ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԵՏ |
18.08.2019 18:02 |
Շրջվարչակազմի ղեկավարը նախ շնորհավորեց թեկնածուներին առաջադրվելու ու Արցախի Հանրապետության Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի կողմից գրանցվելու կապակցությամբ։ -Կոչ եմ անում և պահանջում քարոզարշավն անցկացնել հանդուրժողականության մթնոլորտում՝ պահպանելով փոխադարձ հարգանք, կոռեկտ վերաբերմունք: Հավաստիացնում եմ, որ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու և քաղաքացիների իրավունքներն ապահովելու համար բոլորը գործելու են օրենքների շրջանակներում, և անօրինական վարքագիծ դրսևորած անձանց նկատմամբ ամբողջ խստությամբ կիրառվելու են ԱՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները։ Դրական եմ գնահատում գործող համայնքների ղեկավարների և ավագանու անդամների աշխատանքը և շնորհակալություն եմ հայտնում ՏԻՄ բոլոր այն ղեկավարներին ու ավագանու անդամներին, ովքեր ունենալով ընտրվելու իրավունք, չեն առաջադրվել և որոշել են քաղաքական մրցապայքարի հարթակը թողնել մյուս թեկնածուներին։ Տեղեկատվությամբ հանդես եկավ Ասկերանի ՏարԸՀ նախագահ Կարեն Միրզոյանը: -Ինչպես տեղյակ եք, 2019 թվականի սեպտեմբերի 8-ին շրջանի 42 համայնքներում կանցկացվեն համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ: ԿԸՀ ժամանակացույցի համաձայն 2019 թվականի օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 9-ը շրջանի 42 համայնքներում ինքնաառաջադրվել և գրանցվել է համայնքի ղեկավարի 83 թեկնածու: Կուսակցական պատկանելիությամբ թեկնածուներից 20-ը <<Ազատ Հայրենիք>> կուսակցության, 4-ը՝ Արցախի Ժողովրդավարական կուսակցության, 1-ը՝ ՀՅԴ կուսակցության, 1-ը՝ Կոմունիստական կուսակցության, 1-ը՝ <<Սասնա ծռեր>> Արցախյան կուսակցության անդամներ են, իսկ 56-ն՝ անկուսակցական: Առաջադրված թեկնածուներից 32-ը համայնքների գործող ղեկավարներ են: Շրջանի 42 համայնքներում ինքնաառաջադրվել է ավագանու անդամի 228 թեկնածու: Ավագանու անդամի 4 թեկնածու առաջադրել է ԱՀ Կոմունիստական կուսակցության կողմից: Կուսակցական պատկանելիությամբ՝ 34-ը <<Ազատ Հայրենիք>> կուսակցության անդամներ են, 7-ը՝ Արցախի Ժողովրդավարական կուսակցության, 6-ը՝ Կոմունիստական կուսակցության, 3-ը՝ ՀՅԴ կուսակցության, իսկ 182-ն՝ անկուսակցական են: Համայնքի ղեկավարի 2 թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել մինչև գրանցումը, իսկ համայնքի ղեկավարի 1 թեկնածու՝ գրանցումից հետո: Օգոստոսի 14-ին շրջանի բոլոր համայնքներում կազմավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովները, ընտրվել են նախագահ, տեղակալ, քարտուղար: ՏԸՀ առաջին նիստերին մասնակցել են նաև ՏարԸՀ անդամները: Հավաստիացնում եմ, որ Ասկերանի ՏարԸՀ-ն կձեռնարկի ամեն մի հնարավորը, որպեսզի ԱՀ հերթական ՏԻՄ ընտրությունները շրջանում անցնեն պատշաճ մակարդակով, և վստահ եմ, որ այս ընտրությունները կազմակերպչական առումով, ժողովրդավարության չափորոշիչներին համաձայն ևս մեկ քայլ առաջ կլինեն, քան նախորդ ընտրությունները,-շեշտեց Կարեն Միրզոյանը: Դե ինչ, արդար մրցապայքար և հաջողություններ մաղթենք ՏԻՄ ընտրությունների բոլոր թեկնածուներին: Թող քարոզարշավն ու ընտրություններն անցնեն հանգիստ, ազնիվ, փոխըմբռնման մթնոլորտում և ժողովրդի կողմից ընտրված համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամներն աշխատեն արդարացնել բոլորիս հույսերը և հետագայում գործեն միայն ու միայն ի շահ մեր ժողովրդի և Արցախ աշխարհի հզորացման… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |