ԵՐԲ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԵՋ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱ… |
04.11.2019 12:52 |
Հիրավի, լավ գործերը տեսնել ու գնահատել է պետք, իսկ մեր շրջապատում այնքա՜ն գործեր են կատարվում, որոնց կողքով իրավունք չունենք երբեք անտարբեր անցնելու: Հոկտեմբերի 27-ին Ասկերանի շրջանի Սարուշենի համայնքում կազմակերպվեց գեղեցիկ միջոցառում, որը հաճելի անակնկալ էր սարուշենցիների համար: Գյուղի 12-13-րդ դարերի Սուրբ Աստվածածին /Փիրումաշեն/ եկեղեցին, որ գտնվում է մայրուղու վրա, իր շուրջն էր հավաքել մի խումբ երիտասարդների, ովքեր իրենց առջև վեհ նպատակ էին դրել: <<Հայ Կրթական Հիմնարկություն >>Արցախյան թիմի ներկայացուցիչները, որոնց գլխավորում էր Բենո Միրզոյանը, Ասկերանի շրջանի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության հետ միասին որոշել էին իրականացնել եկեղեցու մերձակա տարածքի մաքրման աշխատանքներ: Նախաձեռնությանն անմիջապես արձագանքել և իր համագործակցությունն էր առաջարկել Սարուշենի համայնքի երիտասարդ և նորընտիր ղեկավար Կարեն Գասպարյանը: Երիտասարդների ուժեղ ձեռքերով մացառուտներից, թփուտներից և քարերից մաքրվեց համարյա 2 հա տարածք: Ինչպես ասում են՝ <<Գեղ կանգնի, գերան կկոտրի>>: Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպիսի մեծ ոգևորությամբ էին աշխատում շաբաթօրյակի մասնակիցները: Աշնանային արեգակի ճաճանչներն ասես մի յուրահատուկ ջերմությամբ էին նրանց պարուրել և կրկնապատկել կամքի ուժը: Երիտասարդներից յուրաքանչյուրը ցանկանում էր րոպե առաջ մաքրամաքուր տեսնել դարերի պատմություն ունեցող եկեղեցին ու նրա տարածքը, չէ որ հենց այդ եկեղեցին է արցախցուն հույս և հավատ ներշնչել, օգնել դիմակայել ամեն մի ոտնձգության: Շաբաթօրյակն ուղեկցվում էր հետաքրքիր պատմություններով, հիշողություններով, երիտասարդները պլանավորում էին նոր շաբաթօրյակներ կազմակերպել: Օրը մթնելու վրա էր, երբ երիտասարդները ավարտեցին նախատեսված աշխատանքները և գնահատող ու հիացական հայացքով նայեցին դեպի Փիրումաշենի եկեղեցին: Յուրաքանչյուրի հոգու խորքում այնքա՜ն մեծ հավատ կար և այնքա՜ն իղձեր, որոնք միայն երիտասարդները կարող են ունենալ: Տա Աստված… Ասկերանի շրջանի ՊՄՊ պետական ծառայության պետ Ալլա Արզումանյանը, ով պարբերաբար կազմակերպում է այսպիսի միջոցառումներ, այս մեկին տվեց հատուկ գնահատական. -Երբ խնդրանքով դիմեցինք Սարուշենի համայնքի ղեկավարին, նա անմիջապես ողջունեց շաբաթօրյակ կազմակերպելու գաղափարը և հավաստիացրեց, որ իրենց համայնքում բազում երիտասարդներ կան, ովքեր պատրաստ են համագործակցելու և նման հայրենանվեր միջոցառումներ իրականացնելու ՝ ի շահ հարազատ համայնքի շենացման և բարգավաճման: Ուրախալի է, որ այդպիսի երիտասարդ, աշխատանքի էներգիայով լեցուն ղեկավարներ ունենք: Ասեմ, որ Կարեն Գասպարյանը ցանկություն է հայտնել իր թիմով մասնակցել նաև այլ համայնքներում կազմակերպվող շաբաթօրյակներին: Դե ինչ, ուրախալի է, որ այսօրվա երիտասարդ սերունդը գնահատում և անում է ամեն ինչ, որպեսզի պահպանվեն մեր պատմամշակութային արժեքները և Արցախ աշխարհը կարողանա հպարտ կեցվածքով դիմավորել յուրաքանչյուր օտարերկրյա այցելուի: Նշենք, որ Ասկերանի շրջանի ՊՄՊ պետական ծառայության կողմից 2019 թվականին նման շաբաթօրյակներ կազմակերպվել են նաև շրջանի Վերին Ղլիժբաղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու, աղբյուրի, հին գերեզմանների, Պատարայի Ամենափրկիչ, Խրավանդ, Մննաքանց, Դրպասուտ եկեղեցիների և Լեսնոյ կոչվող տարածքի նորահայտ խաչքարների, Նորագյուղի Ս. Գևորգ եկեղեցու և Սարեն խաչ սրբավայրի տարածքներում և Ակնայի պարսկական մզկիթում: Այդ աշխատանքներին իրենց աջակցությունն են ցուցաբերել Ասկերանի շրջվարչակազմը, Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ-ն, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը, <<Բարի երթ>> ՍՊԸ-ն, համայնքների ղեկավարներ և առանձին անհատներ, որոնք անտարբեր չեն մեր շրջանի հիշարժան արժեքների պահպանման գործում: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |