ՊԱՀՊԱՆԵՆՔ ՈՒՍՈՒՑՉԻ ԵՐԲԵՄՆԻ ՓԱՌՔԸ…
11.10.2019 17:07

Մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը, սերն ու ակնածանքը մանկավարժի մասնագիտության հանդեպ գալիս է դարերի խորքից: Եվ պատահական չէ, որ մեզանից յուրաքանչյուրը իր կյանքում ունեցած ձեռքբերումների համար իրեն պարտական է զգում մեզ գիտելիքներ մատուցած մարդկանց՝ ուսուցիչներին:

Ուսուցչի մասնագիտական տոնը մի առիթ է՝ կրկին արժևորելու ուսուցչի դժվարին ու պատվաբեր աշխատանքը, և այդ կապակցությամբ Ասկերանի §Բերդ¦ թերթի խմբագրությունում հյուրընկալեցինք Նախիջևանիկի Գևորգ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արեն Սարուխանյանին:

-Պարոն Սարուխանյան, ինչո՞ւ ընտրեցիք մանկավարժի մասնագիտությունը:

-Նշեմ, որ փոքրուց ցանկանում էի զինվորական դառնալ, սակայն հետագայում ընտրեցի մանկավարժի

մասնագիտությունը՝ գիտակցելով, որ դպրոցում ևս կարող եմ օգտակար լինել ԱՀ ՊԲ-ին՝ կրթելով ու դաստիարակելով ապագա սերնդին, ով մեր հայրենիքի վաղվա պաշտպանն է լինելու:

Ինձ համար միշտ էլ օրինակ են եղել իմ ուսուցիչները, և ես ցանկացել եմ ընդօրինակել նրանց ու սիրելով պատմություն առարկան՝ ընտրել եմ պատմության ուսուցչի մասնագիտությունը: Կարևոր եմ համարում աշակերտների մեջ լավ արմատավորել մեր պատմությունը, նրանց մեջ սերմանել հայրենասիրություն, հայի պատվախնդրություն: Առանձնապես ձգտում եմ տղաների մեջ ամրապնդել այդ զգացմունքները, ինչպես նաև հորդորում եմ լինել կարգապահ, ընկերասեր, ազնիվ: Չէ որ ծառայության ժամանակ դրանք շատ են հարկավոր լինելու նրանց:

-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինեն ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները:

-Ներկայումս աշակերտների մի մասն ավելի մոտ հարաբերություններ են ձգտում ունենալ ուսուցիչների հետ, սակայն մտածում են այդ կերպ խուսափել պատասխանատվությունից, դասերը սովորելուց: Կարծում եմ՝ ուսուցիչներիս պարտականությունն է նրանց մոտ զարգացնել պլանավորված աշխատանք, ինքնապատրաստություն, որպեսզի դպրոցն ավարտելուց հետո հաստատուն քայլերով մտնեն նոր կյանք:

Միաժամանակ աշակերտի հետ կարևոր է ստեղծել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտ: Նա քո մեջ պետք է տեսնիև՛ ուսուցչին, և՛ հավատարիմ ընկերոջը: Ամենակարևորը համարում եմ այն, որ ուսուցիչը պիտի իր անձնական օրինակով ծառայի իր աշակերտներին, սիրի նրանց և իր դասավանդած առարկան:

-Ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում կրթության բնագավառում:

-Իմ կարծիքով որոշ առարկաների դասավանդումը չի համապատասխանում երեխաների տարիքին: Օրինակ, պատմություն առարկան սկսում են ուսումնասիրել 6-րդ դասարանից, և երեխաները չեն կարողանում լավ ընկալել լսածը: Աշակերտների քիչ թվաքանակ ունեցող դպրոցների ավագ դասարանները հնարավորություն չունեն հոսքային կրթություն ստանալու՝ ինչն ազդում է հետագայում բարձրորակ մասնագետներ ունենալու:

Ցավոք, այսօր ուսուցչի մասնագիտությունն ընտրում են հիմնականում միջին մակարդակի գիտելիքներով շրջանավարտները, իհարկե, լինում են նաև բացառություններ: Մեր հանրապետությունում միշտ էլ բնագիտական առարկաների ուսուցիչների պակաս է զգացվում:

Ցանկանում եմ շեշտել, որ 12-ամյա կրթությունն ինչ-որ տեղ տղաներին զրկում է իրենց հասակակիցների հետ սերտ շփումից, կրթությունը պատշաճ մակարդակով շարունակելուց: Ավարտելով դպրոցը՝ նրանք անմիջապես անցնում են ծառայության, և նրանց մեջ կորչում է ուսման հանդեպ հետաքրքրությունը, իսկ, երբ զորացրվում են, այլևս չեն խորանում ուսման մեջ:

Ասեմ, որ մեր ուսուցիչների մեծ մասին, իհարկե, մտահոգում է ցածր աշխատավարձը:

-Ինչ կասեք ձեր ուսուցչական կոլեկտիվի մասին:

-Ուրախությամբ նշեմ, որ մեր կոլեկտիվը, ի շնորհիվ դպրոցի տնօրեն Գալինա Մեժլումյանի, ով արդարացի, օրինապահ և ազնիվ անձնավորություն է, շատ համերաշխ ու միահամուռ է: Կոլեկտիվի մեծամասնությունը երիտասարդ մասնագետներ են, բոլորն էլ պատասխանատվությամբ են նվիրված իրենց դժվարին, սակայն պատվաբեր աշխատանքին: Աշխատում ենք անել ամեն ինչ, որպեսզի ուսման և դաստիարակության որակը պահենք բարձր հիմքերի վրա: Ասեմ, որ մեր դպրոցում դասավանդում են յոթ տղամարդ ուսուցիչներ, ինչը կարևոր եմ համարում երեխաների դաստիարակության համար:

-Ապրում եք գյուղում, իհարկե դժվարություններ կլինեն…

-Անշուշտ, այդպես է: Ցավոք սրտի, միայն աշխատավարձով հնարավոր չէ ընտանիքի հարցերը հոգալ, և ստիպված եմ զբաղվել նաև գյուղատնտեսական աշխատանքներով, որը անում եմ մեծ սիրով ու հաճույքով: Աշխատում եմ հողի հետ, ցանկանում բերք ու բարիք ստեղծել և մեծ բավականություն եմ զգում, երբ հայրենի գյուղս բարգավաճ եմ տեսնում, իսկ այն ամեն ինչից վեր է ինձ համար:

Երբևէ չեմ մտածել հեռանալ իմ հարազատ գյուղից, քանի-որ ամեն մարդ պետք է արմատներ գցի իր մայր հողում և այդ ոգով էլ դաստիարակում եմ իմ աշակերտներին, նույնը կսերմանեմ նաև իմ երեխաների մեջ:

Ուսուցչի մասնագիտական տոն օրվա առթիվ առողջություն, խաղաղություն, ապագայի հանդեպ լավատեսություն եմ մաղթում բոլորիս: Աշխատենք այնպես անել, որպեսզի միշտ մնանք մեր բարձրության վրա՝ պահպանելով ուսուցչի երբեմնի փառքը…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter