ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՊԻԿԸ |
30.09.2019 14:53 |
Թերևս, հարկ էր հիշելու ամենայն մեծ բանաստեղծի իմաստուն խոսքերը, քանզի մարդուց շատ բան չի պահանջվում իր բովանդակ կյանքում, քան մարդ լինելն ու մարդ մնալը: Այդպիսի համոզմունքներ ուներ մի մարդ, որին բոլորը ճանաչում էին իր եզակի հանդիպող անվամբ, եզակի պահվածքով ու արարքներով: Սավադ Հակոբի Գաբրիելյանը դարձել է ժողովրդական մարդ, նա չէր առանձնանում կամ փայլում բարձրագույն կրթություններով, արհեստներով ու տաղանդներով, սակայն փայլում էր ամենակարևոր` <<Մարդ >> մասնագիտության մեջ: Ծվել է 1953թ. հուլիսի 5-ին Ասկերանի Ղիլիժբաղ գյուղում, հասարակ ռամիկի ընտանիքում: Տան հոգսերի մեծագույն բեռը հենց նրա ուսերին էր, ինչը ստիպում էր նրան ավելի պատասխանատու և հասուն լինել իր գործելաոճում: Սովետական բանակում ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք, շարունակել ստեղծել ու արարել հայրենի բնօրրանում: Ամուսնացել է, ունեցել երեք արու զավակ: Հպարտ էր իր հաջողություններով և, առաջին հերթին`որդիներով ու թոռներով: Սավադ Գաբրիելյանն աշխատել է տարբեր հիմնարկ- ձեռնարկություններում որպես հասարակ վարորդ, իսկ երբ պայթել է ղարաբաղյան շարժումը, նա վարորդի իր առաքելությունը շարունակել է շարժման ակտիվիստներ՝ երջանկահիշատակ Իգոր Մուրադյանի, Կոմիտաս Դանիելյանի և այլոց հետ՝ կազմակերպելով գաղտնի ստորագրահավաքներ, ընդհատակյա հավաքներ: Պատերազմական իրավիճակներում`թեժ մարտերի ժամանակ, Սավադը <<ՈւԱԶ>>մակնիշի մեքենայով մարտի դաշտից հանում էր վիրավոր ու զոհված մարտիկներին: Վարորդ լինելը նրան մեծ բավականություն էր պատճառում, հպարտանում էր` երբ կարողանում էր ծառայել մարդկանց: Զարմանում ես, ինչպես կարելի է անընդհատ գոհանալ մի գործից, որ նշանակում է ծառայել… Նա տիրապետում էր Մարդ լինելու արվեստին, ինչը կյանքում մարդու կողմից ստացած ամենամեծ կոչումն ու մասնագիտությունն է: Սովորական վարորդի կարգավիճակից բացի նա մարդկանց հետ ապրում էր նրանց հույզերով. հարկ է նշել հատկապես այն, որ, երբ դպրոցահասակ աշակերտներին մրցումների էր տանում հանրապետությունից դուրս, ինքն ավելի մեծ ուրախություն էր ապրում, երբ թիմը հաղթանակած տուն էր բերում: Սիրում էր բարին գործել , բարին արարել: Միշտ ժպտադեմ էր, թեկուզ` սրտում թախիծ ուներ: Որդու՝ Նվերի վաղաժամ կորուստը խոր հետք էր թողել նրա՝թվում էր թե ուրախ սրտում: Միշտ հասարակ` առատաձեռն, անշահախնդիր, կյանք սիրող ու գնահատող: Ուղղակի ապշում ես` ինչպես կարող էր մարդն իր հասարակ կեցվածքով, սովորական ռամիկ լինելով հանդերձ, այդքան սիրված ու ճանաչված լինել հանրության կողմից: Պատմության դասերից մեզ հայտնի են շատ հերոսներ, ովքեր մարտի դաշտում են հերոսացել իրենց սխրանքներով, իսկ մեր պապիկը հերոսացավ հասարակական դաշտում՝ մարդկային պարզ ու շիտակ պահվածքով: Նա ապրեց այնպես, որ հողը չզգա իր ծանրությունը, նույնիսկ քայլում էր թեթև, այնպես, ինչպես բնավորությունը: Առանձնանում էր միայն առաքինություններով. չուներ մարդկային տեսակին հատուկ մոլություններ :Գրիչս չի ուզում կանգնել, շարունակ գրել է ուզում մեր՝ ժողովրդական սեր վայելած պապիկի լավ արարքների մասին: Բառերը քիչ են,ո ր բնութագրեն, թվերը քիչ են, որ չափեն նրա արարքների մեծությունը, թե՛ ընտանիքի և թե` մարդկանց հանդեպ գործած: Ուղղակի ամենապարզ ու հասարակ կեցվածքով նա գերել էր բոլորին ու, թերևս, անհավատալի է, որ նա արդեն մեզ հետ չէ, այլ մեր սրտերում: Սիրելի պապիկի վառ հիշատակը միշտ բարձր է պահվելու հարազատների ու մտերիմների կողմից, նրան հիշելու ենք նույն ժպիտով, ինչպիսին որ ինքն էր մարդկանց պարգևում: Ժողովրդի կողմից հանրաճանաչ<< վարորդ պապիկը>> մնաց կենդանի հուշ… Լուսինե Գաբրիելյան |