ԹՈՂ Ի ԿԱՏԱՐ ԱԾՎԵՆ ԲՈԼՈՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ
06.09.2019 16:33

Յուրաքանչյուր քրիստոնյա մտածում է ինչպես ապրել, որ իր օրինակելի վարքով և գեղեցիկ դրսևորումներով հաճելի լինի Աստծուն: Աստվածահաճո գործերը բազում են, դրանցից մեկը բարեգործությունն է: Կարծում եմ՝ սքանչելի զգացողություն է մարդկանց հաճելի անակնկալներ և ուրախություն պարգևելը: Չէ որ, երբ շուրջդ երջանիկ և ուրախ դեմքեր ես տեսնում, ինքնին բազմապատկվում է քո ուրախությունը, գիտակցում ես՝ այսօր աստվածահաճո մի գործ կատարեցիր…

Վերջերս Ասկերանի շրջանի Հիլիս գյուղում էինք: Մտնելով գյուղ՝ անմիջապես մեր ուշադրությունը գրավեց գյուղի մուտքում Հայրենական Մեծ և Արցախյան պատերազմներում զոհված հիլիսցիների հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ վեր խոյացող բարձրադիր խաչը՝ այնքա՜ն ազդեցիկ և այնքա՜ն բազմախորհուրդ… Խաչ, որը պահում և պահպանում է հիլիսցիների խաղաղ քունն ու անդորրը: Մայրամուտին այն լուսավորվում է և լույս սփռում գյուղի վրա: Խաչը կանգնեցվել է արմատներով հիլիսցի, սակայն Հայաստանում բնակվող Նելսոն Օսիպովի շնորհիվ:

Հիլիսում ջերմորեն և գնահատանքով են խոսում Նելսոն Օսիպովի մասին: Բազմաթիվ բարեգործությունների հեղինակ իրենց համերկրացին չի կարողանում կտրվել պապենական գյուղից, ապրում է գյուղի դարդ ու ցավերով, ուրախանում և հպարտանում է հաջողությունների համար:

Վերանորոգելով պապենական տունը՝ Նելոսոն Օսիպովը հաճախակի է այցելում գյուղ, իր շուրջը հավաքում համագյուղացիներին: Նրա ամենօրյա ուշադրության կենտրոնում է հարազատ գյուղի բարեկարգումն ու շենացումը:

Բարի և սրտացավ հայը մեծ տեղ է տալիս ուսմանն ու մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը և պատահական չէ, որ նրա ուշադրությունը սևեռված է նաև դպրոցին ու աշակերտներին: Ամենամյա նրա այցելություններից  ուրախանում են դպրոցականները և սրտատրոփ սպասում սպասված հյուրին: Նրանք գիտեն, որ իրենց համերկրացին դատարկաձեռն չի գալու և անպայման դպրոցական իրեր է բերելու իրենց համար:

Նելսոն Օսիպովը մտածում է այնպես անել, որպեսզի իրենց փոքրիկ գյուղը լայն ճանաչում ստանա և այդ նպատակով գյուղի ներքևում որոշել է հանգստի գոտի կառուցել, գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը: Չէ որ Արցախի այս հին բնակավայրն ունի կախարդական բնություն, անմահական և սառնորակ աղբյուրներ, իսկ որ ամենակարևորն է՝ հյուրասեր ու աշխատասեր ժողովուրդ:

Ինչպես հիլիսցիներն են տեղեկացնում, սեփական ջանքերով և համագյուղացիների օգնությամբ նա սկսել է գյուղի Հայրենական Մեծ և Արցախյան պատերազմներում զոհված հիլիսցիների հիշատակին կանգնեցված հուշարձանի վերանորոգման աշխատանքները: Այդ վեհ գործը, որ սկսել է բարերարը, հիլսիցիները մեծ խանդավառությամբ և հպարտությամբ են ընդունել և պատրաստ են համատեղ ուժերով այն ավարտին հասցնել: Այս փոքրիկ գյուղում կատարված ամեն մի բարի գործ արժանանում է բարձր գնահատանքի, օրհնվում յուրաքանչյուրի կողմից:

Օգնել, սիրել, ուշադիր լինել ամեն ինչի հանդեպ՝ հենց դա պետք է լինի մեր բոլորիս ամենօրյա մտածումը, և դրանով մենք կկարողանանք Աստվածահաճո լինել:

Թող իրականություն դառնան հիլիսցիների բոլոր երազանքները, թող գյուղը ծլի ու ծաղկի և ավելանան մանկան ճիչերը: Համոզված ենք՝ Աստծո օրհնությամբ և բոլոր հիլիսցիների համագործակցությամբ դրանք ի կատար կածվեն…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter