ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉԵՐ
17.09.2019 16:41

Արցախյան ազգային ազատագրական սուրբ պայքարի տարիներին մարդկային բազում ճակատագրեր են խեղվել, բազում հերոսներ նահատակվել։ Շատերն էլ ստիպված Հայրենիքից հեռացել ու վտարանդի են դարձրել։ Սակայն հայը որտեղ էլ եղել, Հայրենիքի երգն ու կարոտը սրտում միշտ վառ է պահել՝ իր անսահման սերն արտահայտելով նաև սրտաբուխ ստեղծագործություններում...

Հայրենիքի հանդեպ սերը խորքային զգացողություններից մեկն է, որը ամրագրված է մարդկային հոգում դարերով և հազարամյակներով:  Անժխտելի է, որ մեզ համար անչափ թանկ են մեր զավակները, ծնողները, հարազատները, իսկ սերը նրանց հանդեպ խտացված է մեկ ամբողջական բառի մեջ՝ Հայրենիք, որի հանդեպ սերն ավելի է ուժգնանում, երբ նրանից հեռանում ես։

Նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ անչափ մեծ էր ուրախությունս ու բերկրանքս՝ միախառնված հուզմունքի հետ, երբ ստացա ուսուցչուհուս մակագրությամբ նրա բանաստեղծությունների գիրքը՝  ՙԿարոտի կանչեր՚  վերնագրով։ Գիրքը Ջուլիետտա Խաչատրյանի խտացած կարոտն է հայրենի Խրամորթի, նրա չքնաղ ու անկրկնելի բնության, բարձրաբերձ լեռների, տոթակեզ դաշտերի, բարի ու բազմաչարչար համագյուղացիների հանդեպ։

Բոլորիս հիշողություններում դեռևս բավականին թարմ են արցախյան ազատամարտի ծանր տարիները, երբ մեր հայրենակիցներից շատերը ճակատագրի բերումով հայտնվեցին օտար, ամայի ճամփեքին։ Բաղձալի հաղթանակից հետո շատերը հայրենադարձվեցին, շատերն էլ հարազատ հող ու ջրի կարոտը սրտում խեղդած համակերպվեցին ՙօտարական՚ մակդիրի հետ։

Ամեն անգամ, երբ լուրեր էին շրջանառվում, որ օմոնականները ներխուժում են հայկական բնակավայրեր և խուզարկումներ իրականացնում, ձերբակալում երիտասարդներին՝ Ջուլիետտա Խաչատրյանը հորդորում էր մեզ զգույշ լինել, ամբողջ սրտով ցավում մեր ազգին պատուհասած մեծ արհավիրքի համար։

Աստիճանաբար շարժումը վերածվեց զինված հակամարտության և մեր շրջանից առաջին մեծ հարվածն իր վրա վերցրեց Խրամորթը, որը գտնվելով թշնամու  նշանառության տակ, Աղդամից պարբերաբար անպատասխան հրետակոծության էր ենթարկվում։ Հերթական ռմբակոծության հետևանքով գյուղում  գրանցվեց առաջին զոհն ու շուրջ երկու տասնյակ մարդ՝ կանայք ու երեխաներ վիրավորվեցին։ Դա 1991 թվականի նոյեմբերի 15-ն էր։ Այսպես կամաց-կամաց դատարկվեց գյուղը, որին կրկին դաժան փորձություն էր սպասում։ Այն հերթական անգամ արժանացավ թշնամու բարբարոսություններին...

Տասնյակ տարիներ ապրելով օտարության մեջ իմ ուսուցչուհին` զրկված լինելով հայրենի լեզվով սերունդների դաստիարակությամբ զբաղվելու գործից, իր մտքերն ու զգացմունքները սկսեց թղթին հանձնել։ Կարդալով այդ բանաստեղծությունները ես մասնակիցն եմ դառնում նրա լուռ տանջանքներին ու Հայրենիքի հանդեպ անսահման կարոտին։ Այստեղ հուզմունքին միախառնվում է հպարտությունը, հայրենիքի և ամբողջ աշխարհի խաղաղությունը վեհ է ամեն ինչից, իսկ մորն ու մայր հայրենիքին նվիրված անսահման սերը հորձանուտ է տալիս, ափեափ ելնում, ինչպես որ՝

ՙՄայրական սերը երբեք չի մարի,

Եվ մեզ չի հասցնի կործմանման դարի,

Մարդի՛կ, լսեցեք խորհուրդս բարի,

Աշխարհը պետք է Մա՛յր ղեկավարի...՚։

Հարազատ ծննդավայրի կարոտը նրա հոգում պոռթկաց ու նոր երանգ ստացավ՝ մշտապես սպասումի ու կորստյան ցավն իր մեջ խեղդելով։ Իսկ ՙԻմ Խրամորթ՚ բանաստեղծության մեջ Ջուլիետտա Խաչատրյանի ու նաև ճակատագրի բերումով հարազատ ծննդավայրը լքած խրամորթցիների երազանքն է արտահայտում՝ արարել հարազատ գյուղում, ապրել նրա հոգսերով, շնչել նրա անմահական օդը, արժանի լինել իրենց կյանքը զոհած քաջ տղաների կատարած սխրագործություններին և... հավիտյան հանգիստ գտնել հարազատ բնօրրանում...

Քո ծոցի մեջ եմ ես աշխարհի եկել,

Անսահման սիրով մայր հողը հերկել,

Մեր եկեղեցում մեղքերս հերքել,

Քեզ երկրպագել, քո սերը երգել։

Դու սրբայվայր ես կյանքում ինձ համար,

Ուխտի եմ գալիս ես ամեն ամառ,

Գեղեցիկ տեղեր շատ կան անհամար,

Բայց դո՛ւ ես չքնաղ, դո՛ւ սեր իմ անմար։

Աչքիս առաջ ես գիշեր ու ցերեկ,

Կարծես եղել եմ ես այդտեղ երեկ,

Իմ գյուղացիներ, միշտ հպարտ եղեք,

Այդտեղ են ծնվում քաջ-հերոս տղերք։

Մի նոր սերունդ է հիմա մեծանում,

Եվ միշտ պապերի գործով պարծենում,

Վարում են, ցանում, ամեն ինչ անում,

Նրանց ես խաղաղ կյանք եմ ցանկանում։

Գյուղ իմ, սպասում ես... Ես մի օր կգամ,

Ամեն ծառ ու թուփ կգրկեմ, կլամ,

Ամենուր ման գամ կարոտս առնեմ,

Այստեղ եմ ծնվել, այստեղ էլ մեռնեմ...

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter