ՄԵԾ ԳՈՐԾԵՐԸ ՄԵԾ ԶՈՀԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
28.02.2012 22:52

   Վաղնջական ժամանակներից հայի ճակատագիրը որոշված էր կարծես. տանջվել, մաքառել, պայքարել… ու հաղթել: Ոչ ոքի երբեք չի հաջողվել հային կոտրել, նա միշտ էլ կարողացել է պահել իր հավատքը, լեզուն, հայրենիքն ու հայ մնալ: Արցախյան պատերզմն էլ ասես հերթական արհավիրքը լիներ հայի համար: Փոթորկի նման եկավ ու անցավ: Անցավ, բայց իր հետ բազում ջահել կյանքեր տարավ: Խլեց ու տարավ ամենալավերին, նվիրյալներին: Թողեց որբացած մանուկներ, ողբացող մայրեր, մորմոքված ժողովուրդ: Բայց մենք դրան էլ դիմացանք. մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում:

   Փետրվար ամիսը ասկերանցիների համար պատմական նշանակություն ունեցող ամիս է: Հենց փետրվարին ասկերանցի-հայը ցույց տվեց իր անկոտրում կամքն ու համարձակությունը` դիմադրելով թուրք-ազերիների գազազած ու վայրենի խուժանին: Փետրվարին ազատագրվեց նաեւ Խոջալու գյուղը` բացելով Ասկերանը, ինչպես նաեւ այլ բնակավայրերը Ստեփանակերտի հետ միացնող արգելափակված ճանապարհը: Ավաղ, այդ օրը շատ զոհեր ունեցանք: Մենք կորցրինք դեռեւս կյանքին սիրահարված աչքերով նայող բազմաթիվ հայորդիների: Այդ օրն ասկերանցի Սամվել Ավագիմյանի համար եւս ճակատագրական օր դարձավ: Ի՞նչ իմանար, որ այլեւս չի տեսնի իր փոքրիկ տղային ու դեռեւս չծնված աղջկան, ի՞նչ իմանար, որ ջահել կինը կմնա արտասուքն աչքերին քարացած, ի՞նչ իմանար, որ մոր սիրտը հավետ պիտի մղկտար որդու անդառնալի կորուստից, ի՞նչ իմանար…Նա երազում էր ազատագրել հայրենի Խոջալու գյուղը եւ թաքուն երազանք ուներ կնոջ հետ պահած. տեղափոխվել ու ապրել իր ծննդավայրում` շենացնելով հայկական օջախը: Դեռեւս չէր բոլորել նրա 24 տարին: Նա այնքան երազանքներ ու նպատակներ ուներ, որոնք մնացին անկատար: Դաժան պատերազմ…
   Այդ փոթորկալից եւ պատմական օրերն ավելի ստույգ մեզ ներկայացրեց ազատամարտիկ, դեպքերի լիիրավ ականատես Վիգեն Գաբրիելյանը.
   -Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից սկսած, Աղդամի կողմից թշնամին հրետանու օգնությամբ բազմիցս հարձակումներ է ձեռնարկել Ասկերանի մեր պաշտպանական դիրքերի վրա, բայց միշտ էլ հանդիպելով արժանի հակահարվածի` հետ է շպրտվել:
   Ասկերանի ուղղությամբ թշնամու առաջին լուրջ եւ լայնակի հարձակումը տեղի ունեցավ 1992-ի փետրվարի 26-ին:
   Խոջալուի ազատագրման օրը, կեսօրին մոտ Ասկերանի ուղղությամբ Աղդամի կողմից թշնամու առաջին հարձակումը հետ մղվեց, որից հետո սկսվեց անդադար հրթիռահրետակոծությունը մեր բոլոր դիրքերի վրա: Հասկացանք, որ թշնամին նորից հարձակում է սկսելու: Իրավիճակը ծանր էր ավտոճանապարհի, 4-րդ եւ «Լաչին-ղույ» կոչվող բարձունքի դիրքերում: Այդ դիրքերի միջեւ, նախքան թշնամու առաջին հարձակումը, Խոջալուի խաղաղ բնակիչների մոտ 60-70 հոգանոց մի խումբ անարգել անցել էր, սակայն «Ուղտի մեջք»-ի մերձակայքում յուրայինների գնդացիրների, նռնականետերի կրակոցներից ոչնչացվել էին: Խաղաղ բնակիչների երկրորդ խումբը «Լաչին ղույ»-ի մոտ հասավ ժամը 16-17-ի կողմերը, երբ թշնամին արդեն գրավել էր այդ բարձունքը: Իսկ հայ մարտիկները նահանջած եւ դիրքավորված էին 2-րդ պաշտպանական բնագծերում:
   Ժամը 14-ի կողմերը, երբ չէին դադարում թշնամու հրթիռահրետակոծումները, «Ուղտի մեջք»-ի աջ մասի բլուրների արանքից դուրս եկավ թշնամու Տ-72 տիպի հրասայլը եւ շարժվելով` կանգնեց «Լաչին-ղույ»-ի դիմաց, ազատամարտիկներից մոտ 1 կմ հեռավորության վրա ու սկսեց հրետակոծել «Լաչին-ղույ»-ի բարձունքի մեր պահակակետերի վրա: Բացի նռնականետից, նրա դեմ պայքարելու հնարավորություններ չկար: Հրասայլը չէր շարժվում ու անդադար հրետակոծում էր, իսկ հետեւակը, լայնակի գոտի կազմած, որոնց թիվը 200-ից անց էր, սկսեց գրոհել: Հայ մարտիկները մոտ 30 հոգի, ընդունելով անհավասար մարտը, միաժամանակ օգնության դիմեցին Ասկերանի ԻՊՈՒ-ի շտաբ: Թշնամու հետեւակի մի մասն էլ հարձակման անցավ 4-րդ դիրքերի ուղղությամբ: «Ուղտի մեջք»-ի կողմերից նրանց աջակցում էր նաեւ ծանր հրետանին: Գիտակցելով, որ վերջանում էին փամփուշտներն ու նռնականետի հրթիռները` հայ մարտիկները որոշեցին նահանջել եւ դիրքավորվել 2-րդ պաշտպանական բնագծերում: Թշնամին գրավելով «Լաչին-ղույ»-ի մեր դիրքերը` այդտեղ տեղադրեց խոշոր տրամաչափի ДШК գնդացիրը եւ համատարած կրակի տակ առավ 4-րդ դիրքերը, ավտոճանապարհն ու Կարկառի ձախափնյա Ասկերանի բնակելի թաղամասերը:
«Լաչին-ղույ»-ի պաշտպանության համար բռնկված թեժ ու անհավասար մարտում ունեցանք զոհեր: Զոհվեցին Սամվել Ավագիմյանը, Յակով եւ Միքայել Արզումանյանները, օգնության հասած ջոկի հրամանատար Գրիգորի Հայրիյանը, Սամվել Ապրեսյանը, ինչպես նաեւ Շոշի վաշտի մի խումբ ազատամարտիկներից մեկ եւ վիրավորվեցին երկու ազատամարտիկներ: Մեր վաշտից վիրավորվել էր նաեւ նռնակաձիգ Բորիս Շահրամանյանը:
   Այդ օրը Ասկերանի ուղղությամբ թշնամուն միայն հաջողվել էր գրավել «Լաչին-ղույ»-ի դիրքերը:
   Փետրվարյան այդ օրերի ցրտաշունչ եւ մառախլապատ եղանակը լավ հնարավորություններ ընձեռնեցին մեր կորուսյալ դիրքերի ուղղությամբ թշնամու դեմ հակահարձակման անցնելու:
   Թելման Գաբրիելյանի ձեռնարկած հետախուզության, այնուհետեւ գրոհի արդյունքում թշնամին փախուստի է դիմել: Թելմանի արձակած ազդանշանով հայ մարտիկներն առաջանում եւ վերստին տիրում են «Լաչին-ղույ»-ի մեր դիրքերին:
   Այո՛, այս պատմական փաստերը պետք է մշտապես հիշատակվեն: Քանզի, դա է իրականությունը: Մեր սերունդները պետք է իմանան, որ նման հերոսների արյամբ ենք մենք ձեռք բերել մեր խաղաղությունը: Ու այսօր, այս փետրվարյան ցուրտ օրերին, մենք կրկին հիշում ենք մեր քաջարի հայորդիներին, վերապրում ենք քսան տարի առաջ տեղի ունեցածն ու ասում. մենք խոնարհվում ենք Ձեր առջեւ, մենք պարտավոր ենք Ձեզ ու Ձեր ընտանիքներին:

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter