ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ |
23.09.2019 15:50 |
Բոլոր ժամանակներում էլ բարձր է եղել ոստիկանության ու նրա ծառայակցի դերը երկրում կարգ ու կանոնի, հասարակության անվտանգության, իրավունքների և ազատությունների, պետության մեջ օրենքի գերակայության պաշտպանության, պահպանման և ամրապնդման գործում։ Այնուամենայնիվ, ժամանակակից հասարակության մեջ բավականին դժվար է հասարակության բոլոր խավերի և պետական մարմինների կողմից օրենքի գերակայության խստորեն և կայուն պահպանումը: Այդ իսկ պատճառով իրավապահ մարմինների կողմից տարբեր ձևերով և միջոցներով հասարակության մեջ ակտիվ քարոզչություն է տարվում քաղաքացիների իրավագիտակցության աստիճանի բարձրացման ուղղությամբ։ Այս ամենը հաշվի առնելով, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում ակտիվ բացատրական աշխատանքներ են տարվում հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ՝ օրինախախտումներից հնարավորինս զերծ պահելու համար։ Սեպտեմբերի 20-ին ոստիկանության շրջանային բաժնի պետ Արթուր Բաղունցը վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանի ուղեկցությամբ այցելեց Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց՝ դպրոցականների շրջանում բացատրական աշխատանքներ տանելու` հասարակական կարգ ու կանոնի, անվտանգության պահպանման կարևորության և անհրաժշտության ուղղությամբ։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Օնիկ Գրիգորյանի կիսանդրու առջև՝ մեկ րոպե լռությամբ հարգելով հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած քաջ մարտիկների հիշատակը։ Փոխհամագործակցության հետագա զարգացման և դպրոց-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված դպրոցում կազմակերպվեց վոլեյբոլի ընկերական հանդիպում դպրոցականների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Վերջում Արթուր Բաղունցը պատվոգիր հանձնեց դպրոցին՝ ոստիկանություն-դպրոց կապի ամրապնդման և Հայաստանի Հանրապետության պետական անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ։ Նա կարևորեց սպորտի միջոցով դպրոցականների հետ ջերմ և անմիջական կապի ստեղծման արդյունավետությունը՝ հույս հայտնելով, որ փոխհամագործակցությունը շարունակական բնույթ կկրի, ինչը դրական ազդեցություն կունենա դպրոցականների իրավագիտակցության բարձրացման վրա։ Հիրավի, հասարակության շրջանում տեղ գտած արատավոր սովորույթներն արմատախիլ անելու գործում անփոխարինելի են ժամանակին կատարված պրոֆիլակտիկ և բացատրական աշխատանքները։ Հուսանք, դրանք իրենց դրական ազդեցությունը կունենան դպրոցականների լուսավոր ապագայի կերտման ճանապարհին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |