ՀԱՅՏՆԻ ԵՆ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ |
09.09.2019 14:44 |
Ժողովրդավարական երկիր կառուցելու գլխավոր երաշխիքներից մեկն էլ արդար ընտրությունների միջոցով պետական իշխանության ձևավորումն է։ Արցախում կայացան՝ ժողովրդավարական և միազգային նորմերին համապատասխան հերթական ՏԻՄ ընտրություններ և արդեն հայտնի են դրանց նախնական արդյունքները։ Ասկերանի շրջանում համայնքների ղեկավարների 27 թեկնածու վերընտրվել է, իսկ շրջանի 11 համայնքում նոր ղեկավարներ են ընտրվել։ Այսպես, Ակնաղբյուրում համայնքի նոր ղեկավար է ընտրվել Հայկ Ավանեսյանը, Աստղաշենում՝ Արթուր Գրիգորյանը, Ավետարանոցում՝ Սևակ Բաղդասարյանը, Խանցքում՝ Առնոլդ Աբրահամյանը, Խնձրիստանում՝ Ալեքսեյ Ավանեսյանը, Ծաղկաշատում՝ Սոս Սարգսյանը, Հիլիսում՝ Արթուր Ղուլյանը, Հովսեփավանում՝ Կարեն Դանիելյանը, Նախիջևանիկում՝ Սևակ Պետրոսյանը, Նորագյուղում՝ Վլադիմիր Պետրոսյանը, Սարուշենում՝ Կարեն Գասպարյանը։ Ինչպես տեղեկացանք ՏարԸՀ-ից Բերքաձորում համայնքի ղեկավարի միակ թեկնածու Գեղամ Գրիգորյանն անհրաժեշտ քանակությամբ քվե չի ստացել։ Այստեղ սահմանված ժամկետներում անցկացվելու են նոր ընտրություններ։ Իսկ Խրամորթի և Արմենակավանի համայնքներում գրանցված երկուական համայնքների ղեկավարների թեկնածուները ստացել են ընտրողների հավասար քանակությամբ քվե։ Այս համայնքներում կատարվելու է քվեաթերթիկների վերահաշվարկ, վերանայվելու են անվավեր ճանաչված քվեաթերթիկները, եթե արդյունքները չփոխվեն՝ թեկնածուների ներկայությամբ կկատարվի վիճակահանություն։ Նշենք, որ շրջանի 42 համայնքում առաջադրված է համայնքի ղեկավարի 83 թեկնածուների շարքում կին թեկնածու չի եղել։ Ու ընդհանրապես, ՏԻՄ ընտրություններին կանանց մասնակցության պասիվություն է նկատվել։ Ավագանու անդամների ընտրույթունների մասին խոսելով ՏարԸՀ-ում հայտնեցին, որ առաջադրված 228 ավագանու անդամի թեկնածուներից ընտրվել է 207 ավագանու անդամ։ ՏարԸՀ նախագահ Կարեն Միրզոյանը նշեց, որ ընտրություններն անցել են արդար և թափանցիկ, որոնց ընթացքը խոչընդոտող որևէ դեպք չի արձանագվել, գրավոր դիմում-բողոքներ չեն ներկայացվել։ Ի հայտ եկած որոշ թերություններ տեղում շտկվել են, երկու հոգու էլ անձնագրային բաժնի կողմից՝ լրացուցիչ ընտրացուցակով տրվել է ընտրելու իրավունք։ Ընդունված է համարել, որ ընտրողը հասարակության բավականին միամիտ անդամ է, ով հետաքրքրված լինելով իր միջավայրի հոգսերով հավատում է, որ այն մարդիկ, ում համար նա կքվեարկի, հուսախաբ չի անի և հոգ կտանի ողջ հասարակության բարօրության մասին։ Հուսանք, որ մեր ժողովրդի ընտրյալները կարդարացնեն իրենց ընտրողների հույսերն ու սպասումները։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |