ԹՈՂ ՁԵՐ ՑԱՆՔՍՆ ԱՌԱՏ ԼԻՆԻ, ՀՈՒՆՁՔԸ՝ ԲԱՐԻ |
01.09.2019 23:28 |
Սեպտեմբերի 1-ին շրջանի հանրակրթական ուսումնական հաստատություններում հնչեց ավանդական առաջին զանգը՝ զիլ ղողանջներով ազդարարելով 2019-2020 ուսումնական տարվա սկիզբը։ Այս ուսումնականում շրջանում առաջին դասարան կհաճախի շուրջ 260 աշակերտ, որից 40-ն Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց։ Եվս 40 երեխա կհաճախի դպրոցի նախապատրաստական խումբ։ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված՝ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր տեր Մեսրոպ քահանա Խունոյանը, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը։ Ողջունելով ներկաներին միջոցառման կազմակերպիչ Աիդա Գյանջումյանը կարևորեց օրվա խորհուրդն ու այս օրը մեզ պարգևած քաջ մարտիկներին, որոնց անձնազոհության գնով կանք, ապրում ենք։ Ներկաները հոտնկայս՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմահ հերոսների հիշատակը։ Գիտելիքի անհուն օվկիանոսում համարձակ լողալու համար կամք, ինքնադրսևորում, ջանասիրություն է անհրաժեշտ, սակայն եթե այս բոլորը չեն միաձուլվում սիրո հետ՝ դժվար թե հաջողություններ արձանագրվեն։ Տեր Մեսրոպ քահան Խունոյանը շնորհավորելով ուսուցիչներին և աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ նշեց, որ Պողոս առաքյալն իր գրքում մի ամբողջ գլուխ ունի նվիրած սիրուն, որտեղ շեշտվում է այն փաստը, որ ինչ էլ անենք, եթե սեր չդնենք դրա մեջ՝ մեր արածն անհատակ մի բան կստացվի։ Նույնիսկ հայերենով թարգմանված առաջին նախադասության՝ §Ճանաչել իմաստնությունը ի խրատաց, իմանալ հանճարների գործերը¦ խորքում ծածկված տրվել է սիրո գաղափարը։ Ուստի, եթե սեր չունենաք, այն գիտելիքները, որը պիտի ստանանք՝ ոչինչ են։ Նա կոչ արեց ուսուցիչներին և աշակերտներին ուսուցանել և ուսանել սիրով՝ բարի և խաղաղ ընթացք մաղթելով նրանց։ Աշակերտներին նոր ուսումնականի՝ գեղեցիկ և կարևոր տոնի առթիվ շնորհավորեց դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը։ Կարևորելով գիտելիքի և դպրության տոնը հայերիս համար, նա նշեց, որ գիտելիքն է ժամանակակից մարդ կոչվելու չափանիշն ու խավարի դեմ պայքարելու զենքը։ Ուստի կոչ արեց աշակերտներին ուսման մեջ երբեք չթերանալ, լինել ջանասեր, ուշիմ և կարգապահ, քանզի դա է մեր ազգային դավանանքն ու նկարագիրը։ Հատուկ ուշադրության արժանացան 1-ին դասարանցիներն ու նախապատրաստական խմբի երեխաները, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմին։ Գաղտնիք չէ, որ ամեն մի աշակերտի հաջողության ետևում ուսուցիչ է կանգնած։ Մ. Ավանեսյանը շնորհավորանքի և շնորհակալության խոսք ասաց ուսուչիներին, նշելով, որ մարդկությունը միշտ էլ բարձր է գնահատել ուսուցչի պատվավոր աշխատանքը։ Ուստի բոլորը պետք է դպրոց մտնեն որպես զինվոր և զորավար, խորհրդատու ծնող և լավ ընկեր՝ երբեք չմոռանալով ստանձնած բարձր պարտականությունը՝ օգնել սերունդներին մնալ հայ, և ձգտել մտքի, հոգու և մարմնի կատարելության։ Տնօրենը նշեց, որ ամեն տարի կրկնակի հպարտությամբ են մեկարկում նոր ուսումնականը, որին հաջորդում է Արցախի անկախության տոնը, որը յուրաքանչուր հայի արժանապատվության և նվիրումի արդյունք է։ Մ. Ավանեսյանը սահմաններին խաղաղություն, դժվարություններին դիմակայելու կամք և տոկունություն մաղթեց բոլորին։ Առաջին զանգը հնչեցնելու պատիվը տրվեց 1-ին դասարանցի Ալեքսանդր Շամիրյանին և 12-րդ դասարանի աշակերտուհի Սնեժաննա Թամրազյանին։ Հնչեց զանգը՝ որի ղողանջներն ազդարարեցին երկարատև դասամիջոցի ավարտն ու կյանքի նոր փուլի սկիզբը, որը հաճախ նաև լի է լինելու դժվարություններով ու արգելքներով։ Սակայն կյանքի այս փուլը կոչված է դրանց դիմակայելու, հաղթահարելու հմտություններ և փորձառություն ձեռք բերելու, ինչը հետագա տարիների ունեցած հաջողությունների երաշխիքը կհանդիսանա։ Նոր ուսումնականի առթիվ ներկաներին ողջունեց և շնորահավորեց կրթության և սպորտի բաժնի վարիչ Կ. Մայիլյանը։ Նա ներկայացրեց անցած ուսումնական տարում շրջանում արձանագրված հաջողութունները, որտեղ քիչ չեն նաև Ասկերանի միջակարգ դպրոցի ձեռքբերումները։ Այս շարքում նա առանձնացրեց այն հանգամանքը, որ ուսուցչին ընդունելով և գնահատելով է աշակերտը սիրում նաև նրա դասավանդած առարկան։ Ուստի ուսուցիչ-աշակերտ կապը պետք է լինի ամենաբարձր մակարդակի։ Նա նաև շնորհավորեց Արցախի Հանրապետության Անկախության 28 -ամյակի առթիվ, փաստելով, որ ոչ մի ուժ ի զորու չէ մեզանից խլելու մեր ազատությունն ու անկախություն, որի երաշխավորն է ազատ ու անկախ երկրում ծնված, մեծացած այսօրվա սերունդը։ Սնեժաննա Թամրազյանն իր սրտի խոսքում հատուկ տեղ էր հատկացել առաջին դասարանցիներին, քանզի նրանց համար այսօր նոր կյանքի փուլի սկիզբ է։ Բարի գալուստ մաղթելով գիտելիքների աշխարհ, նա որպես ավագ ընկեր և ուսումնառության տարիներին հաջողած աշակերտուհի խորհուրդ տվեց խիզախորեն ծանոթանալ գիտելիքների ու բացահայտումների հրաշալի աշխարհին։ 2018-19 ուսումնական տարին դպրոցը գերազանց գնահատականներով ավարտած աշակերտները պարգևատրվեցին ԱՀ ԿԳՍ նախարարության գովասանագրերով։ Դպրոցի մի խումբ ուսուցիչներ տարբեր անվանակարգերում արժանացան դպրոցի տնօրենի պատվոգրերի։ Իսկ դպրոցի լավագույն բարեկամ և բարերար Սասուն Բարսեղյանի սահմանած §Էդմոն Բարսեղյան¦ մրցանակը, որը շնորհվում է ուսումնական տարվա ընթացքում կարգապահությամբ, ակտիվությամբ և ուսման մեջ առաջադիմությամբ աչքի ընկած աշակերտին, հանձնվեց 12-րդ դասարանցի Արման Բեգլարյանին։ Միջոցառմանը դպրոցի աշակերտները հանդես եկան ազգային երգ ու պարով։ Իսկ Կարատե դո խմբակի տղաները ցուցադրեցին իրենց հմտությունները։ Գիտելիքին և դպրությանը նվիրված տոնն ավարտվեց տարբեր դասարանների աղջիկների կատարմամբ պարային հետաքրքիր ֆլեշ-մոբով։ Դպրոցականները դասղեկների ուղեկցությամբ անցան դասարաններ, իսկ առաջին դասարանցիները ծանոթացան իրենց առաջին ուսուցչուհուն, ով ուղեկցելու է նրանց դեպի գիտելիքների անսահմանություն, սովորեցնելու վստահորեն քայլել գիտելիքների անեզր աշխարհում։ Բարի երթ դեպի նոր ուսումնական, սիրելի ուսուցիչներ և աշակերտներ։ Թող ձեր ցանքսը առատ լինի, հունձքը՝ բարի… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|