ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է |
08.09.2019 12:36 |
Անժխտելի է, որ Արցախում ամեն մի ընտրության անցկացումը ևս մեկ քայլ է դեպի ժողովրդավարություն։ Այսօր առավոտյան ժամը 8-ից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություների մեկնարկը տրվել է։ Ասկերանի շրջանի քվեարկելու իրավունք ունեցող 11748 քաղաքացի իր ձայնն է տալու իր նախընտրած համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի օգտին։ Ինչպես տեղեկացրեց տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Միրզոյանը, ժամը 11-ի դրությամբ շրջանի 42 ընտրական տեղամասերում 2924 ընտրող կամ ընտորղների ընդհանուր թվի 24.9 տոկոսն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը։ Կարեն Միրզոյանի հավաստմամբ ընտրությունների ընթացքը բավականին ակտիվ է և որևէ ահազանգ խախտումների մասին չեն գրանցվել։ Ասկերան քաղաքում ձևավորված մեկ ընտրական տեղամասում, որը տեղակայված է քաղաքային մշակույթի տանը, բավականին ակտիվ է մթնոլորտը, բայց ոչ լարված։ Քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածուները երեքն են, որոնցից մեկը գործող ղեկավարը։ Ինչպես տեղեկացրեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մկրտչյանը, սահմանված կարգով առավոտյան ժամը 8-ին բացվել է ընտրատեղամասը, և այդ ժամից սկսած մարդկանց հոսքը դեռ չի դադարել։ Մարդիկ գալիս են ընտանիքներով, շատերը թոռնիկների ուղեկցությամբ։ Ժամը 12-ի դրությամբ քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածուներ Սամվել Աղաջանյանն ու Արմեն Բախշիյանն արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը։ Ընտրությունների ընթացքին հետևում են դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև համայնքի ղեկավարի թեկնածուների վստահված անձինք։ Ընտրական տեղամասում որևէ ընտրախախտում չի արձանագրվել։ Լուսինե Գասպարյանը, ով առաջին անգամ է մասնակցում ընտրություններին, կարևորում է երիտասարդ սերնդի ակտիվ մասնակցությունն ու դերակատարությունը, ինչպես նաև ճիշտ ընտրություն կատարելու միջոցով հարազատ քաղաքի զարգացմանը նպաստելը։ Անկասկած ընտրությունների ազնվությունն ու արդարությունը կախված է տվյալ երկիր քաղաքացիներից։ Հուսով ենք քվեարկության իրավունք ունեցող ամեն մի քաղաքացի ճիշտ կգնահատի ընտրությունների դերը երկրի քաղաքական զարգացման գործում: Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |