեղ ամփոփված են մեր ազգի հերոսների աճյունները։ Այժմ մեր թիմով այդ տանն ենք մնում։ Եվ դա է պատճառը, որ թիմը շատ ուժեղ է խաղում, քանզի մեր ֆիդայինները մեզ ուժ ու ոգի են տալիս ու հզորացնում։ Թիմի անդամներից և ոչ մեկը չի եղել Արցախում, և շատ տպավորված ենք, սակայն ժամանակի սղության պատճառով չկարողացանք լինել տեսարժան վայրերում։ Եվ գուցե լավը հենց դա է, քանի որ այժմ մտածում ենք, որ հաջորդ անգամ որպես զբոսաշրջիկներ գանք ու վայելենք Արցախը։ Ապրիլյան պատերազմի օրերին քեռիներս Տագանրոգի հայերի հավաքած օգնությունն Արցախ են հասցրել։ Եվ երեք տարի հետո այստեղ գտնվելով քեռիս, ով մեր թիմի պետն է, զարմացած է այսպիսի ահռելի փոփոխություններով։ Այն ժամանակ իմ Արցախ գալը չստացվեց, ու այժմ այստեղ գտնվելով հասկացա օտարերկրյա լրագրողների գրառումներն Արցախի մասին, որ այստեղ եկողը կարող է համոզվել, որ կյանքում Արցախի հողերը չեն վերադարձվի Ադրբեջանին։ Արցախի ժողովուրդն ամեն ինչ տեսած ժողովուրդ է, բարի, հասկացող, նվիրված, հյուրասեր։ Շնորհակալություն ենք հայտնում Արցախի ժողովրդին, Ասկերանի շրջանի ղեկավարությանն ու հատկապես Քռասնու համայնքի ղեկավար Կարենին, դպրոցի տնօրեն Դավիթին, Տիգրանին։ Մենք միասին պետք է պայքարենք մեր մեծ, միասնական Հայրենիքը կերտելու համար, ու այդ գործում մեծ դերակատարություն ունեն Համահայկական խաղերը։
Դժվար է պատկերացնել, որ աշխարհի մեկ այլ ուրիշ ազգ կարող է այսպիսի համազգային տոն կազմակերպել։ Թերևս, Համահայկական խաղերի անցկացման կարևորությունն ու անհրաժշտությունը խտացված է Չարենցի հանճարեղ խոսքերում՝ Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
|