ԲԵՐՔԻ ՏՈՆ - 2019
14.10.2019 18:13

Մեծ ու անգնահատելի է գյուղատնտեսական ապրանքների ամենամյա տոնավաճառի դերն ու նշանակությունը գյուղատնտեսությամբ զբաղվողների կատարածն արժևորելու, սեփական արտադրանքը սպառողներին ներկայացնելու և շահեկան գներով դրանք իրացնելու գործում։ Արցախում արդեն ավանդույթ է դարձել ամեն տարվա հոկտեմբերին՝ գյուղատնտեսի օրվան ընդառաջ տոնավաճառ-ցուցահանդես կազմակերպելը։ Այս տարի այն նույնպես նշվեց հանրապետության Վերածննդի հրապարակում և տոնական մեծ շուքով։ Արցախի շրջաններից բացի տոնավաճառին իրենց արտադրանք էին բերել Հայաստանի Հանրապետության մարզերը, և յուրաքանչյուրը ներկայացել էր ոչ միայն գյուղատնտեսական բազմապիսի

մթերքներով, այլև սեփական արտադրանքով՝ թոնրահացից մինչև մասուրի ջեմ, նույնիսկ՝ գյուղտեխնիկա։

Տոնավաճառի մեկնարկը տրվեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնանքի խոսքերով և Տերունական աղոթքով։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պետական այրեր,  ՙՀամագործակցություն հանուն արդարության և խաղաղության՚ խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում մեր հանրապետություն այցելած տարբեր  երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ շրջել են տաղավարներով,  ծանոթացել շրջանների և  անհատ ձեռներեցների կողմից ներկայացրած ապրանքներին, տոնավաճառի մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա հիմնախնդիրների մասին, համտեսել նրանց արտադրանք, տվել՝ խորհուրդներ:

Տոնավաճառը ոչ միայն զուտ գյուղատնտեսական բնույթ էր կրում, այլև մեր հարուստ մշակույթն էր ներկայացնում տոնավաճառին ներկա բազմաթիվ զբոսաշրջիկներին, ովքեր հաճելիորեն զարմացած էին նման փոքրիկ երկրում այդպիսի մեծածավալ ու լայնամասշտաբ միջոցառման կազմակերպմամբ։ Եվ նրանցից շատերն անկեղծանում էին, որ առաջին անգամ Արցախում այսպիսի միջոցառման ականատես լինելն իսկականից անակնկալ էր, տեսնել թե ինչպես է երկրի Նախագահն իր ժողովրդի հետ միասին նշում Գյուղատնտեսի օրը, միասին ուրախանում և բաժակ զարկում։

Բերքի տոնն ուղեկցվում էր տարբեր համույթների ազգային երգրերի և պարերի գեղեցիկ կատարումներով։

Փոքրիկ էքսկուրս կատարելով և համեմատելով նախորդ տարիների կազմակերպված տոնավաճառները, կարելի է արձանագրել, որ տարեց-տարի ավելանում են գյուղմթերքների արտադրության ծավալներն ու տեսակները, իսկ մարդիկ ավելի մեծ խանդավառությամբ ու ոգևորությամբ են մասնակցում տոնավաճառին։ Ակնառու էր նաև այն փաստը, որ գյուղմթերքներ իրացնողներից շատերը բավականին երիտասարդ էին, ովքեր հաջողությամբ իրացնելով սեփական արտադրանքն ու վերամշակած ապրաքները, արդեն իսկ պլաններ էին քաշում նախորդ տարվա բերքի տոնի հետ։

-Չնայած այս տարի գյուղատնտեսները բավականին վնասներ են կրել բնական աղետների պատճառով, այնուամենայնիվ գյուղմթերքների արտադրության ծավալներն ավելի բարձր են։ Դեռևս չկա ամփոփ վիճակագրություն, սակայն համոզված եմ, որ դրանք ավելի բարձր են լինելու նախորդ տարիների համեմատ։ Ինչ վերաբերում է մեկնարկած տոնավաճառին, պետք է նշեմ, որ Ասկերանի շրջանը բավականին հաճելի անակնկալ է մատուցել՝ ներկայանալով մեծաքանակ մասնակիցներով և բազմապիսի արտադրանքով,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը։

Խոսելով գյուղատնտեսի կատարած աշխատանքի և Գյուղատնտեսի մասնագիտական տոն օրվա մասին` գյուղնախարարը նշեց.

-Տոնը ոչ միայն գյուղատնտեսինն է այլև, ես համարում եմ, որ այն համաժողովրդական տոն է։ Արցախում յուրաքանչյուր քաղաքացի որևէ կերպ առնչվում է գյուղատնտեսությանը, ինչի առիթով էլ շնորհավորում եմ բոլոր արցախցիներին, հատկապես նրանց, ովքեր ակտիվ աշխատանքներ են կատարում գյուղատնտեսության մեջ՝ հող մշակում, անասնապահությամբ զբաղվում, պետական որևէ հատվածում պատասխանատվություն կրում։ Սա չափազանց կարևոր, կենսական նշանակության խնդիր է յուրաքանչյուրիս համար և երբ գյուղատնտեսության ոլորտից ունեցած սպասելիքներն արդարանում են՝ համարվում է գյուղատնտեսական տարին հաջողված։ Ուստի ցանկանում եմ, որպեսզի բոլորիս սպասելիքներն արդարանան։

Տոնավաճառ-ցուցահանդեսին Ասկերանի շրջանից ներկայացել է 36 համայնք՝ 174 մասնակցով, չհաշված շրջանի տարածքում գործող գյուղմթերք վերամշակող ընկերությունները։ Ընդհանուր առմամբ վաճառքի է հանվել 35 տոննա սոխ, 30 տոննա միրգ (հիմնականում նուռ), 2 տոննա կանաչ լոբի, 6 տոննա միս և շուրջ 6 մլն դրամ արժողությամբ այլ գյուղմթերք և արտադրանք։ Ինչպես տեղեկացրեց վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը բերքի տոնին առաջին անգամ են այսպիսի կազմով ներկայանում։ Շրջանի զբաղեցրած տաղավարների քանակը 82 էր՝ նախորդ տարվա 77-ի փոխարեն (չհաշված սոխ արտադրող 10 մենատնտեսներ)։  Վաճառքի են հանվել զուտ գյուղարտադրության մթերքներ, որոնց 85 տոկոսն իրացվել է։ Մոտավոր հաշվումներով շրջանը տոնավաճառում իրացրել է 34մլն դրամի մթերք՝ նախորդ տարվա 32 մլն փոխարեն։

Շրջանի ՄՊՍ կենտրոնը տոնավաճառին ներկայացրել էր կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները։ Իսկ տաղավարի շուրջ շուրջպար էին բռնել կենտրոնի պարի խմբակի երեխաները։ Երգ ու պարով և բարձր տրամադրությամբ էլ մեր շրջանի տաղավարում վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանն ընդունեց հանրապետության նախագահին։  Վերածննդի հրապարակը վերածվել էր համաժողովրդական տոնի, որտեղ հպարտությունն ու երախտագիտությունը համակել էր բոլորին։

-Տոնավաճառին շրջանի ներկայացրած մթերքները թե՛ տեսակներով և թե՛ որակով մեծ ուշադրություն էին գրավում, ինչն էլ եղել է մեր հիմնական նպատակը՝ հանրությանը ներկայացնել շրջանում աճեցվող և մասնակիցների ձեռքով պատրաստված տնական արտադրանքը։ Շրջանում բավականին շատ են գյուղատնտեսությամբ զբավողները, որոնց կատարած աշխատանքն ակնառու է ողջ հանրապետությունում։ Գյուղատնտեսի օրվա կապակցությամբ մեր շրջանի ֆերմերներ Արարատ Խաչատրյանն ու Գարեգին Հովսեփյանն արժանացել են ԱՀ նախագահի ՙԵրախտագիտություն՚ մեդալի։ Եվս 4 հոգի՝ անասնապահներ Սևակ Ղարամյանն ու Սամվել Գրիգորյանը և հողագործներ Բենիկ Բախշիյանն ու Ռոբերտ Խաչատրյանը (հետմահու) ներկայացվել են ԱՀ գյուղատնտեսության նախարարության ՙՈսկե մեդալի՚,- ասաց Ա. Ղուլյանը, հավելելով, որ բերքահավաքի աշխատանքները մեր շրջանում դեռևս ընթացքի մեջ են, ուստի դեռ վաղ է գյուղատնտեսական տարվան ընդհանուր գնահատական տալը։

ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված բերքի տոնին ՙԼավագույն շրջան՚ անվանակարգում հաղթող է ճանաչվել Քաշաթաղի շրջանը: ՙԼավագույն մշակութային ներկայացում՚ անվանակարգում հաղթող է ճանաչվել Շուշիի: Ասկերանի շրջանը հաղթող է ճանաչվել ՙԼավագույն ցուցադրական տաղավար՚ անվանակարգում£ ՙՑածր գին՚ անվանակարգում հաղթողներ են ճանաչվել Հադրութի շրջանի Խծաբերդ, Մարտունու շրջանի Բերդաշեն և Քաշաթաղի շրջանի Սարատակ համայնքները: Իսկ ՀՀ Արագածոտնի և Լոռու մարզերն արժանացել են ՙՀատուկ մրցանակ՚-ի։

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter