ԱՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՆՉՈՎ |
20.08.2019 11:22 |
Հայրենիքը մեծագույն արժեք է, իսկ հայրենասիրությունը սրբազան զգացողություն։ Հայրենասիրությունը մարդու արյան մեջ է, որը արմատավորվելով՝ ուղեկցում է նրան ողջ կյանքի ընթացքում։ Եվ պատեհ առիթ է պետք, որպեսզի այն նորովի բռնկվի՝ բոցավառելով սիրտ ու հոգի։ Արմատների կանչը ոչ քիչ թվով մարդու է Հայրենիք բերել։ Քանզի չկա ավելի քաղցր զգացողություն, քան կանգնել այն հողի վրա, որտեղ ծնվել, ապրել, պայքարել, մաքառել, կյանք ու կռիվ են տվել քո նախնիները։ Ասում են, հայրենասիրությունը նաև նախնիների հիշատակը վառ պահելն է։ Ու որտեղ էլ գտնվելիս լինես, աշխարհագրական քարտեզի որ անկյունում, այդ սրբազան զգացողությունը քեզ կբերի Հայրենիք, քանզի արյան կանչը սաստիկ ուժեղ է... Արյան կանչով օրերս Ասկերանում էին Դահրազ գյուղի բնակիչների հետնորդներ՝ արգենտինաբնակ Կարինե Գիրգորյանն ու Հայաստանի Հանրապետության ԳԱԱ գիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Նոնա Շահնազարյանը։ Նրանց ընդունել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։ Ծավալվել է երկուստեք անմիջական զրույց, որի ընթացքում Կարինեն և Նոնան ցանկություն են հայտնել գնալ իրենց պապական գյուղ՝ Դահրազ, գտնել հարազատների տները՝ դրանք վերանորոգելու ակնկալիքով։ Եվ ահա համայնքի ղեկավար Գարիկ Ալեքսանյանի ուղեկցությամբ նրանք ճանապարհվեցին հայրենի գյուղ։ Տոթակեզ արևն ու խորթուբորդ ճանապարհներն արգելք չհանդիսացան հազարավոր կիլոմետրեր կտրած-անցած մեր հայրենակիցներին լինելու իրենց պապերի կառուցած գյուղում։ Որտեղ որ մեքենան անզոր էր անցնել, ոտքով քայլեցին, ճանապարհին զմալյվելով չքնաղ բնությամբ, համտեսելով անուշահամ մոշն ու ըմպելով անմահական, սառնորակ աղբյուրի ջուրը։ Եղան գյուղի եկեղեցում, աղոթք մրմնջացին առ Աստված՝ պահպանիչն ու ապավենը լինել հայ ժողովրդի, որպեսզի Հայրենիքի կարոտը և ոչ մի հայի սրտում չմնա։ Արահետները հետզհետե նեղանում ու անհետանում են։ Ո՞վ գիտե, վերջին անգամ ո՞վ է այս կածաններով քայլել, որոնք տանում է դեպի Սումանց և Շահնազարանց գերդաստանների տները։ Կար ժամանակ, կյանքը գյուղում եռում էր, ամռան ամիսներին քաղաքներից գալիս էին հովեկները, վայելում հարազատ գյուղի մաքրա-մաքուր օդն ու անեղծ բնության բարիքները։ Նոնա Շահնազարյանի, ով Արցախում էր ամուսնու ուղեկցությամբ, հիշողություններում դեռևս վառ են պապիկի տան ամեն մի անկյունը։ Փոքր ժամանակ հաճախ էին գյուղում լինում, հաճախում Սումանց աղբյուր, Հռիփսիմեի կտուր, հավաքում բնության շռայլորեն պարգևած բարիքները՝ մոշ, հոն, ուրց... -Այդ տարիներին կյանքն այստեղ շատ կենսունակ էր, աշխուժություն էր տիրում գյուղում։ Այստեղ ահա թութն էինք թափ տալիս, այստեղ դոշաբ եփում։ Իսկ ահա այստեղ ընկել եմ, սակայն ցավը դեռ հիմա եմ զգում, ցավ այն բանի համար, որ ահա այս աստիճանները, որտեղով իմ նախնիներն են քայլել, այժմ խոտածածկ են։ Այս ամենը տեսնելով սիրտս մղկտում է։ Ու ես մեծ մուրազ ունեմ՝ պապենական տունս վերականգնելու։ Պատկերացնում եմ հայրս ոնց կուրախանար, իմանալով որ հայրական օջախի ծուխը կրկին վեր է բարձրանում,- ասում է Նոնան ու հավելում, որ սա իր 3-րդ այցն է Արցախ։ Առաջին անգամ հետպատերազմյան Արցախում եղել է 2001-ին, ապա 2013-ին։ Այս անգամ հստակ նպատակով է այստեղ՝ վերականգնել պապական տունը, ինչը կլինի արժանի գնահատական իր նախնիներին, և գուցե նաև օրինակելի և հայրենապահպան քայլ՝ մյուսների համար։ Բուենոս Այրես - Կրասնոդար - Արցախ. երկար ճանապարհ է անցել Կարինե Գրիգորյանն իր որդու հետ Հայրենիք հասնելու համար։ -Սրտի անհուն թրթիռով եմ կանգնած այս հերոսական հողի վրա, և շուրջս ամեն ինչ խորհրդավոր է։ Իհարկե, ցավալի է այս ավերակները տեսնել, սակայն ուրախ եմ, որ իմ պապերի հողի վրա եմ գտնվում։ Զգացողություններս խառն են. մի կողմից ուրախ եմ, որ գոնե այս պատերը կան, որ այստեղ հայեր են ապրում ու այս տարածքները հայկական եղել, մնում ու այժմ էլ գտնվում են հուսալի ձեռքերում։ Ուրախ եմ, որ այստեղ ինձ հետ են իմ ընկերները, իմ տղան, ով և ժառանգորդը կհանդիսանա այս ամենի։ Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի վերականգնել իմ նախնիները տունը։ Իսկ դատելով տան ամուր հիմքից, միանգամայն հասկանալի է դառնում, որ պապիկս ոչինչ չի խնայել ամուր տուն կառուցելու համար։ Մյուս կողմից, հուզմունքը պատել է ինձ, իսկ Հայրենիքի կարոտը բառերով բացատրելու, փոխանցելու զգացմունք չէ։ Ես իմ Հայրենիքում եմ, իմ տանը, ու չկա ավելի ուժգին զգացողություն, քան իմանալ, որ դու քո տանն ես, շրջապատված սիրելիներով։ Եվ ես լիահույս ու վստահ եմ, որ ես այստեղ ապրելու եմ։ Ու տա Աստված, որպեսզի այստեղ ապրեն նաև իմ թոռները...,- հուզմունքը մի կերպ թաքցնելով ասում է Կարինեն։ Հանդիպելով նման մարդկանց, մեկ անգամ ևս համոզվում ես, որ ինչքան էլ մարդն ապրի, արարի օտար ափերում, միևնույն է նրա սիրտն ու հոգին Հայրենիքում են։ Թող կարոտն առ Հայրենիք երբեք չմարի նրանց սրտերում, թող միշտ հիշեն, և օրերից մի օր վերադառնան Հայրենիք։ Քանզի օտար հողը Հայրենիք չի դառնա, և օտար հողում միայն ներկան է, իսկ անցյալն ու ապագան` Հայրենիքում: Մեր հերոսների կյանքն անցյալի ու ապագայի խաչուղիներում է, ու նրանք երբեք չմոռանալով անցյալը, փորձում են կերտել ապագան իրենց նախնիների հերոսական հողում։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|