ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
02.09.2019 21:53

Սեպտեմբերի 2-ին Ասկերան քաղաքում տոնական տրամադրություն էր տիրում` պարուրված հպարտության ու գնահատման մեծ զգացումներով: Մեր երկրի անկախությունն ազդարարող պաստառները, մարդկանց հոծ բազմությունը, մանուկների անհոգ ծիծաղն ու զինվորների խրոխտ քայլերթը առհավատչյան էին այն ամենի, որ մեր խիզախ, անկորտրում և պատվախնդիր ժողովրդի շնորհիվ 28 տարի առաջ Արցախը դարձավ

անկախ երկիր:

Ասկերանցիների տոնական օրը շնորհավորելու էին եկել ԱՀ ԱԺ պատգամավորներ Վիլեն Սաֆարյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի Պատվավոր քաղաքացի, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջանի նախկին ղեկավարներ և շրջանի կայացման գործում մեծ ավանդ ունեցած մարդիկ:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ հյուրերը, Ասկերանի քաղաքապետը, Ասկերանի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական և քաղաքական կազմակերպությունների ղեկավարները, շրջվարչակազմի բաժինների աշխատողները, Արցախյան պատերազմի վետերանները, Ասկերանի հարակից համայնքների ղեկավարներն ու դպրոցականները ծաղիկներ խոնարհեցին բոլոր ժամանակներում հանուն Արցախի անկախության և ազատության համար զոհված  ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում և մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը: Միջոցառման մասնակիցներն այցելեցին <<Տանկ>> հուշարձան, ապա Արցախյան ազատամարտում զոհված ասկերանցիների հիշատակը հավերժացնող հուշավահանակի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հերոսներին:

Արցախ Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը վարում էին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներ Սյուզաննա Մելքումյանը և Արման Բեգլարյանը:

Մատաղ սերնդի ներկայացուցիչներն անվերապահորեն հավատում էին Արցախի հավերժական ազատությանն ու անկախությանը` մշտապես պատրաստ լինելով պաշտպանել մեր ժողովրդի մեծագույն նվաճումը: Երիտասարդները կոչ էին անում հպարտ ու հաստատուն քայլել դեպի ապագա և միշտ բարձր պահել զոհված ազատամարտիկների հիշատակը:

ԱՀ պետական օրհներգի հնչեցումից հետո շնորհավորանքի խոսքով հանդես եկավ շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը.

Սիրելի' հայրենակիցներ։

Առավոտյան ժամերից սկսած՝ ուրախ և տոնական տրամադրություն է տիրում Ասկերանում։ Ինչպես բանաստեղծները կասեին՝ << ուրախությունն է թևածում Ասկերանում >>։ Այդ միջավայրը ձևավորել են N զորամասի զինվորներն ու սպաները, Ասկերան քաղաքի և հարակից համայնքների դպրոցականները և ասկերանցիները։ Նայելով նրանց՝ հպարտությամբ և ակամայից պատասխանատվությամբ ես համակվում հայրենքիդ ու հայրենակիցներիդ հանդեպ։ Շրջվարչակազմի կողմից շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցում են տոնական ծրագրերին։ Տոնական ծրագրերի շրջանակներում տեղի են ունենալու տարբեր միջոցառումներ, հյուրասիրություններ և հրավառություն։

Սիրելի՛ ժողովուրդ։

Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, շրջվարչակազմի և իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ Արցախի Հանրապետության Անկախության տոնի 28-րդ տարեդարձի կապակցությամբ, տոն, որը ընդունվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում։ Արցախի Անկախությունն է միավորել համայն հայությանը աշխարհի տարբեր երկրներում, և անկախության շնորհիվ է, որ ունենք հայկական երկրորդ հանրապետությունը՝ Հայաստան - Արցախ - Սփյուռք միասնության ներկայիս խորհդանիշը։ Այս օրը մեզ հետ նշելու են եկել շարժման ակտիվիստներ, մասնակիցներ, զոհված ազատամարտիկների ծնողներ և երեխաներ, հրամանատարներ, ազատամարտի վետերաններ, ուսուցիչներ, դպրոցականներ, շրջանի աշխատանքային կոլեկտիվների նեկայացուցիչներ և Արցախի պետականության ու Ասկերանի շրջանի կայացմանը իրենց ավանդը ներդրած պետական, քաղաքական և տնտեսական գործիչներ։ Այստեղ են հետանկախության ժամանակաշրջանում շրջանը ղեկավարած մարդիկ, զորամիավորումների հրամանատարներ, զինվորներ ու այդ կոչումների ներկայիս կրողներ։

Եկեք ծափողջյուներով դիմավորենք բոլորին։

Արցախի պատմության ամենացավոտ էջը հավանաբար Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվելու ժամանակահատվածն էր, որի ընթացքում անընդհատ ոտնահարվեցին հայ բնակչության իրավունքներն ու շահերը. չմանրամասնելով ասեմ միայն, որ այդ ընթացքում հայկական բնակավայրերը նվազել էին 85-ով, իսկ ադրբեջանականը ավելացել էին 15-ով։ Մեզ ուզում էին անգամ ցեղասպանության ենթարկել: Սակայն, շնորհիվ միասնության, մեր տղաների ու աղջիկների ցուցաբերած հայրենասիրության ու նվիրվածության, հայ ժողովրդին հաջողվել է վերականգնել պատմական արդարությունը, և այսօր Արցախը դե ֆակտո անկախ հանրապետություն է: Այդ անկախությունը ձեռք է բերվել դժվարությամբ, մեծ արժեքների կորստի և ազատամարտիկների շնորհիվ: Մեծ հայրենականի, Տանկ և Զոհված ազատամարտիկների սրբավայրեր դարձած հուշահամալիրներում մեր հարգանքի տուրքն ենք մատուցել հայ ազգի պահպանությանն ու Արցախի Հանրապետության անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին։ Խոնարհվում ենք բոլոր զոհերի առջև ու խոստանում, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի Արցախի Հանրապետությունը միշտ լինի ազատ, անկախ ու ավելի հզոր։

Մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը։

Տարածաշրջանի ներկայիս աշխարհաքաղաքական վիճակը հաշվի առնելով՝ կարելի է արձանագրել, որ Արցախի Հանրապետությունը մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության օգնությամբ իրեն դրսևորել և դրսևորում է որպես քաղաքակիրթ պետություն ու վարում է համաձայնեցված, հավասարակշռված քաղաքականություն։ Կարծում եմ՝ այդպես կլինի նաև սերնդափոխության առումով։ Հիմնվելով նախկին ձեռքբերումների վրա՝ մենք պետք է խելամիտ, ավելի մեծ ոգեւորությամբ ու ստեղծագործաբար կառուցենք ապագան: Համազգային շարժման ու պայքարի ակունքներում և Արցախի պետականության կայացման գործում միշտ նշանակալի դեր են ունեցել նաև Ասկերանի շրջանի ուստրերն ու դուստրերը։ Մենք նույնպիսի պատվախնդրությամբ պետք է շարունակենք նրաց գործը՝ ի շահ Արցախի անվտանգության ամրապնդման ու բարօրության ապահովման։

Հարգելի՛ ներկաներ։

Այս հիանալի օրը շնորհավորում եմ բոլորիս՝ հայրենիքի անկախության տոնի առիթով ։ Մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, ամուր առողջություն և լավատեսություն:

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանի ելույթը լի էր հպարտությամբ.

-Երբ սկսվեց արցախյան շարժումը, հայ ժողովրդին ոգեղեն հավատը մի նոր պատմական էջ բացեց, որը հարյուրամյակներ ի վեր մեր պապերը միայն երազել կարող էին: Ի փառս մեր հերոս զավակների, մենք կարողացանք այդ պատմական պոռթկումը հասցնել հաղթական հանգրվանի ու ինչ-որ չափով ջնջել եղեռնի խարանը մեր ճակատից:

Այսօրվա սերունդը բարձր է գնահատում իր բանակը, եռագույնը, զինանշանն ու օրհներգը, հասկանում է, որ մայրն ու հայրենիքն անգին են և պատահական չէ, որ այդ երկու նվիրական բառերն իրար հետ արտահայտում են ամենամեծ իմաստը` Մայր Հայրենիք:

Անկախությունը մեզ համար թանկ արժեցավ, տարավ պարտադրված պատերազմի և ցավոք շարունակական է մինչև օրս: Բայց մենք վճռական ենք, մենք կանք  ու կլինենք, և աշխարհը ստիպված է հաշվի նստելու պատմական ճշմարտության հետ: Մեր պայքարը պիտի շարունակվի և դիվանագիտական ճկունությամբ կհասնենք միջազգային ճանաչման:

Շնորհավոր տարեդարձդ, մեր անկախ Արցախ, եղիր միշտ հպարտ ու անսասան, հարատևիր դարերով, ապավեն ու ապաստան եղիր ժողովրդիս բազմաչարչար:

Ասկերանի շրջանը սպասարկող հոգևոր առաջնորդ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը բարձր գնահատելով օրվա խորհուրդը`օրհնանքի և բարեմաղթանքների խոսքեր ուղղեց բոլորին: Նա շնորհավորեց ԱՀ անկախության 28-րդ տարելիցի առթիվ, ժողովրդին մաղթեց անկոտրում կամք, հայրենիքին՝ սատարելու ուժ և կորով:

Երիտասարդ սերնդի անունից շնորհավորանքի խոսք ասաց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Արման Բեգլարյանը.

-Մենք մեր ուսումնական ակտիվ կյանքով անմասն չենք մնում Արցախի փայլուն ապագայի կառուցման գործում և բոլորս գլուխ ենք խոնարհում բոլոր նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը չեն խնայել մեր այսօրվա խաղաղ օրվա համար: Երդվում ենք ջանք ու եռանդ չխնայել նրանց կիսատ թողածը շարունակելու համար:

Մենք գլուխ ենք խոնարհում մեր սահմանները գիշեր ու զօր հսկող մեր քաջարի զինվորների առաջ: Փառք ու պատիվ ձեզ, հայրենյաց պաշտպաններ: Մենք հավատում ենք ձեզ, քանզի ձեզ նմաններով է հայը մնացել հայ և դրա համար է, որ մենք լիիրավ կարողանում ենք աշխարհին հայտարարել. <<Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք>>:

Տոնական միջոցառմանը մեծ շուք հաղորդեցին Ասկերանի <<Բերդ>> համույթի կատարումները, իսկ Ասկերանի արվեստի դպրոցի, ՄՊՍ կենտրոնի սաների պարերը մեծ ոգևորությամբ պատեցին ներկաներին: Հանդիսավոր միջոցառման բոլոր մասնակիցները երգում և պարում էին մանուկների հետ: Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհիներ Էլեն Թովմասյանի, Ռուզաննա Մելքումյանի և Յուլիա Հայրապետյանի հայրենասիրական երգերը էլ ավելի բարձրացրին ասկերանցիների անխախտ ոգին: Ուրախալի էր տեսնել, թե ինչպես էր ցնծում Ասկերանը, մեծ, թե փոքր ի սրտե տոնում էին մեր երկրի անկախության տարեդարձը և շնորհավորում միմյանց:

Ասկերանի արվեստի դպրոցի և ՄՊՍ կենտրոնի սաների  աշխատանքների ցուցահանդեսները գրավում էին հյուրերի ուշադրությունը, որտեղ վեր էին հանված ազգային մշակութային գործեր, ձեռքի նուրբ աշխատանքներ:

Տոնական միջոցառումն ուղեկցվում էր նոր զինատեսակների և զինամթերքի ներկայացմամբ, որը Ասկերանի պուրակում ցուցադրում էին Ն զորամասի զինվորները: Ներկաներս պատիվ ունեցանք տեսնելու և համոզվելու, որ մեր բանակն ի վիճակի է պատշաճ պատասխան տալ թշնամու ցանկացած ոտնձգության:

Ապա Ն զորամասի և շրջվարչակազմի կողմից կազմակերպվեց փոխադարձ հյուրասիրություն: Ուշագրավ էր զինվորական խոհանոցի կողմից հրամված արցախյան ավանդական կորկոտը, որն ասկերանցիները ճաշակեցին մեծ հաճույքով և գնահատանքով:

Հիրավի, տոնական օրը շատ հետաքրքիր և բովանդակալից անցավ: Բոլորս ուրախ էինք և վստահ, որ այսօրինակ միջոցառումները շարունակական են լինելու: Համոզված եմ`մեզանից յուրաքանչյուրը Բարձրյալից խաղաղություն էր խնդրում Արցախ աշխարհի և աղոթում սահմանին կանգնած և մեր անդորրը պահպանող զինվորի համար:

Սիրենք, նվիրվենք մեր պետությանը, գնահատենք անկախությունը և գիտակցենք, որ յուրաքանչյուրս ունենք մեր անելիքը նրա ամրապնդման գործում:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ




 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter