ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
18.10.2019 17:00

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցություն, որի աշխատանքներին մասնակցում էին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը,  <<Արցախբանկ>> ՓԲԸ ներկայացուցիչներ: Այն վարում էր վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը։

Օրակարգի առաջին հարցի շուրջ հանդես եկան <<Արցախբանկ>> ՓԲԸ ներկայացուցիչները և հակիրճ ներկայացրեցին վերոնշյալ բանկի ծրագրերի առավելությունները: Խոսեցին բանկի կողմից քարտապաններին տրամադրվող վարկերի, դրանց տոկոսադրույքերի և սպասարկման մասին՝ ավելացնելով նաև, որ շրջաններում նախատեսվում են նաև հիպոթեքային վարկերի տրամադրում:

<<Արցախբանկ>> ՓԲԸ  Ասկերանի մասնաճյուղի կառավարիչ Արսեն Գրիգորյանը շեշտեց, որ տվյալ բանկի առավելություններից մեկն էլ հանդիսանում է այն, որ բանկում շատ կարճ ժամկետում քարտապաններին տրամադրվում են վարկեր և մարդիկ ստիպված չեն օրերով սպասել: Նա ավելացրեց նաև, որ կրթության և առողջապահության ոլորտների աշխատողները հնարավորություն կունենան աշխատավարձի տասնապատիկ գումարը վարկի միջոցով ստանալու:

<<Արցախբանկ>> ՓԲԸ ներկայացուցիչները նշեցին, որ ցանկալի կլինի, որպեսզի կոլեկտիվները օգտվեին նույն բանկի ծառայություններից, ապա պատասխանեցին ներկաներին մտահոգող հարցերին:

Դպրոցական բաղադրիչների, խմբակային ժամերի տրամադրման մասին էր օրակարգի երկրորդ հարցը:

Կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը հրահանգեց մեկ շաբաթյա ժամկետում խմբակային ժամերի մասին տեղեկություններ ներկայացնել՝ անպայման հիմնավորելով դրանց կարևորությունը: Չեն ընդունվելու այն պատճառաբանությունները, որոնք միայն անձի սոցիալական հարցերը լուծելուն են միտված լինելու: Կան բազմաթիվ բողոքներ, և այդ պատճառով Կառլեն Մայիլյանը հորդորեց հաշվի առնել ամեն մի հանգամանք և խուսափել կարգապահական տույժից:

Խոսելով ներառական կրթություն կազմակերպելու մասին՝ ԿՍ բաժնի վարիչը նշեց, որ այսօր խնդիր է դարձել ներառական կրթության կազմակերպումը: Այդ աշխատանքները դպրոցում կազմակերպում են դասղեկն ու դասավանդող ուսուցիչը և պետք է կատարվեն ամենօրյա ուսումնասիրություններ: Տնային ուսուցումը կազմակերպում է դպրոցի տնօրենը՝ ծնողի դիմումի համաձայն: Իհարկե, նախապես ուսումնասիրություններ են կատարվում համապատասխան մասնագետների հետ միասին և ըստ բժշկի եզրակացության դպրոցի տնօրենը կայացնում է վերջնական որոշում:

Կառլեն Մայիլյանը հորդորեց տնօրեններին գոնե ամիսը մեկ անգամ այցելել տնային ուսուցում ստացող երեխաների տները, տեղեկանալ նրանց ապրուստի պայմաններին:

Օրակարգի հաջորդ հարցը հանրակրթական դպրոցներում հանդիպումների, նամանավանդ քարոզարշավի հետ էր կապված:

<<Վերջին ժամանակներս շրջանի որոշ դպրոցներում հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների, թեկնածուների հետ: Այդ մասին ոչ միշտ են տեղեկացվում բաժնին՝ չնայած պետք է անմիջապես տեղյակ պահել ղեկավարությանը: Պահանջում եմ պահպանել բոլոր նորմերը, կարգը և չխախտել ԱՀ ԸՕ 18-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը>>,-շեշտեց Կառլեն Մայիլյանը:

Քննարկելով փնջերի նիստերի մասին հարցը՝ կրթության և սպորտի բաժնի վարիչը խոսեց դրանց կարևորության մասին: Փնջային բաց դասերը զգաստացնում են ուսուցիչներին, ավելացնում նրանց պատասխանատվությունը: Առաջարկեց ամեն մի կիսամյակում, դպրոցներում նախապես պայմանավորվելով, կազմակերպել ֆիզիկա առարկայից բաց դաս՝ հաշվի առնելով, որ տարին հայտարարված է ֆիզիկայի տարի:

Կառլեն Մայիլյանն անդրադառնալով աշխատանքային ռեժիմի պահպանմանը՝ նշեց, որ խախտումների մասին ահազանգեր են հասնում բաժին: Ուսումնասիրվելու են տնօրենների արձակած հրամանները, լինելու են հանկարծակի ստուգայցեր, ինչպես բաժնի, այնպես էլ շրջվարչակազմի և ոստիկանության կողմից:

Շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ շեշտեց, որ կրթության բնագավառը միշտ գտնվում է իր ուշադրության կենտրոնում:

<<Աշխատեք համագործակցել համայնքների ղեկավարների հետ և հնարավորության սահմաններում ծագած խնդիրները լուծել տեղերում: Փորձը ցույց է տվել, որ ցանկացած համագործակցություն տալիս է իր դրական արդյունքը: Պատրաստ եմ աջակցել դպրոցներին ցանկացած հարցում՝ պահանջելով, իհարկե, որակյալ կրթություն>>,-ասաց շրջվարչակազմի ղեկավարը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter