ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ, ՍԶՆԵՔՑԻՆԵՐ… |
16.09.2019 16:29 |
Սեպտեմբերի 15-ին Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում հանդիսավոր օր էր: Տոնական և նշանակալից այս օրը գյուղում և գյուղից դուրս ապրող բոլոր սզնեքցիները բերկրանքով և յուրահատուկ հպարտությամբ էին տոգորված: Արցախյան փոքրիկ և գողտրիկ գյուղն իր 302-ամյա տարեդարձն էր տոնում, և բարի այս ավանդույթh իր շուրջն էր հավաքել ոչ միայն համագյուղացիներին: Սզնեքցիների ուրախությունը կիսելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրեր: Գյուղում կրկնակի տոն էր, քանզի իրականություն էր դարձել սզնեքցիների վաղեմի երազանքը՝ վերակառուցվել էր հանդիսությունների տան շենքը: Համայնքի բնակչությունն իր հաստատակամության և համախմբվածության շնորհիվ կարողացավ հասնել իր նպատակին: Երեք տարի շարունակվող շինարարական աշխատանքներն ավարտին էին հասել Արայիկ Հարությունյանի անմիջական աջակցությամբ և ԱՀ կառավարության շնորհիվ: Հանդիսությունների տունը ևս կահավորվել էր Արայիկ Հարությունյանի միջոցներով: Ուշագրավ էր տեսնել, թե ինչպիսի խանդավառությամբ էին սզնեքցիները հավաքվել նորակառույց հանդիսությունների տան բակում, նրանք իրենց տվել էին հիշողություններին: Ժամանակին այս շենքը կարի ֆաբրիկա էր, որտեղ աշխատում էր հմուտ ու բանիմաց ավելի քան 40 դերձակ և գյուղի համբավը հասցնում տարբեր տեղեր: Այսօրվա սզնեքցին հպարտանում է իր անցյալով. նախկին Սզնեքը հայտնի էր իր քաղաքակիրթ, կարգապահ, ստեղծագործ և ուսումնատենչ լինելով և պատահական չէր, որ գյուղը <<Փոքր Թիֆլիս>> էին անվանում: Սզնեքի հանդիսությունների տան հանդիսավոր վերաբացման արարողությունից հետո միջոցառման մասնակիցները ծաղիկներ տեղադրեցին Հայրենական Մեծ և Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին կառուցված հուշահամալիրին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: Ապա միջոցառումը շարունակվեց Ներքին Սզնեքի Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցում: Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մելիքսեթ Սահակյանը. -Այսօր կրկնակի տոն է բոլորիս համար, գյուղի օրվան գումարվել է նաև հանդիսությունների տան վերաբացման առիթը: Սզնեքցիներիս աչքերում ես ուրախություն և երախտագիտություն եմ տեսնում: Այո՛, մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, որոնց աջակցության և կամեցողության շնորհիվ ի կատար է ածվել մեր երազանքը: Այս գեղեցիկ տոն օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում կապույտ երկինք և բոլոր իղձերի իրականացում: Համոզված եմ՝ մեր միասնական և սրտացավ այս մեծ ընտանիքով մեծ հաջողությունների կհասնենք: Համայնքի ղեկավար Էդուարդ Մուսայելյանի ելույթն առլեցուն էր շնորհակալանքով: Նա երախտապարտ էր ԱՀ կառավարությանը, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին, Ասկերանի շրջվարչակազմին, գյուղի ողջ բնակչությանը: -Հիրավի, աննկարագրելի ուրախ ենք, որ վերջապես ունենք հանդիսությունների տուն, որտեղ կարող ենք հարսանիքներ, կնունքներ և տարաբնույթ միջոցառումներ անել: Մեր գյուղն Արցախի հինավուրց բնակավայրերից է, ինչի մասին են վկայում պահպանված պատմամշակութային հուշարձանները: Ամենահին պատմական հուշարձաններից է <<Պառավ խաչ>> կոչվող սրբավայրը, որտեղ գտնվող խաչքարերը 10-11-րդ դարերի թվագրությամբ են արձանագրված, իսկ գյուղամիջում գտնվող <<Սուրբ Աստվածածին>> եկեղեցին կառուցված է 1849 թվականին: Հնագույն հուշարձաններից են <<Խաչի խութ>> և <<Կաղնի խաչ>> կոչվող գերեզմանատեղիները: Գրավոր աղբյուրների համաձայն 1890-ական թվականներին գյուղում կար 92 տուն և 727 բնակիչ, իսկ այսօր՝ 32 տուն և 130 բնակիչ: Ի սկզբանե, սզնեքցիները հայտնի էին իրենց ինտելեկտով, ուսման հանդեպ անհագ տենչով և աշխատասիրությամբ: Հպարտությամբ եմ շեշտում, որ չնայած մեր դպրոցում աշակերտների քանակը փոքրաթիվ է, սակայն դպրոցը ճանաչվել է շրջանի և հանրապետության լավագույն դպրոցների մեկը: Վերջին տարիներին մեր կրթօջախը մեծ համբավ է ձեռք բերել ողջ հանրապետությունում՝ ի շնորհիվ աշակերտների տարբեր մրցույթներում և օլիմպիադաներում ունեցած հաջողությունների՝ ստանալով գովասանագրեր, դիպլոմներ և տարբեր մրցանակներ: Սզնեքում հիմնականում տարածված էր դերձակությունը և ոսկերչությունը: 1930-1950 թվականներին այստեղ գործում էր կարի ֆաբրիկա, որտեղ աշխատում էր 40 մեքենա: Մեր ժողովուրդը միշտ էլ հայտնի է եղել որպես աշխատասեր և շնորհաշատ ժողովուրդ: Սզնեք գյուղն ակտիվորեն և անմնացորդ նվիրվել է Հայրենիքի համար մղվող պայքարին, ինչպես Մեծ Հայրենականին, այնպես էլ Արցախյան գոյապայքարին: 105 սզնեքցի անմահացան Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, իսկ Արցախյան ազատամարտում 12 տղաներ իրենց մատաղ կյանքը զոհաբերեցին հանուն այս սուրբ հողի, իսկ մեկ սզնեքցի համարվում է անհայտ կորած: Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նահատակների շիրիմների առաջ… Այսօր մեր ամենօրյա գործունեության նպատակն է համայնքի զարգացման և հետագա բարգավաճման ապահովումը: Միայն բնակչության բարեկեցության բարձրացման ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմամբ է պայմանավորված գյուղի պահպանումը և զարգացումը: Նախորդ տարիներին ունեցանք որոշ ձեռքբերումներ և որոշակի առաջընթաց, սակայն դեռևս ունենք մտահոգիչ խնդիրներ: Օրակարգային խնդիրներից է ջրամատակարարման ներքին ցանցի կապիտալ վերակառուցումը և գյուղի գազաֆիկացումը: Այսօր մասնակից դարձանք համայնքի հանդիսությունների տան վերաբացման հրաշալի միջոցառմանը, և պահն է շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք աջակիցն ու մասնակիցը եղան համայնքի համար կարևոր այս խնդրի լուծմանը: Շենքը վերակառուցելու համար դեռևս 2016 թվականին դիմեցինք ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին, նրանից ստանալով դրական պատասխան, այնուհետև ֆինանսական աջակցություն, 2017 թվականի սկզբներին ձեռնամուխ եղանք շինարարական աշխատանքների մեկնարկին: ԱՀ կառավարության կողմից այդ նպատակով հատկացվեց ֆինանսական աջակցություն, ապա Ա. Հարությունյանի անմիջական աջակցությամբ մեկ օրվա ընթացքում լուծվեց հանդիսությունների տան հատակի սալիկների հարցը, իսկ 2019 թվականին մեր համայնքը մեծ ուրախություն ապրեց, երբ նա հատկացրեց գեղեցիկ ու որակյալ սեղաններ և աթոռներ: Մեր երախտագիտությունը հայտնենք բոլոր վարպետներին ու բանվորներին, ովքեր քրտնաջան աշխատանքով իրականացրեցին շինարարական ծավալուն աշխատանքները: Պետք է փաստենք, որ մեր գյուղում իրականացվող ցանկացած աշխատանք մշտապես գտնվում է Ասկերանի շրջվարչակազմի ուշադրության կենտրոնում, ինչի համար գյուղի բնակչության անունից շնորհակալություն ենք հայտնում: Շնորհավորանքի խոսք ասաց ուսուցիչ Շահեն Մարգարյանը: <<Գյուղը, ինչպես և մարդը, գնահատվում է ոչ միայն իր ապրած տարիներով, այլ՝ ապրած տարիների որակով: Իմ փոքրիկ Սզնեքը Արցախ աշխարհին տվել է մարդկային գոհարներ: Նշանավոր և անվանի մարդիկ, որոնցով հպարտանում է մեզանից յուրաքանչյուրը: Սզնեքը դարերի խորքից դեպի դարերն է գնում՝ հաստատելով իր հավերժությունը>>: Թոշակառու ուսուցիչ, զոհված ազատամարտիկի հայր Արտյուշա Միքայելյանի ելույթը մի յուրահատուկ կոչ կարելի էր համարել. -Գյուղի ապագան ինձ ավելի շատ է մտահոգում, քանի իմ սեփական ցավը, որ ինձ հետ է մշտապես: Հարգելի համագյուղացիներ, մի լքե՛ք մեր գյուղը, արմատախիլ ծառի մի վերածեք հայրական ձեր տները: Ավագ սերունդը հպարտորեն է կատարել իր առաքելությունը և էստաֆետը հանձնել երիտասարդությանը: Պահեք ու պահպանեք հայրենի գյուղը, ինչպես կպահեիք ձեր ծերացած ծնողին: Ժամանակն է փրկելու կործանվող մեր հարազատ բնօրրանը… Տա Աստված, որ գյուղում ավելանան նորաստեղծ ընտանիքները և մանուկների ճիչերից զարմանան և ուրախանան գյուղի բազմադարյա ծառերը, որոնք ականատեսն են մեր գյուղի հարուստ պատմությանը… Համայնքի ղեկավարը շեշտեց բոլոր այն բարերարների անունները, ովքեր ապրում են գյուղի կյանքով, աշխատում ինչ-որ կերպ աջակից լինել: Այդ շարքում հատուկ տեղ էին գրավում ռուսաստանաբնակ, Սզնեքի պատվավոր քաղաքացի Վալերի Ասծատրյանը, երջանկահիշատակ Բելա Առստամյանի ամուսին Վագիֆ Աթայանը, որոնց կատարածը գյուղի համար քիչ չէ և կրում է շարունակական բնույթ: Ոչ ոք չի կարող մոռանալ, որ 2018 թվականին վերակառուցվեց գյուղամիջյան աղբյուրը և հարևանությամբ կառուցվեց սրբատեղի՝ <<Տանձի խաչ>> հին խաչքարը վերականգնվեց և նրա կողքին կառուցվեց նոր խաչքար: Բարեկարգվեց հարակից տարածքը, կառուցվեցին հենապատեր: Շինարարության ողջ ծախսերն իր վրա էր վերցրել Վագիֆ Աթայանը: Համայնքի բնակչության երախտագիտության վառ արտահայտումն էր համայնքի ավագանու ընդունած որոշումը՝ Վագիֆ Իվանի Աթայանին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին, ինչի մասին սիրով իրազեկեց համայնքի ղեկավարը: Միջոցառման վերջում Վալերի Ասծատրյանը նվեր հանձնեց դպրոցը համալրած առաջին դասարանցի Արման Աղաջանյանին: Հանդիսավոր միջոցառումից հետո սզնեքցիների համար կազմակերպվեց հյուրասիրություն, որը բնակչության համերաշխության և միաբանության ևս մի ապացույցն էր: Ցանկանում եմ իմ այս հոդվածն ավարտել Ներքին Սզնեքի համայնքի ղեկավար Էդուարդ Մուսայելյանի խոսքերով.<<Այսօր գյուղում բնակվող ամեն մի սզնեքցի յուրօրինակ հերոս է՝ իր ամենօրյա կյանքով ու դժվարին աշխատանքով, քանզի նրանով է պայմանավորված գյուղի ներկան ու ապագան: Կոչ եմ անում գյուղից դուրս, հեռավոր երկրներում բնակվող բոլոր համագյուղացիներին իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալ հայրենի գյուղի բարգավաճման ու զարգացման համար>>: Բարին ընդ Ձեզ, սզնեքցիներ… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |