ՀՈՎՍԵՓԱՎԱՆ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ
27.08.2019 16:47

Հովսեփավանը շրջանի համեմատաբար նոր բնակավայրերից է։ Բնակավայրի պատմության հիմքը դրվել է Արցախյան շարժման հետ, երբ շարժման ջատագովներից մեկը՝ հայրենանվեր և ազգասեր հայը՝ Յուրի Ջհանգիրյանը, մտադրվեց անընդհատ իր տարածքներն ընդլայնող ադրբեջանական բնակավայրի հենց սահմանագծին հայկական նոր բնակավայր կանգնեցնել։ Բազում դժվարություններն ու, հաճախ նաև հիասթափությունները հաղթահարելով, Յուրի Ջհանգիրյանին հաջողվել է իր վաղեմի ցանկությունն իրականություն դարձնել։ Ու այսօր Հովսեփավանի համայնքապետարանի շենքին փողփողացող եռագույնն առհավատչյան է հայի հերոսական, հաղթական ոգու և աննահանջ կամքի։

30 տարի է անցել գյուղի հիմնադրումից, գյուղում բավականին հաջողություններ են գրանցվել, որոնց կողքին տեղ ունեն նաև չլուծված հիմնախնդիրներ։ Թե ինչպիսի չլուծված խնդիրներ ունի համայնքը և ինչպիսի աշխատանքներ են իրականացվել այնտեղ՝ տեղեկացանք համայնքի ղեկավար Խաչատուր Պետրոսյանից։

-Պարոն Պետրոսյան, ինչպիսի՞ն է գյուղի ժողովրդագրական վիճակը։

- 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ գյուղում գրանցված է 38 տնտեսություն՝ 183 բնակչով, որոնցից 25-ն ունեն ժամանակավոր գրանցում։ Համայնքում կա 0-5 տարեկան 15 երեխա։ Յու. Ջհանգիրյան անվան հիմնական դպրոցում սովորում է 25 աշակերտ, դասավանդում՝ 12 ուսուցիչ։ Բավականին սերտ է դպրոց-համայնք կապը, որի շրջանակներում տոն և հիշարժան օրերին կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։ Համայնքն ունի 27 թոշակառու, նպաստ ստացող 10 և բազմազավակ 6 ընտանիք։

-Ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել համայնքում 2018 թվականին և ի՞նչ է նախատեսվում ընթացիկ տարվա համար։

- §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ համայնքի տարածքում փորվել է արտեզյան ջրհոր, որով լուծվել է համայնքի կարևորագույն խնդիրներից մեկը՝ ոռոգման ջրի հարցը։ 2018 թվականին համայնքում բազմազավակ մեկ ընտանիքի համար կառուցվել և շահագործման է հանձնվել բնակելի տուն։ Բացի դրանից, բազմազավակ և կարիքավոր ընտանիքները պարբերաբար օգտվում են շրջանի սոցապահովության բաժնի կողմից տրամադրվող տարատեսակ օգնություններից, ինչպես նաև բնակարանային պայմանները բարելավելուն ուղղված ծրագրերից։ Պարբերաբար կազմակերպվում են շաբաթօյակներ, որոնց համայնքի բնակիչները մեծ ակտիվությամբ են մասնակցում։ 2018 թվականի համայնքային բյուջեն գերակատարել ենք, ինչը նաև բնակիչների գիտկացված մոտեցման արդյունք է։ Ընթացիկ տարվա համայնքային բյուջի կատարման արդյունքները նույնպես գոհացուցիչ են£

-Ի՞նչ հիմնարկություններ են գործում Հովսեփավանում։

- Գործում է հիմնական դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, համայնքապետարան, որոնց համակարգված աշխատանքի արդյունքում հնարավոր է դառնում գյուղում որոշակի աշխատանքներ իրականացնել, ծրագրեր կյանքի կոչել։ Համայնքն ունի նաև գյուղատնտես և անասնաբույժ, ովքեր վերահսկում են համայնքում կատարվող գյուղատնտեսական աշխատանքները և յուրաքանչյուր ամսվա վերջում հաշվետվություն ներկայացնում կատարված աշխատանքների մասին։ Հովսեփավանը գազաֆիկացված է, գործում է բջջային անլար հեռախոսակապ և ինտերնետ։

- Ինչո՞վ են զբաղված հովսեփավանցիները։

-Գյուղացիների զբաղվածության հարցը, հիմնականում, լուծված է։ Հովսեփավանցիներն զբաղվում են և՛ հողագործությամբ, և՛ անասնապահությամբ։ Բավականին թվով  երիտասարդներ ծառայում են ԱՀ ՊԲ-ում։

-Ներկայում ինչպիսի՞ խնդիրներ ունի համայնքը։

- Համայնքն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք բացասական են անդրադառնում առաջին հերթին ժողովրդագրական ցուցանիշների վրա։ Դրանց մեծ մասը հնարավոր է լուծել միայն պետական միջամտությամբ և աջակցությամբ։ Այդ խնդիրների շարքում ես առանձնացնում եմ բնակարանաշինությունը, երթուղային տրանսպորտի բացակայությունը, համանքային կենտրոնի կառուցումը, խմելու ջրի ջրաչափերի տեղադրումը, արտեզյան ջրհորից օգտվող հողօգտագործողներին այգի հիմնելու և տնամերձ հողամասերին ոռոգման ջրի մատակարարման նպատակով աջակցության ցուցաբերումը, Լուսաձորի համայնքից արոտավայրերի տրամադրումը։

-Ի՞նչ կասեք բնակիչների սոցիալ-տնտեսական, կենցաղային պայմանների մասին։

-Հովսեփավանցիներն աշխատող ժողովուրդ են, ինչով և կարողանում են ապահովել, ինչու չէ նաև տարեց-տարի ավելի բարեկարգել իրենց կենցաղային պայմանները։

Ճիշտ է, սոցիալական տարբեր խմբերի պատկանող անձինք օգտվում են պետական նպաստներից և բարեգործական տարբեր ծրագրերից, սակայն գյուղացիների հիմնական եկամտի աղբյուրը մնում է սեփական աշխատանքը։

- Գիտենք, որ Հովսեփավանը, ինչպես արցախյան բազմաթիվ բնակավայրեր նույնպես բարերարներ ունի։

- Որպես վերաբնակեցվող գյուղ այստեղ այնքան էլ շատ չեն իրականացված բարեգործական ծրագրերը։ Գյուղական դպրոցին բարեգործական աջակցություն են ցուցաբերում Յուրի Ջհանգիրյանի հարազատները։ Իսկ գյուղում արտեզյան ջրհոր փորելու և գյուղը ոռոգման ջրով ապահովելու համար §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի ատենապետ Ավետիս Կիզիրյանին շնորհվել է Հովսեփավանի պատվավոր քաղաքացու կոչում։

-Պարոն Պետրոսյան, շուրջ 15 տարի է, ինչ ղեկավարում եք համայնքը ու հերթական ՏԻՄ ընտրություններին այժմ չեք մասնակցելու։ Գտնում եք, որ էլ անելի՞ք չունեք գյուղում։

-Կարծում եմ եկել է սերնդափոխության ժամանակը։ Ինքս էլ որոշել եմ զբաղվել սեփական տնտեսությամբ։ Սակայն դա չի նշանակում, որ չեմ մասնակցելու համայնքի զարգացմանը։ Ես շարունակելու եմ ապրել Հովսեփավանի հիմնախնդիրներով և պատրաստ եմ իմ հարուստ և երկարամյա փորձը փոխանցել համայնքի նոր ղեկավարին։

-Ինչպիսի՞ն եք տեսնում համայնքի ապագան 5 տարի հետո։

- Գյուղի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ է, ուստի կենսական նշանակության  խնդիրների լուծման պարագայում այն ոչ միայն կզարգանա ու կբարգավաճի, այլև կհավակնի դառնալ շրջանի առաջատար գյուղերից մեկը։

Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter