ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ |
09.10.2019 17:19 |
Հոկտեմբերի 8-ին Ասկերան քաղաքում կազմակերպվեց <<Գյուղատնտեսության ներկան և ապագան>> խորագրով հերթական գիտագործնական կոնֆերանսը, որը նվիրված էր ոռոգման համակարգերին և տեխնոլոգիաներին: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին Ասկերանի, Շահումյանի, Հադրութի շրջվարչակազմերի ղեկավարներ Հակոբ Ղահրամանյանը, Գագիկ Մարտիրոսյանը, Կամո Պետրոսյանը, ԱՀ գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Սաֆարյանը, ԱՀ և ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տարբեր մասնագետներ, գիտաշխատողներ: Բացման խոսքով հանդես եկավ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և նշեց, որ ոռոգման համակարգերի և տեխնոլոգիաների ոլորտը գյուղատնտեսության կարևոր մաս են կազմում: <<Բոլորս գիտենք, որ բուսաբուծության առաջընթացը էապես կախված է ոռոգման համակարգերի և տեխնոլոգիաների առաջընթացից և զարգացումից: Արցախը մակերևույթային, խորքային, գրունտային ջրերի առումով ունի սահմանափակ քանակ, ինչպես նաև աշխարհագրորեն անհամաչափ բաշխվածություն, որը բերում է բուսաբուծության ճյուղի համար տարածքային զարգացման անհամաչափությունների:Այսօր ոռոգման և տեխնոլոգիաների ոլորտում պահանջվում են լուրջ բարեփոխումներ, և կարևոր եմ համարում համաքայլ լինել գիտության հետ ու այսօրվա գիտագործնական կոնֆերանսը միտված է ոռոգման համակարգում նոր հաջողություններ գրանցելուն>>,-շեշտեց գյուղնախարարը և արդյունավետ աշխատանք մաղթեց միջոցառման մասնակիցներին՝ ակնկալելով նորանոր առաջարկություններ հողօգտագործողների կողմից: ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանի ելույթը նվիրված էր ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանն ու առկա խնդիրներին: ԱՀ ջրային ռեսուրսների և դրանց օգտագործման մասին էր ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներիայի սեյսմաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Մինասյանի ելույթը, իսկ ՀՀ ԳԱԱ տնօրեն Ջոն Կարապետյանը խոսեց ջրամբարների անվտանգ շահագործման համալիր միջոցառումների և ստուգիչ-չափիչ սարքավորումների մասին: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արիստակես Սարուխանյանն իր զեկույցը նվիրեց լեռնային գետերի ջրընդունիչ կառուցվածքների առանձնահատկություններին և շահագործման կանոններին՝ անդրադառնալով նաև ջրամատակարարման և ոռոգման համակարգերում ջրակորուստների նվազեցման խնդիրներին ու դրանց չեզոքացման ուղիներին: Մասնագետները պատասխանեցին բարձրացված հարցերին, որոնք վերաբերում էին ոռոգման համակարգերին ու տեխնոլոգիաներին: Միջոցառման մասնակիցների կողմից արվեցին նաև առաջարկներ: Գիտագործնական կոնֆերանսի նպատակն էր նաև Արցախի հողօգտագործողներին ծանոթացնել միջազգային պրակտիկայում կիրառվող վերջին նորություններին և, ինչու չէ, դրանք իրագործել նաև մեր երկրում: Նշենք, որ ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվող գիտագործնական կոնֆերանսներ են անցկացվել նաև Կարմիր շուկայում և Շուշիում, որոնք նվիրված էին բուսաբուծության, անասնաբուծության և անասնաբուժության ոլորտներին: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |