ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՁԵԶ…
20.09.2019 22:50

Հիրավի, մեծ է նա, ում սիրտը խփում է բոլորի համար: Ֆրանսիացի գրող Ռոմեն Ռոլանի այս խոսքերը վերաբերում են մեծանուն հայ, պրոֆեսոր, բարերար Գրիգորի Գաբրիելյանցին, մարդ, ում սրտացավության, բազում բարեգործությունների վկաներն ենք մենք: Ինչ նա անում է, անում է մատաղ և երիտասարդ սերունդներին ավելի ապահովված, զարգացած տեսնելու ակնկալիքով: Պատահական չէ, որ նրա նախաձեռնությամբ ստեղծվել է <<Ապագա սերունդների>> հիմնադրամը,  որի միտքը

հասարակ ու պարզ է՝ <<Այսօր՝ երեխաները, վաղը՝ ժողովուրդը>>:

Մեր ընթերցողը լավ է հիշում, որ  Գրիգորի Գաբրիելյանցի հետ մեր հանդիպման ժամանակ նա սիրով խոստացել էր իր հատուկ ուշադրությունը սևեռել Ասկերանի շրջանին, և ի ուրախություն բոլորիս, 2019 թվականին իրականացվել են բազում բարեգործություններ:

Այս անգամ հաճելի անակնկալն սպասվում էր Ասկերանի մանկապատանեկան մարզադպրոցին: Բարերարի խոսքով՝ մատաղ սերունդն ինչպես գրագետ, կիրթ, այնպես էլ ֆիզիկապես ուժեղ պետք է լինի: Նա պետք է կարողանա իր հայրերի ու պապերի արժանի հետևորդը դառնալ, իսկ դրա համար պետք է ունենա պատշաճ պայմաններ սպորտով զբաղվելու համար:

Սեպտեմբերի 20-ին Գրիգորի Գաբրիելյանցն Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելեց Ասկերանի մանկապատանեկան մարզադպրոց՝ հերթական նվիրատվությունը կատարելու համար: Ներկա էին Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, <<Ապագա սերունդների>> հիմնադրամի հասարակայնության գծով տնօրեն Սարասար Սարյանը, հյուրեր:

Ներկաներին ողջունեց Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը: Նա կարևորելով Մուայթայ մարզաձևը՝ նշեց, որ այն շատ կարևոր մարտարվեստ է:  Առաջին հերթին օգտակար է մարզիկների առողջության համար և, իհարկե, հետագայում նրանք դառնում են իսկական տղամարդիկ՝ ուժեղ, դիմացկուն:

-Հպարտությամբ և ուրախությամբ եմ շեշտում, որ Ասկերանում ունենք արհեստավարժ մարզիկներ, որոնք կարող են մտնել տարբեր ռինգեր և հաջողություններ արձանագրել: Ցանկանում եմ բոլորիս կողմից շնորհակալություն հայտնել Գրիգորի Գաբրիելյանցին, ով իր ուշադրության կենտրոնում է պահում Արցախի մարտարվեստների ասոցիացիայի գործունեությունը և այսօր այսպիսի գեղեցիկ անակնկալ է մատուցում մեր մարզիկներին:

Նշեմ նաև, որ մտադիր ենք Ասկերանում բացել Խառը Մենամարտերի խմբակ/MMA/ ևս:

Հանդիսավոր պայմաններում Գրիգորի Գաբրիելյանցի կողմից Մուայթայ մարզաձևի մարզիկները մարզական գույք ստացան և հանդես եկան ցուցադրական ելույթներով:

Երեխաների ոգևորված ցուցադրումները, նրանց պայծառ դեմքերը բավական էին, որպեսզի մեծ բարերարը ողողվեր երջանկությամբ: Գրիգորի Գաբրիելյանցը նայելով մարզիկներին՝ Արցախի ապագան ավելի վառ էր տեսնում: Եթե այսպես ոտքով ու ձեռքով կռվում են, ուժեղ և ջլապինդ են, ապա՝ վաղը մեր երկրի սահմաններն անխախտ պահողներն իրենք են լինելու: Առանձնապես ուշադրություն էր գրավում խմբակի միակ մարզուհին՝ Վիոլետտա Շահրամանյանը, որը տղաներից ոչ պակաս ակտիվ էր և ֆիզիկապես պատրաստ:

Ինչպես շեշտեց Արցախի մարտարվեստների ասոցիացիայում գործող Մուայթայ մարզաձևի Արցախի  հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսան Աղաբալյանը՝ մարզիկները պատրաստ են հանդես գալ տարբեր ռինգերում:

<<Երեխաների ցանկությունը մեծ է, իսկ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանց մեջ ավելացնենք սերը դեպի սպորտը և սերմանենք, որ հայը միշտ պետք է ուժեղ և արիասիրտ լինի>>,-ասաց Ա.Աղաբալյանը:

Ինչ խոսք, նպատակային և ուշագրավ միջոցառում էր՝ լի գեղեցիկ տպավորություններով և բարու հանդեպ մեծ երախտագիտությամբ: Անշուշտ, Գրիգորի Գաբրիելյանցի մտքում պլանավորվում էր հաջորդ այցելությունը մեր շրջան, և մենք համոզված ենք. այն չի ուշանա:

Սպասենք նորանոր հաճելի անակնկալների…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter