ՀՐԱԺԵՇՏ՝ ԿՐԿԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ |
03.08.2019 15:11 |
ՀՅԴ երիտասարդական միություններ են գործում Արցախում, Հայաստանում և արտասահամանյան մի շարք երկրներում, մասնավորապես` Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Կանադայում, Կիպրոսում, Հունաստանում և այլուր: Այդ բոլոր երկրների Երիտասարդական միությունների փոխհամագործակցությամբ կազմակերպվում են բազմապիսի բարեգործական, ազգանպաստ միջոցառումներ, որոնք միայն մի նպատակ են հետապնդում. երիտասարդ սերունդներին ավելի մոտեցնել հայոց պատմությանը, ծանոթացնել Դաշնակցության հետ և այնպես անել, որ վաղվա երիտասարդությունն ավելի ազգանվեր ու հայրենասեր լինի: Ամերիկայի արևմտյան շրջանի և Արցախի ՀՅԴ Երիտասարդական միությունների համատեղ ջանքերով Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում հուլիսի 22-ից մեկնարկեց պատանեկան ճամբար, որտեղ հաճախում էին շրջկենտրոնից և հարակից բնակավայրերից 9-ից 16 տարեկան 150 երեխա: Նրանց հետ աշխատում էին ԱՄՆ-ի արևմտյան շրջանից ժամանած 18 երիտասարդներ՝ պատասխանատու ընկեր Արամի գլխավորությամբ: Խումբն առաջնորդվում էր հատուկ ծրագրով, որում ընդգրկված էին երգի ուսուցման, անգլերենի, ինչպես նաև հայոց պատմության դասընթացներ: Անցկացվում էին նաև մտային խաղեր, մարզանք, սպորտային մրցույթներ: Ինչպես նշում են ճամբարի կազմակերպիչները՝ ճամբարի նպատակը ոչ միայն երեխաների ամառային հանգիստը բազմաբովանդակ կազմկերպելն է, այլև Արցախ - Սփյուռք կապերի, ազգային ավանդույթների ամրանդմանն է ուղղված, նրանց կազմակերպվածություն, ընկերասիրություն և կարգապահություն սովորեցնելը։ Այդպիսով յուրաքանչյուրը յուրովի մասնակցում է Արցախ աշխարհի շենացմանն ու բարգավաճմանը, քանզի քաջ գիտակցում է, որ դա է հզոր հայրենիք կերտելու ճշմարիտ ճանապարհը։ Ճամբարականները մեծ սիրով են ճամբար հաճախում և այդ օրվան սպասում են սրտատրոփ: Ուրախալի է, որ ուսումնական տարին ավարտելուց հետո դպրոցականներից հաճախակի էինք լսում՝ լինելու է այս ամառ ճամբար, թե ոչ, Լիբանանից են գալու, թե ԱՄՆ արևմտյան շրջանից: Ինչ խոսք սփյուռքահայ երիտասարդները սպասված և սիրված էին պատանի ասկերանցիների համար… Ակնհայտ էր, որ Սփյուռքից ժամանած մեր երիտասարդներին հաջողվել է երեխաների ամառային հանգիստը բովանդակալից, հետաքրքրաշարժ կազմակերպել, նրանց մեջ սերմանել հայրենասիրական վեհ զգացմունքներ, ամրապնդել հայի պահանջատիրական ոգին: Երեխաները գիտակցում էին, որ հայ ազգի ձայնը պետք է լսելի դառձնեն ողջ աշխարհին՝ պահանջելով Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչումը: Շփվելով Սփյուռքահայ երիտասարդների հետ՝ ավելի համոզվեցինք նրանց ընդգծված հայրենասիրության մեջ: Նրանք այնքա՜ն հպարտ էին, որ հայ են և այսօր գտնվում են Արցախի սուրբ հողի վրա, որտեղ այնքա՜ն անելիքներ ունեն անելու: Նրանց քաղցրահունչ արևմտահայերենը ավելի մտերմիկ էր դարձնում մեզ: Երիտասարդները, ովքեր 18-ից 22 տարեկան էին, մտածում էին հայերեն, խոսում էին հայերեն: <<Արցախը շատ գողտրիկ և անուշ երկիր է՝ իր չքնաղ և հեքիաթային բնությամբ: Մենք զմայլված ենք արցախցու հյուրասիրությամբ և բարությամբ: Այստեղ մենք ապահով և շատ ազատ ենք զգում մեզ, քանզի՝ հայության մեջ ենք, հարազատներով շրջապատված: Երեխաները շատ խելացի ու անաղարտ են, թեև՝ մի փոքր չարաճճի: Գոհ ու շնորհակալ ենք տեղի իշխանություններից, Արցախի ՀՅԴ ԿԿ-ից, ՀՅԴ Երիտասարդական միությունից և Ասկերանի շրջանային կառույցից, քանզի առանց նրանց աջակցության և փոխհամագործակցության հնարավոր չէր լինի այսպիսի մեծ գործ իրականացնել>>,-իր տպավորությունները մեզ հետ կիսեց ընկեր Արամը, երբ ընկերների հետ եկել էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի հետ հանդիպման: Օգոստոսի 2-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի բակում ճամբարի փակման հանդիսավոր արարողություն էր: Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչներ, ասկերանցիներ: Բացման խոսքով հանդես եկավ Ամերիկայի արևմտյան շրջանից ժամանած երիտասարդական խմբի ղեկավար Արամ Մանուկյանը. -Այս երկու շաբաթների ընթացքում մենք մեծ սիրով աշխատեցինք արցախցի փոքրիկների հետ, մոտիկից շփվեցինք և ծանոթացանք նրանց նախասիրություններին: Ինչքան կարողացանք, նրանց մեջ հայրենասիրությունն էլ ավելի ամրապնդեցինք և այսօր ձեր դատին ենք ներկայացնելու երգերի մրցույթը: ՀՅԴ Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչ Ալյոշա Գաբրիելյանն իր խոսքում ասաց. -Արդեն բարի ավանդույթ է դարձել ՀՅԴ ուսանողական միությունների կողմից ճամբարների կազմակերպումը: Բարի առաքելությամբ տարբեր տեղերից տասնյակ երիտասարդներ այցելում են Արցախ և մեր երեխաների համար ամառային հանգիստ կազմակերպում: Նրանք դա անում են իրենց սեփական եկամուտների միջոցով, ինչին մենք տալիս ենք բարձր գնահատական: Այս ճամբարը մեր միասնականության արտացոլումն է, որի պտուղները հետագայում ենք տեսնելու: Արդյունքում ունենալու ենք արժանի սերունդ, ով տեր է լինելու մեր հայրենիքին: Կեցցե՛ք դուք, սիրելի երիտասարդներ, շնորհակալություն այս հայրենանվեր գործի համար: ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ Սերգեյ Շահվերդյանի ելույթը հպարտությամբ էր շաղախված: <<Այս ամառ Արցախի չորս շրջաններում ՀՅԴ Ամերիկայի արևմտյան շրջանի, Լիբանանի և Արցախի ՀՅԴ Երիտասարդական միությունների միջոցներով կազմակերպվել են ճամբարներ: Բարի նախանձով եմ նայում այս ծրագրերին և ափսոսում, որ մենք այսպիսի հնարավորություններ չունեինք: ՀՅԴ ԿԿ-ի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր երիտասարդներին այսպիսի նախաձեռնությունների համար>>,-ասաց Ս. Շահվերդյանը: Ճամբարականները, որոնք բաժանվել էին երեք խմբերի՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն, հանդես եկան երգի մրցույթով: Հայրենասիրական երգերի շարանը մեծ ոգևորություն առաջացրեց ներկաների մոտ, յուրաքանչյուրը պատվեց հայրենի հողի հանդեպ մեծ սիրով և պարտքի զգացումով: Հաղթող ճանաչվեց ծիրանագույնների խումբը, իսկ կարմիրներն ու կապույտները կիսեցին երկրորդ տեղը: Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանն իր տպավորությունները կիսեց ներկաների հետ: Նա հայրենասիրության անգնահատելի դաս համարեց այս ճամբարը, քանզի այս 10 օրերի ընթացքում երեխաները մեծ հայրենասերներ դարձան: Դպրոցի տնօրենը ծնողների և ուսուցիչների կողմից շնորհակալություն հայտնեց ճամբարի կազմակերպիչներին: Վերջում ճամբարի բոլոր մասնակիցները միասին նկարվեցին և իրար հրաժեշտ տվեցին՝ հաջորդ տարի կրկին հանդիպելու մեծ հույսերով: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |