ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
20.09.2019 22:36

Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի վարչակազմի խորհրդի հերթական նիստ, որը վարում էր վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների, համայնքների ղեկավարներ։ Ողջունելով ներկաներին վարչակազմի ղեկավարը շնորհավորեց

համայնքների ղեկավարներին ընտրվելու և վերընտրվելու կապակցությամբ` մաղթելով նրանց գյուղերում միասնական և համերաշխ մթնոլորտում աշխատանքներ իրականացնել՝ օրինակ ծառայեցնելով սեփական անձնվեր աշխատանքը։

Ասկերանի զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանը ներկայացրեց սեպտեմբերի 24-ին անցկացվելիք պլանային զորահավաքի մասին մանրակրկիտ տեղեկատվություն։ Անցկացվելու է Արցախի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինապարտների և ավտոմոբիլային տեխնիկայի զորահավաք։ Հերթական պլանային զորահավաքի նախապատրաստական աշխատանքները դեռևս ամիսներ առաջ են մեկնարկել և զինկոմիսարիատի կողմից մշակվել և համայնքների ղեկավարներին են ներկայացվել համայնքների զինապարտների և ավտոմոբիլային տեխնիկայի անվանացուցակները՝ ըստ  ներկայացման վայրերի։ Ա. Գաբրիելյանը կոչ արեց համայնքների ղեկավարներին աչալրջորեն վերաբերվել ծավալուն և աշխատատար այս գործընթացին՝ մշտապես կապի մեջ գտնվելով զինկոմիսարիատի հետ։

Վարչակազմի ղեկավարը մեկ անգամ ևս ներկաների ուշադրությունը հրավիրելով  զորահավաքի վրա՝ հորդորեց համայնքների ղեկավարներին պատասխանատվության մեծ զգացում ցուցաբերել՝ տեղերում տանելով անհրաժեշտ բացատրական աշխատանքներ։ Հ. Ղահրամանյանը նշեց, որ զորահավաքը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգում է վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, իսկ զորահավաքի օրը վարչակազմի ներկայացուցիչները լինելու են շրջանի խոշոր համայնքներում և հետևելու են դրանց ընթացքին։ Նա նաև հավելեց, որ գործընթացը վերահսկվելու է շրջանի ուժային կառույցների կողմից, իսկ զորահավաքից խուսափողները պատասխանատվության են ենթարկվելու օրենքով սահմանված կարգով։

Նիստի օրակարգն ընդգրկուն էր, որտեղ տեղի էին գտել մի շարք հարցեր և հայտարարություններ։

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, որի մասին մանրամասն տեղեկատվությամբ հանդես եկավ ՏարԸՀ նախագահ Կարեն Միրզոյանը՝ փաստելով, որ ընտրությունները մեր շրջանում անցել են ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, հանրապետությունում ընտրողների մասնակցության ամենաբարձր ակտիվության պայմաններում և առանց որևէ լուրջ ընտրախախտումների։

Հիմք ընդունելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը ներկայացրեց շրջանի խորհրդի կազմը հաստատելու մասին շրջվարչակազմի ղեկավարի որոշումը։

Վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը ներկայացրեց շրջանում բերքահավաքի հանրագումարի և աշնանացանի նախապատրաստության մասին տեղեկություններ։ Բաժնի վարիչը նշեց, որ ընթացիկ տարում ևս ԱՀ կառավարության կողմից շարունակվել են աջակցության ծրագրերը՝ հորօգտագործողներին տրամադրվել են գարնանացան մշակաբույսերի սերմեր, իսկ յուղատու տեխնիկական մշակաբույսերի սերմերի հետ նաև հանքային պարարատանյութեր։  Շրջանում 2019թ. բերքի տակ ստացվել է ընդհանուր առմամբ 19598տոննա ցորենի և գարու համախառը բերք։ Ցորենի միջին բերքատրվությունը կազմել է 19.9ց/հա, գարու միջին բերքատվությունը՝ 18.5ց/հա։ Ինչպես տեղեկացրեց Ա. Ղուլյանը, ներկայում ընթացքի մեջ են գալիք տարվա բերքի տակ կատարվող հերկի աշխատանքները, արդեն կատարվա ծ է 2400հա հերկ։ Նա հորդորեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ագրոտեխնիկական ժամկետներում ապահովել հողի նախապատրաստությունը ՝ ուշադրություն դարձնելով սերմերի ընտրությանն ու պարտադիր ախտահանման աշխատանքներին։

Ինչպես տեղեկացրեց Հակոբ Ղահրամանյանը, ընթացիկ տարում բնական աղետների հետևանքով վնասներ կրած հողագործները կառավարության կողմից փոխհատուցում կստանան, իսկ վերին ենթաշրջանի համայնքների ղեկավարների խնդրանքով կառավարության կողմից պտղատու այգիներ հիմնելու նպատակով անհատույց տնկիներ կտրամադրվեն։

Օրակարգի հաջորդ հարցը շրջանում վերաբնակեցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին էր, որի մասին տեղեկանք ներկայացրեց ՔՎՃ բաժնի պետ Ալբերտ Ավանեսյանը։ Ինչպես նշեց Ա. Ավանեսյանը, շրջանի վերաբնակեցվող 10 գյուղերում իհմնականում լուծված են էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, մասամբ գազաֆիկացման խնդիրները, գործում են հանրակրթական դպրոցներ։ Ձեռքբերումների կողքին առկա են նաև  բացթողումներ, ինչի վրա էլ սևեռված է բաժնի համապատասխան մասնագետների ուշադրությունը։

Խոսելով համայնքներում իրականացվող բարեկարգման աշխատանքների մասին, Կարմիր գյուղի համայնքի ղեկավար Հովիկ Պետրոսյանը մտահոգություն հայտնեց համայնքում գազաֆիկացման աշխատանքներ իրականացնելուց հետո համապատասխան ընկերության կողմից գյուղամիջյան ճանապարհներն անմխիթար վիճակում թողնելու խնդրի  մասին, ինչի կապակցությամբ վարչակազմի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ տվեց խնդրի լուծման ուղղությամբ։

Բնակարանային հարցերի հասարարական հանձնաժողովի 9 ամսվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկություն հաղորդեց հանձնաժողովի նախագահ Վահագն Առստամյանը։ Հաշվետու ժամանակաշրջանում հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է 24 համայնքների 103 քաղաքացիների բնակելի տների տեխնիկական վիճակը, 9-ը՝ գտնվում է ընթացքի մեջ։ Հանձնաժողովը կայացրել է 8 նիստ, որ արդյունքում 22 քաղաքացու դիմում մերժվել է, հաշվառումից հանվել է 8 քաղաքացի, հաշվառվել 64-ը, այդ թվում զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակելի տների վերանորոգում՝ 57, կառուցում կամ տրամադրում՝ 5, 1-ին կարգի հաշմանդամի ընտանիքի բնակելի տան վերանորոգում՝ 2։ Ինչպես տեղեկացրեց Վ. Առստամյանը, ներկայում Ասկերանի, Խրամորթի, Այգեստանի, Նորագյուղի, Սարուշենի, Շոշի և Խաչենի համայնքներում ընթացքի մեջ են առանձին սոցիալական խմբերում հաշվառված 7 քաղաքացիների բնակելի տների վերանորոգման  աշխատանքները։ Հարավի համայնքի մեկ ընտանիքի բնակելի տան վերանորոգման դիմաց տրամադրվել է փոխհատուցում։

Շրջանի բնակիչներին շինանյութերի տրամադրման հասարակական հանձնաժողովի իրականացրած գործունեության մասին տեղեկություններ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Սուրեն Թովմասյանը։ Հանձնաժողովը սկսած մարտի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ ուսումնասիրել է շրջանի 42 համայնքների բնակիչների 709 դիմումները՝ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով։ Ինչպես ներկայացրեց Ս. Թովմասյանը, ներկա դրությամբ բավարարված է 248 դիմումատուի և մեկ համայնքի խնդրանք, որոնց տրամադրվել է շինանյութ՝ ցեմենտ, փայտանյութ, պրոֆիլավոր թիթաղ։ Ընթացքի մեջ է հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած 168 դիմումատուների օգնության կարգով շինանյութերի տրամադրման գործընթացը, որը կբաշխվի մոտ ժամանակներս։

Նշենք, որ օրակարգային հարցերի քննարկման ժամանակ  ոլորտների պատասխանատուները ներկայացրեցին մանրամասն տեղեկություններ՝ պատասխանելով ներկաներին հուզող հարցերին։ Նշված հարցերի  շուրջ պարզաբանումներ կատարեց Հակոբ Ղահրամանյանը՝ որոշ դեպքերում տալով նաև հանձնարարականներ։

Նիստում սահմանված ժամկետներում 2020թ. համայնքային բյուջեի նախագծի կազմման և ներկայացման մասին հայտարարությամբ հանդես եկավ ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Նելլա Միրզոյանը՝ կարևորելով համայնքային բյուջեի ճիշտ ձևակերպումը հարկերի հավաքագրման և համայնքային բյուջեի կատարման գործում։

Նիստում հայտարարություններ հնչեցին ավագանու և համայնքների ղեկավարների որոշումները համայնքներից շրջվարչակազմ առաքման, գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրման հայտերը ժամանակին ներկայացնելուն, համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման և վարձակալության տրամադրման, ընթացիկ տարվա հոկտեմբերի 13-ին սպասվելիք բերքի տոնի կազմակերպչական աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու մասին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter