ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
21.08.2019 17:59

Օգոստոսի 20-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն, որին ներկա էր Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հ. Ղահրամանյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը, փոխնախարար Մ. Համբարձումյանը, գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յու. Քարամյանը, շրջանի ուսումնական հաստատությունների տնօրեններ,  փոխտնօրեններ , ուսուցիչներ։

Ողջունելով ներկաներին Հակոբ Ղահրամանյանը կարևորել է կրթության և գիտության դերը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում, և այդ վեհ գործում ուսուցիչների անփոխարինելի դերն ու նշանակությունը։

2018-19 ուսումնական տարում շրջանի հանրակրթական ուսումնական հաստատություններում արձանագրված հաջողությունների և բացթողումների մասին զեկույցով հանդես եկավ վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը։

Ուսումնական տարին բարենպաստ էր հաջողությունների, ձեռքբերումների առումով: Գաղտնիք  չէ, որ դպրոցականների առարկայական օլիմպիադայի նպատակը  շարունակում է մնալ սովորողների աշխատասիրության, բարձր  պատասխանատվության, համակողմանի  զարգացման  առաջնայնության ապահովվումը: Այս առումով ձեռքբերումները ոգևորիչ են, քանի որ շրջանը   օլիմպիադայի արդյունքներով հանրապետությունում առաջատար է, ինչը, ըստ կրթության և սպորտի բաժնի վարիչի և՛ պատիվ է, և՛ մեծ պատասխանատվություն։

Հաշվետու ժամանակաշրջանում 13 առարկաներից օլիմպիադային մասնակցել է ավելի քան  390  աշակերտ, որոնցից լավագույն արդյունքներ գրանցած 67 աշակերտ մասնակցել է օլիմպիադայի հանրապետական  փուլին: Հայաստանի Հանրապետությունում կայացած եզրափակիչ փուլին մասնակցած 30 աշակերտից 11-ը գրավել են մրցանակային տեղեր։ Դրանցից 9-ը ստացել են I, II, III կարգի դիպլոմներ, իսկ 5-ը` գովասանագրեր: Արժե նշել, որ օլիմպիադաներում նման բարձր արդյունքներն ապահովում են հիմնականում Ակնաղբյուրի, Սզնեքի, Ասկերանի, Իվանյանի,    Պատարայի, Նորագյուղի, Նախիջևանիկի  դպրոցականները:

Խոսելով ուսումնական հաստատությունների շենքային պայմաններից Կ. Մայիլյանը նշեց, որ ընթացքի մեջ են Ավետարանոցի միջնակարգ դպրոցի ծածկի և պատուհանների փոխման աշխատանքները, իսկ Նախիջևանիկի, Խնապատի, Խրամորթի դպրոցներում նախատեսված են իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ։ Խնածախում և Սղնախում կկառուցվեն դպրոցական նոր շենքեր, իսկ Այգեստանում նախատեսվում է կառուցել մանկապարտեզի նոր շենք։ Շոշում և Աստղաշենում արդեն իսկ կառուցվել են նախակրթարաններ, որոնք համալրվել են անհրաժեշտ գույքով։

ԿԳՍՆ ԳԹԿ-ի  կողմից արտաքին ընթացիկ ստուգումների արդյունքները գոհացուցիչ չեն։  Այսպես, 2018թ. նոյեմբերի 28-ի արտաքին ընթացիկ գնահատումների արդյունքներով 778 աշակերտներից անբավարար են ստացել 136-ը: 593 աշակերտ ստացել է 4-8 միավոր: 9 և10 միավորներ են հավաքել 49 աշակերտ: Իսկ ընթացիկ տարվա ապրիլի 12-ի գնահատումների արդյունքներով 448 աշակերտից 78-ը ստացել են անբավարար գնահատականներ: 355 աշակերտ  ստացել է 4-8 միավոր: 9 և10 միավորներ են հավաքել 15 աշակերտ:

Շրջանի դպրոցականներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ասմունքի, շարադրությունների, ստեղծագործող աշակերտների, պատանի նկարիչների  մրցույթներին։ Աշակերտներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադային և գրավել մրցանակային տեղեր։

-Մայիսի 14-ին, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի նախաձեռնությամբ և մի շարք բարերարների աջակցությամբ, կազմակերպվել է հանդիպում շրջանավարտների հետ, որն իր տեսակով աննախադեպ միջոցառում էր, ինչը մեծ ոգևորություն էր առաջացրել ուսուցիչների և աշակերտների մոտ։ Մշտապես նկատվում է վարչակազմի ղեկավարի ուշադրությունն ու աջակցությունը հանրակարթական ուսումնական հաստատությունների նկատմամբ, ինչը որքան ոգևորող, նույնքան էլ պարտավորեցնող է,- նշեց զեկուցողը։

Հաշվետու ժամանակաշրջանն առատ էր նաև մարզական միջոցառումներով։ Հանրապետական տարբեր առաջնություններում շրջանի աշակերտները գրավել են մրցանակային երեք հարթակներն էլ։ Այդ առաջնություններին առավել ակտիվ մասնակցել են Ասկերանի, Իվանյանի,  Խնձրիստանի, Խաչենի, Խնապատի և Այգեստանի  հանրակրթական հաստատությունների աշակերտները:

Պատշաճ մակարդակով է կազմակերպվել դպոցականների ամառային հանգիստը ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում£

Կ. Մայիլյանը ներկայացրեց նաև ոլորտի խնդիրներն ու առաջարկեց դրանց լուծման իր տարբերակները։

Խորհրդակցությանն Ասկերանի, Նորագյուղի, Պատարայի և Սզնեքի միջնակարգ դպրոցների տնօրեններ Մարելլա Ավանեսյանը, Էրիկ Վարդանյանը, Արթուր Ջհանգիրյանն ու Մելիքսեթ Սահակյանը ներկայացրեցին 2018-19 ուսումնական տարում դպրոցներում արձանագրված հաջողություններն ու խոսեցին առկա հիմնախնդիրներից, որոնցից շատերը համատարած բնույթ են կրում։ Այսպես օրինակ, Է. Վարդանյանը խոսելով 9-րդ դասարաններում կենտրոնացված քննություններ անցկացնելու և արձանագրված արդյունքների մասին, նշեց դրանց անարդյունավետությունը։ Տնօրենները խոսեցին շենքային անբավարար պայմաններից, ջեռուցման համակարգից, տարրական դասարաններում երկարօրյա խմբեր բացելու, տնօրենների կողմից կատարվող դասալսումների ժամաքանակի, համապատասխան գույքի բացակայության և այլ հիմնախնդիրների մասին։

ԿԳՍ փոխնախարար Մ. Համբարձումյանը խոսելով համակարգի հիմնախնդիրներից, նախանշեց հետագա անլիքները։ Խոսելով գնահատման չափորոշիցներից, որոնք հաճախ ուռճացվում են՝ հորդորեց զերծ մնալ համեմատական գնահատականներ դնելուց և ակնկալեց դպրոցների տնօրենների հստակ և օբյեկտիվ մոտեցումը՝ սովորողների գնահատման գործում։ Փոխնախարարը խոսեց նաև կադրերի պակասից՝ մասնավորապես ֆիզիկայի և մաթեմատիկայի մասնագետների,  ֆիզիկա առարկայի մասնագետների վերապատրաստման, տարակարգեր ստանալու կարգերի, տարբեր առարկաների ժամաքանակների, հայոց պատմության դասագրքերում կատարվող փոփոխություններ մասին։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յու. Քարամյանը ներկայացրեց 2018-19 ուսումնական տարվա արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները, որոնք այնքան էլ գոհացուցիչ չեն։ Յու. Քարամյանը խոսեց նաև ներառական կրթության նրբությունների մասին, այս հարցում համակողմանի ներկայացնելով թե՛ ներառական ուսուցում ստացող աշակարտների ծնողների և՛ թե ուսուցիչների մտավախությունները։

Վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը ողջունելի է համարում ԿԳՍ նախարարի հերթական անգամ շրջանի հանրակրթական դպրոցների հիմնախնդիրներին մասնակիցը դառնալու և ոլորտի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու փաստը։ Գաղտնիք չէ, որ ուսուցիչները մեր մտավորականության ներկայացուցիչներն են և պատասխանատուները բոլոր տեսակի բարոյա-հոգեբանական իրավիճակների։ Նա ներկայացրեց վերջին ամիսներին շրջանի ուսումնական հաստատությունների գործունեությանն ուղղված սեփական ուսումնասիրություններն ու դրանց հիման վրա արված վերլուծությունները։ Այն, որ ակնառու ձեռքբերումների կողքին շրջանի որոշ ուսումնական հաստատություններում առկա են թերություններ ու բացթողումներ՝ գաղտնիք չէ։ Արձանագրվել են և՛ պաշտոնական դիրքի չարափաշումներ, և՛ աշխատանքային կարգապահության նկատմամբ անփույթ վերաբերմունք։ Վարչակազմի ղեկավարը կոչ արեց դուրս գալ խորհրդային շրջանի կաղապարներից և գործել ժամանակի պահանջներին համահունչ։ Ձեռքբերումների կողքին մատնանշել նաև թերությունները, համատեղ քննարկել դրանք և գտնել լուծման ճիշտ տարբերակը։  Վարչակազմի ղեկավարը հորդորեց և պահանջեց ուսուցիչներին զերծ մնալ արտադպրոցական վճարովի պարապմունքներ՝ կրկնուսուցումներ կազմակերպելուց և դասաժամերը ծառայեցնել երեխաներին որակյալ կրթություն տալուն։

-Լինելով մեր ապագան դաստիարակողը, և ինչպես ասում են, մեր ապագայի պատասխանատուները կրկին անգամ պահանջում և խնդրում եմ հաշվի առնել իմ նկատառումները՝ շրջանում կրթության որակը բարձր հիմքերի վրա դրնելու հարցում,- ասաց Հ. Ղահրամանյանը՝ շնորհավորելով ներկաներին գալիք ուսումնական տարվա կապակցությամբ, մաղթելով նրանց բեղմանվոր գործունեություն իրենց պատասխանատու աշխատանքում և հաջողություններ՝ անձնական կյանքում։

ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանն անդրադառնալով հնչեցված հիմնախնդիրներին՝ ներկայացրեց սեփական մտահոգությունները՝ կապված շրջանի որոշ համայնքներում փակման վտանգի տակ հայտնված դպրոցների մասին։ Նախարարը կարևորելով կրթության բովանդակությունն ու նպատակը, որն է ձևավորել մեր երկրի ապագա մասնագետին և քաղաքացուն՝ նրա ներուժի բացահայտնման և զարգացման միջոցով, ափսոսանք հայտնեց, որ խորհրդակցության ընթացքում կրթության հիմնական խորքային և բովանդակային խնդիրների ուղղությամբ մտահոգություն հայտնողներ չեղան, և որի ուղղությամբ դեռևս բավարար աշխատանքներ չեն իրականացվում։ Խոսելով համայնք-դպրոց կապի մասին Ն. Աղաբալյանը կոչ արեց դպրոցների տնօրեններին համագործակցել համայնքների ղեկավարների հետ, համատեղ ծրագրեր մշակել՝ կյանքը համայնքներում աշխուժացնելու, օտարերկյա զբոսշարջիկների համար այն գրավիչ դարձնելու համար։ Նախարարը խոսեց նախարարության կողմից գործարկության մեջ դրած պիլոտային ծրագրերի մասին, որոնք կարող են խթան հանդիսանալ դատարկվող գյուղերում կյանքը վերաիմաստավորելու գործում։

2019-20 ուսումնական տարին հայտարարվեց Ֆիզիկայի տարի, որ շրջանակներում կազմակերպվելու են բազմապիսի միջոցառումներ, որին մասնակցելու են ՀՀ ֆիզիկայի թեքումով դպրոցները, իսկ ամռան ամիսների կանցկացվի գիտաժողով՝ արտերկրի 100 հայտնի ֆիզիկոսների մասնակցությամբ։

Խոսելով սոցփաթեթների և տարակարգեր շնորհելու արտոնությունների մասին նախարարը նշեց, որ չնայած տարակարգերի շնորհումը կասեցվել է,սակայն դա չի նշանակում, որ լավագույնները չեն խրախուսվելու։ Խրախուսումներ լինելու են և դրանք ոչ միայն օլիմպիադաներում արձանագրած լավագույն արդյունքների համար, այլև պարզապես գնահատվելու է լավագույն՝ նպատակային աշխատանքը։

Խոսելով հայոց պատմություն առարկայից, Ն. Աղաբալյանը նշեց, որ պատմությունը որևէ մեկը չի կարող ջնջել, կեղծել, խեղաթյուրել և մեր պատմությունը ճիշտ արձանագրելո, այն մատաղ սերնդին ճիշտ մատուցելու համար նախարարությունը դաս-արշավներ է պարբերաբար կազմակերպում պատմական վայրերում՝ կոնկրետ Արցախի պատմությանը վերաբերող թեմաներով։

Դպրոցների տնօրեններին առաջարկվեց մեկամսյա ժամկետում կազմել և կրթության նախարարություն ներկայացնել դպրոցների զարգացման ռազմավարական 5 ամյա ծրագիր։ Ի ուրախություն ուսուցիչների Ն. Աղաբանյանը հայտարարեց, որ նոր ուսումնականից ուսուցիչների աշխատավարձեր բարձրացվելու են տասը տոկոսով։

Վերջում նախարարը շնորհավորեց ներկաներին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իրենց կատարած կարևորագույն աշխատանքի մեջ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter