ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ
28.02.2012 22:08

   ԼՂՀ ոստիկանության ՔՎ հատուկ կարևորագույն գործերով քննչական բաժնում ԼՂՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` Ասկերանի միջնակարգ դպրոցում յուրացումների և վատնումների փաստի առթիվ:

   Ըստ քրգործի նյութերի` Ասկերան քաղաքի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը 2009-2010թթ. ուսումնական տարում Ասկերանի շրջանի Ակնա տեղամասում երեխաների դասավանդումը կազմակերպելու համար ձևավորել է մեկ դասարան կոմպլեկտ, դասավանդումը կազմակերպել մինչև 2009թ. դեկտեմբեր ամիսը, որից հետո դասընթացներ չեն կազմակերպվել, սակայն պաշտոնեական փաստաթղթի կեղծմամբ հաշվարկել ու դպրոցի ուսուցիչներ Ռուզաննա Բադալյանին, Սուսաննա Պետրոսյանին, Էրիկ Մելքումյանին և Անուշ Ավանեսյանին վճարել է ընդհանուր առմամբ

926.280 դրամ աշխատավարձ` վատնման եղանակով այն հափշտակելով:

 

   Այնուհետև, Ռոմելա Գրիգորյանը  2010-2011թթ. ուսումնական տարում Ասկերանի շրջանի Ակնա տեղամասում երեխաների դասավանդումը կազմակերպելու համար ձևավորել է դասարան-կոմպլեկտ: Դասընթացներ չեն կազմակերպվել, սակայն դպրոցի ուսուցիչներ Ռուզաննա Բադալյանին, Սուսաննա Պետրոսյանին, Էրիկ Մելքումյանին, Լիաննա Ծատրյանին և Նանար Առստամյանին վճարել է ընդհանուր առմամբ 1.472.149 դրամ աշխատավարձ` վատնման եղանակով այն հափշտակելով:

   Այնուհետև, Ռոմելա Գրիգորյանը, 2011-2012թթ. ուսումնական տարում Տիգրանակերտ տեղամասում երեխաների դասավանդումը կազմակերպելու համար 1.5 դասարան կոմպլեկտի փոխարեն ձևավորել է 2 դասարան կոմպլեկտ, որի համար լրացուցիչ ձևակերպել է 0.5 հաստիք հավաքարար, 0.25 հաստիք վառարան վառող, 0.5 հաստիք տնօրեն ու 18.5 ավել դասաժամ և Անժելիկա Համբարձումյանին, Սուսաննա Պետրոսյանին, Նունե Հայրապետյանին, Էրիկ Մելքումյանին, Նունե Արզումանյանին, Նանար Առստամյանին, Քրիստինե Գևորգյանին և Աշոտ Ասրյանին վճարել ընդհանուր 743.197 դրամ աշխատավարձ` վատնման եղանակով հափշտակելով այն, իսկ որպես տեխաշխատակից ձևակերպված Իրինա Սարգսյանի անվամբ հաշվարկված 84.174 դրամ աշխատավարձը ստացել է անձամբ` յուրացման եղանակով հափշտակելով:

   Դարձյալ նույն անձը 2009-2010թթ. և 2010-2011թթ. ուսումնական տարում դպրոցում ձևակերպել է ասեղնագործության ու կարուձևի խմբակ և խմբակավար նշանակել դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Գևորգյանին: Խմբակը չի գործել, սակայն վերջինիս անվամբ հաշվարկվել է ընդհանուր առմամբ 1.069.210 դրամ աշխատավարձի գումար, որը վճարացուցակներում ստորագրելու եղանակով ստացել է անձամբ` յուրացման եղանակով այն հափշտակելով:

   Այնուհետև, Ռոմելա Գրիգորյանը 2009-2010թթ. և 2010-2011թթ. ուսումնական տարում դպրոցում ձևակերպելով խմբակ` խմբակավար է նշանակել դպրոցի ուսուցչուհի Էլոնա Ապրեսյանին: Խմբակը չի գործել, սակայն վերջինիս անվամբ հաշվարկվել է ընդհանուր առմամբ 383.853 դրամ աշխատավարձի գումար, որը վճարացուցակներում ստորագրելու եղանակով ստացել է անձամբ` յուրացման եղանակով հափշտակելով:

   Նույն անձը 2010-2011թթ. ուսումնական տարում դպրոցում ձևակերպել է խմբակ և խմբակավար նշանակել դպրոցի ուսուցչուհի Տաթև Պետրոսյանին: Խմբակը չի գործել, սակայն վերջինիս անվամբ հաշվարկվել է ընդհանուր առմամբ 167.963 դրամ ֆիզարձակուրդի գումար և աշխատավարձ, որը ստացել է անձամբ` յուրացման եղանակով այն հափշտակելով:

   Դարձյալ նույն անձը 2009-2010թթ. ուսումնական տարում, փոխտնօրեն Մարելա Ավանեսյանի հետ հանցավոր համաձայնությամբ, վերջինիս դուստր Անուշ Ավանեսյանին ձևակերպել է որպես խմբակավար: Դասընթացներ չեն կազմակերպվել, սակայն Ա.Ավանեսյանի անվամբ հաշվարկել ու վճարել է ընդհանուր առմամբ 149.656 դրամ ֆիզարձակուրդային գումար և աշխատավարձ, վատնման եղանակով այն հափշտակելով:

   Բացի այդ, Ռոմելա Գրիգորյանը Ռիտա Գրիգորյանին, Օֆելյա Մեժլումյանին, Վալիդա Սարգսյանին 2009-2012թթ. ուսումնական տարիներին կեղծ ձևակերպել է որպես հավաքարար, 2009-2012թթ. ուսումնական տարիներին Ազատ Աղասյանին և Շուրիկ Գրիգորյանին` որպես պահակ, 2009-2010թթ. ուսումնական տարում Նազիկ Բալասանյանին` որպես օպերատոր, 2011-2012թթ. ուսումնական տարում Անահիտ Ասծատրյանին` որպես օպերատոր, 2010-2011թթ. ուսումնական տարում Սյուզաննա Աղաջանյանին` որպես քարտուղար-մեքենագրուհի: Վերջիններս նշված պաշտոններում երբևէ չեն աշխատել, սակայն նրանց անվամբ հաշվարկել ու անձամբ ստացել է ընդհանուր 4.975.544 դրամ արձակուրդային գումար և աշխատավարձ, յուրացման եղանակով այն հափշտակելով:

   Հիշյալ քրգործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնոմ է ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

genprocnkr.am

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter