ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆ ԼԱՎ ԲԱՆ ՈՒՍՈՒՑՉԻՑ Է ԳԱԼԻՍ |
11.10.2019 11:47 |
Հոկտեմբերի 8-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ՄՊ կազմակերպիչ Գայանե Հայրիյանը տարբեր տարիքային խմբի աշակերտների մասնակցությամբ կազմակերպեց գեղեցիկ հանդես՝ նվիրված ուսուցչի մասնագիտական տոնին։ Տոնական միջոցառման մեկնարկը տրվեց կրտսեր դպրոցականների §Քաջ Նազարի¦ և §Սուտլիկ որսկանի¦ իմպրովիզացիոն բեմականացմամբ, ինչը վերջիններս մեծ վարպետությամբ հանձնեցին ներկաների դատին՝ արժանանալով ուսուցիչների ջերմագին ծափողջույններին։ Անշուշտ, մեծ ու անգնահատելի է ուսուցչի դերն ու նշանակությունը մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում։ Յուրաքանչյուր աշակերտի կյանքում ուսուցիչը ստանձնում է դժվար բաները դյուրին և անկարելին կարելի դարձնողի դերը, ում մեջ խտանում, ամբողջանում է ամենակարևոր երևույթը, ամենաուսուցանվող առարկան, ամենալավ կենդանի օրինակը։ Ուսուցչի տոնը նշվում է 1994 թվականի հոկտեմբերի 5-ից, որի գլխավոր առաքելությունն ուսուցիչներին աջակցելն է։ Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՈ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է §Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց¦ վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։ Ուսուցչի մասնագիտական տոնը Հայաստանում սկսել են նշել ավելի վաղ ժամանակներից։ Աշակերտները ներկայացրեցին Հայաստանում տոնի առաջացման պատմությունը, ըստ որի ուսուցչի տոնի հիմնադիրը Ալբերտ Մելիք-Փաշայանն է, ով եղել է ուսուցիչ, դպրոցի տնօրեն, դասախոս, բազմաթիվ գրքերի հեղինակ... Այդ նա էր, որ 1950 թվականին Հայաստանում առաջին անգամ կազմակերպեց Ուսուցչի օր, որից հետո ամեն տարի հոկտեմբերի 5-ին հանդիսավորությամբ սկսեցին նշել տոնը, որը կրում է համաժողովրդական բնույթ և սովորեցնում լինել արի և արդարացի, ազնիվ և սկզբունքային, գեղեցիկ ու կարգապահ։ Աշակերտները կարևորեցին ուսուցիչների անգնահատելի դերն արցախյան ազգային ազատագրական պայքարի տարիներին, Արցախի անկախ պետականության կերտման, ժողովրդավարական հասարակության զարգացման և մեր ժողովրդի առջև ծառացած հրատապ խնդիրների լուծման գործում։ Նրանք մեջբերեցին աշխարհահռչակ մարդկանց հզոր մտքերն ու արտահայտությունները ուսուցչի կատարած վեհ աշխատանքի, ուսուցիչ լինելու բարձր որակների մասին։ Աշակերտների ելույթներն ընդմիջվում էին բազմալեզու երգերի գեղեցիկ կատարումներով, արտասանություններով։ Վերջում դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին և միջոցառման կազմակերպիչ Գայանե Հայրիյանին՝ պարգևած հաճելի ակնթարթների համար։ Նա նաև ներկայացրեց վարչակազմի աշխատակազմի ԿՍ բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանի ուղերձը՝ ուսուցչի տոն օրվա կապակցությամբ։ -Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ ենք ստացել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարից, ոստիկանապետից, քաղաքապետից, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլորին՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար,- ասաց Մ. Ավանեսյանը։ Միջոցառումից հետո մենք հանդիպեցինք դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանին, ով կիսվեց մեզ հետ միջոցառումից ստացած տպավորություններով, ինչպես նաև անկեղծ և անմիջական զրույց ունեցանք նրա երկարամյա մանկավարժական փորձի, ուսուցչի կատարած դժվարին աշխատանքի մասին։ - Կյանքում լավ կամ վատ մասնագիտություններ չկան։ Բոլոր մասնագիտություններն էլ լավ են, ունեն իրենց յուրահատկություններն ու դժվարությունները։ Բայց ոչ ոք չի կարող ժխտել, որ ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա՝ նա ձևավորում է մարդուն։ Եվ այս օրերին՝ ուսուցչի մասնագիտական տոնին նվիրված միջոցառումներով մեր աշակերտներն իրենց անմիջականությամբ իսկականից անմոռաց պահեր պարգևեցին մեզ,- ասում է Մ. Ավանեսյանն ու հավելում, որ ուսուցիչն է կյանքի հիմնասյունը, ով կառուցում է երեխայի հոգին, ձևավորում նրա էությունը՝ իր մեջ ամբարած մտավոր հարստությունները կաթիլ առ կաթիլ փոխանցում երեխային՝ թևավորելով ու ճախր տալով նրան, հոգու և մտքի ճառագայթներով լուսավորելով նրա ճանապարհը։ Ահա թե ինչու դպրոցին անհրաժեշտ են բանիմաց, ստեղծագործող, առարկայական և մեթոդական բարձր պատրաստվածություն ունեցող ուսուցիչներ, որոնք սրտանց նվիրված կլինեն աճող սերնդի զարգացման, կրթության ու դաստիարակության կարևոր գործին, սիրեն, հասկանան երեխաներին և իրենց հարուստ կենսափորձն ու գիտելիքները հաղորդեն նրանց։ Եվ իզուր չէ ասված, որ գալիքն ուսուցչի ձեռքերում է։ Ինչպիսի՞ն պիտի լինի իսկական ուսուցիչը հարցին ի պատասխան Մ. Ավանեսյանն ասաց. -Ուսուցիչը միշտ պետք է լինի իր բարձրության վրա, միշտ ցանի մարդասիրության և բարության սերմեր, պետք է անմնացորդ սիրի իր աշխատանքը, երեխաների աշխարհը, ձգտի սաներին մտածել սովորեցնել։ Միայն այդ դեպքում նա գնահատված լինի աշակերտների կողմից։ Երջանիկ է այն աշակերտը, ով հանդիպում է այնպիսի ուսուցչի, ով սովորեցնում է մարդ լինել։ Այս ազնիվ ու մարդասիրական մասնագիտության տերերի համար մանկավարժի դիպլոմ ունենալը քիչ է։ Պետք է տիրապետել նաև մեծագույն արվեստին՝ երեխաներին սիրելու արվեստին, երբեք չմոռանալով, որ ինքն էլ մի ժամանակ աշակերտ է եղել։ Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը՝ նա լավ ուսուցիչ կլինի, իսկ եթե նա սիրում է իր աշակերտներին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի։ Մեր ուսուցիչները գիտակցում են, որ այսօրը կերտում է վաղը, այսօրվա սերմնահատիկն ապագայի հունդն է ու գալիքի բերքը... և աշխատում են անմնացորդ։ Խոսելով մանկավարժական երկարամյա գործունեությունից տնօրենը նշեց, որ մանկավարժական գործունեության ընթացքում միշտ գիտակցումով և բարձր պատասխանատվությամբ է մոտեցել սերունդների կրթության և դաստիարակության խնդրին։ - Լավ սովորեցնելու համար պետք է շարունակ սովորել և լինել աշակերտի դերում, այսպես միայն կարելի է հաջողությունների հասնել։ Եվ արդյունքն ակնհայտ է, իմ աշակերտները միշտ աչքի են ընկել բարձր առաջադիմությամբ, ամենամյա մրցանակներ են շահել օլիմպիադաներում։ Շրջանավարտներիցս մի քանիսն ընտրել են բժշկի և քիմիայի ուսուցչի մասնագիտություն։ Դա մեծ հպարտություն է ցանկացած ուսուցչի համար։ Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել բոլոր մանկավարժներին՝ մասնագիտական տոն օրվա կապակցությամբ մաղթելով նրանց երջանկություն, առողջություն, հաջողություններ անձնական կյանքում։ Թող կյանքը միայն ու միայն ուրախ անակնկալներ բերի, թող միշտ նրանց օրը բացվի լույսի ու բարու շաղախով և միշտ նրանց դեմքին շողա գոհունակության ժպիտը։ Միշտ եղեք ժպտադեմ սիրելի ուսուցիչներ, երջանիկ և ձեր վեհ աշխատանքի նկատմամբ սիրով ու նվիրումով լի,- նշեց զրուցակիցս։ Բոլոր ժամանակներում ուսուցչի կատարած անձնվեր աշխատանքը կարևորվել և գնահատվել է, քանզի նրանք իրենց ուսերին են վերցրել արժանի սերունդ դաստիարակելու պատասխանատվությունն ու ծանրությունը։ Եվ այսօր նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, երբ բարձրացել են նաև ուսուցչի հանդեպ պահանջները, անհրաժեշտ է նրանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն՝ բոլոր հարթություններում։ Հուսանք, այն համապետական նշանակություն կունենա, որի արդունքը կլինի այն, որ ուսուցիչը տարված կլինի միայն մատաղ սերնդի կրթության, դաստիարակության և զարգացած քաղաքացու ձևավորման, ինչպես նաև կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու արդյունավետությունն ապահովելու խնդրով: Շնորհավորելով շրջանի հանրակրթական դպրոցների ուսուցչիներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ենք նրանց, որպեսզի իրենց գիտելիքն ու վարպետությունը, ստեղծագործական ունակությունն ու կենսափորձը, ինչպես նաև հոգատարությունն ու ներողամտությունը, որոնք խիստ անհրաժեշտ են նոր մարտահրավերներին դիմագրավելու համար՝ օգտագործեն միմիայն խաղաղության պայմաններում։ Անձնական երջանկություն և աշխատանքային բազում հաջողություններ ձեզ։ Հավատում ենք, որ դուք շարունակելու եք ձեր բարի ու օգտակար խորհուրդներով օգնել, օժանդակել ձեր սաներին՝ յուրօրինակ ուղենիշ հանդիսանալով նրանց համար։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |