ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ 58-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ |
13.09.2019 17:07 |
Իսկապես, Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Այն ձեռք է բերվում ամեն մի սերնդի հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Նժդեհյան հայրենապահպանության ու հայրենասիրության այս որակներով է կրթվում ու դաստիարակվում այսօր Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի յուրաքանչյուր աշակերտ։ Հավատարիմ մնալով ավանդույթին, սեպտեմբերի 13-ին դպրոցում կազմակերպվեց նկարչության մրցույթ՝ նվիրված §Մարտական խաչ¦ երկրորդ աստիճանի շքանշանակիր Վիտալի Պետրոսյանի ծննդյան 58-րդ տարեդարձին։ Միջոցառումը կազմակերպվել է դպրոցի միջին և ավագ օղակներում, որին մասնակցելու ցանկություն էր հայտնել 13 աշակերտ։ Հուշամրցաշարի կազմակերպիչ Լիդա Հայրիյանն արձանագրելով մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած աշակերտների թիվը զարմացավ՝ կրկի՞ն ճակատագրական թիվ է սա, թե ուղղակի համընկնում։ Չէ որ հերոսին ողջ կյանքի ընթացքում կարծես թե հետապնդում էր 13-ը։ Ծնվել է սեպտեմբերի 13-ին, զոհվել՝ ապրիլի 13-ին, արցախյան ազատամարտի տարիներին պահված օրագրերի թիվը 13-ն է, գյուղի զոհված 13-րդ ազատամարտիկը... Շուրջ երեք ժամ տևած նկարչության մրցույթին աշակերտներից յուրաքանչյուրն իր նկարում ներդրել է անսահման սեր ու նվիրվածություն չքնաղ արցախյան բնությանը, հարազատ բնօրրանին։ Դատելով նկարներից, աշակերտներն ամբողջ հոգով ու սրտով կապված են հարազատ ծննդավայրին, որտեղ էլ տեսնում են իրենց ապագան... Կարծես թե դպրոցի աշակերտները ժառանգել են տաղանդավոր նկարչի բնատուր ձիրքը։ Ինչը հպարտությամբ են փաստում նաև ուսուցիչները, որ աշակերտներ կան, ովքեր ուսման մեջ թերանալով հանդերձ՝ հրաշալի նկարում են։ Մրցույթի արդյունքների ամփոփմանը ներկա էին դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, հերոսի հարազատները։ Հանձնաժողովի անաչառ ու օբյեկտիվ գնահատմամբ առաջին մրցանակային տեղը տրվեց Էլեն Ղահրամանյանին, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Մարատ Սարգսյանն ու Վարդուհի Մարդյանը։ Հաղթողները պարգևատրվեցին դպրոցի տնօրենի պատվոգրերով և հերոսի հարազատների կողմից պատրաստված նվերներով։ Նվերների արժանացան նկարչության մրցույթին մասնակցած բոլոր աշակերտները։ Նշենք, որ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վանյա Պետրոսյանը նախօրոք անցկացրել էր մինի ֆուտբոլի և շախմատի հուշամրցաշարեր։ Մինի ֆուտբոլին մասնակցում էր 5 թիմ, որոնց միջև ծավալված համառ պայքարում 1-ին մրցանակային տեղը գրավեց 8-րդ դասարանի թիմը, երկրորդ հորիզոնականում 9-րդ դասարանի թիմն էր, իսկ երրորդում՝ 7-րդ Ա դասարանի թիմը։ Շախմատի հուշամրցաշարին, որն անցկացվեց երկու փուլով՝ մասնակցում էր 12 աշակերտ։ Մրցույթի արդյունքների ամփոփումով պարզ դարձավ, որ դպրոցի շախմատի չեմպիոն է դարձել Արթուր Շահբազյանը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Վլադիմիր Ծատուրյանն ու Վադիմ Սարգսյանը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն ու աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և նվերներով։ Սրտի խոսքով ելույթ ունեցան դպրոցի տնօրեն Էրիկ Վարդանյանը, զինղեկ Արթուր Հայրապետյանը, հերոսի եղբայր և մարտական ընկեր Վլադիմիր Պետրոսյանը։ Նրանց խոսքն ամփոփեց Լիդա Հայրիյանը՝ կոչ անելով աշակերտներին ուսման մեջ առաջադիմությամբ, մարզական կյանքում ակտիվությամբ, բազմակողմանի զարգացած տաղանդով և հայրենասիրությամբ միշտ ձգտել նմանվել Վիտալի Պետրոսյանին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|