ՊԱՏԳԱՄ, ՈՐ ՊԵՏՔ է ՊԱՏՎՈՎ ՓՈԽԱՆՑԵԼ ԳԱԼԻՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ
28.02.2012 22:52

   Փետրվար ամիսը հագեցած է արցախահայության, եւ առհասարակ, ամբողջ հայության համար պատմարժեք իրադարձություններով: 
   Օրեր առաջ մենք նշեցինք Ղարաբաղում առաջին հանրահավաքի հերթական տարեդարձը: Այն տեղի է ունեցել հեռավոր 1988-ի փետրվարի 13-ին` Ասկերանում, փաստորեն հիմքը դնելով արցախահայության համաժողովրդական  պոռթկումի: Դրան հաջորդեց ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու մասին ԼՂ մարզխորհրդի նստաշրջանի հայտնի որոշումը, որի պատմական նշանակությունն այսօր էլ դարձյալ դժվար է գերագնահատել:

   Մարզխորհրդի նիստից ընդամենը երկու օր հետո տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության մեջ առաջին արյունալի ընդհարումը հայերի ու ադրբեջանցիների միջեւ: Ինչպես հայտնի է, 1988-ի փետրվարի 22-ին Աղդամ քաղաքից շուրջ տասնհինգ հազար ազերի ավազակներ, զինված սուր կտրող գործիքներով ու հրազեններով, հարձակվել են Ասկերանի վրա եւ տեղացի հայերից ստանալով արժանի հակահարված` ետ են շպրտվել իրենց բույնը:
   Իսկ ահա չորս օր հետո, միութենական իշխանությունների թողտվությամբ, Ադրբեջանի ղեկավարությունն իրականացրեց Խորհրդային Միության պատմության մեջ նախադեպը չունեցող սումգայիթյան եղեռնը: Ցավոք, այդ ողբերգական իրադարձություններին, ոչ այն ժամանակվա միութենական ղեկավարության, եւ ոչ էլ հետագայում միջազգային կառույցների կողմից  համարժեք գնահատական չի տրվել, թեպետ Սումգայիթում տեղի ունեցածն իսկական ցեղասպանություն էր: Ղարաբաղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, ինտերնացիոնալ համարվող քաղաքում երեք օրվա ընթացքում բազմաթիվ հայեր դարձան ազերական  վայրագությունների զոհը, ոչնչացվեց ու թալանվեց նրանց ամբողջ ունեցվածքը: Սումգայիթաբնակ հազարավոր հայեր ստիպված եղան  լքել իրենց ձեռքով կառուցված քաղաքը` ապաստան գտնելով ուրիշ երկրներում: Նրանց մի մասը  վերադարձավ Արցախ` շենացնելու նախնիների երկիրը, մյուսները մեկնեցին Հայաստան, Ռուսաստան, միջինասիական երկրներ եւ այլն:
   Հայերիս, անշուշտ նաեւ` ասկերանցիներիս, համար նշանակալից է փետրվարի 26-ը:
   1992 թվականին, այդ օրը, ջախջախվեց Խոջալու գյուղում բնավորված հիդրան: Խոջալուն այդ ժամանակ վերածվել էր ռազմական հենակետի, որտեղից ամեն օր կրակ ու հուր էր թափվում շրջակա հայկական բնակավայրերի վրա: Զուտ ռազմական գիտության տեսանկյունից` Խոջալուի վնասազերծումը կարելի է դասել փայլուն ռազմագործողությունների շարքում, որովհետեւ նվազագույն կորուստներով հայ ինքնապաշտպանները կարողացան մի գիշերվա մեջ գյուղն ազատել զինված բանդաներից: Խաղաղ բնակչության համար նույնիսկ միջանցք էր թողնվել, ինչը  վկայում  է հայ մարտիկների մեծահոգության մասին:
   Ճշմարիտ է ասված, որ եթե պատմության դասերը ճիշտ չես քաղում, ապա այն կրկնվում է ավելի վատ բեմագրով: Փետրվարյան իրադարձություններից դասեր քաղելու շատ բան ունենք: Նախ` պետք է մշտարթուն պահել 1988-ի ոգին, որ մեզ փորձությունների միջով տարավ դեպի փայլուն հաղթանակներ: Զրկանքների ու դժվարությունների, կենաց ու մահվան պայքարի գնով ձեռք բերված նվաճումները չպետք է մեզ ընդարմացնեն: Պարտավոր ենք հիշել, որ մեր թշնամին ինչպես միշտ` նենգ է ու դաժան, ուստի մեզ առաջնորդողը միայն միասնությունը պիտի լինի: Փետրվարի 20-ի խորհուրդը նաեւ դրա մեջ է կայանում, եւ այս պատգամը պետք է պատվով փոխանցել գալիք սերունդներին: 

 

"Բերդ"

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter