ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ |
04.11.2019 12:55 |
Ասկերանի շրջանում ընթանում է փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառում Ասկերան քաղաքի Ղլիժբաղ թաղամասում և Նորագյուղի համայնքում: Բուն գործընթացը սկսված է հոկտեմբերի 11-ից և կտևի մինչև հոկտեմբերի 31-ը /ներառյալ/: Ընդգրկված են 8 հաշվարար/ հարցազրուցավար/, որից 3-ը՝ Ասկերանում, իսկ 5-ը՝ Նորագյուղում: Կատարված աշխատանքները վերահսկում են 2 հրահանգիչ - հսկիչներ: Միաժամանակ վերահսկողություն է իրականացնում ԱՀ ԱՎԾ Ասկերանի շրջանային բաժինը: Ինչպես մեզ տեղեկացրեց ԱՀ ԱՎԾ Ասկերանի շրջանային բաժնի պետ Սուրեն Թովմասյանը՝ վերադասում ստեղծված է համապատասխան կազմակերպական բաժին, որը զբաղվում է մեթոդաբանությամբ, ինչպես նաև վերահսկողությամբ: << ԱՀ-ում գյուղատնտեսությունը կարևորագույն ոլորտներից է, ունի ռազմավարական մեծ նշանակություն և ըստ այդմ էլ կարևորվում է գյուղատնտեսական համատարած հաշվառումը /ԳՀՀ/ Արցախի Հանրապետությունում: ԳՀՀ-ն իրենից ներկայացնում է գյուղատնտեսության կառուցվածքի վերաբերյալ համընդգրկուն տվյալների՝ գյուղատնտեսական նշանակության հողերի, անասնագլխաքանակի, գյուղատնտեսական տեխնիկայի և գյուղատնտեսական նշանակության շինությունների, առկա ներուժի /մարդկային և նյութական/ և դրանց օգտագործման վերաբերյալ հավաքագրման, մշակման և տարածման վիճակագրական գործառույթ: ԳՀՀ-ն իրականացվում է զուտ վիճակագրական նպատակով, տվյալները հավաքագրվում են գյուղատնտեսական արտադրանք արտադրողների անմիջական հարցմամբ՝ հարցաթերթերի լրացման միջոցով>>,-նշեց Սուրեն Թովմասյանը և ավելացրեց, որ ԳՀՀ-ին մասնկացելը կրում է պարտադիր բնույթ բոլոր գյուղատնտեսական արտադրանք արտադրողների համար: Միաժամանակ նա շեշտեց, որ համաձայն <<Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին>> ԼՂՀ օրենքի՝ սկզբնական /անհատական/ տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է: <<Դա առաջին հերթին միտված է հարցվողների անկաշկանդ պատասխանների ապահովմանը: Հավաքագրված տվյալներն անվանազերծվում, մշակվում ու հրապարկվում են ամփոփ տեսքով և այդ նյութերը դատական, դատաքննչական և այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել>>,-ասաց Սուրեն Թովմասյանը: Իսկ մեր այն հարցին, թե ինչպես է շրջանում իրականացվում փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառումը, վիճակագրության բաժնի պետը նշեց, որ երկու համայնքներում էլ գործընթացն ընթանում է պատշաճ մակարդակով, բնակչությունը փոխադարձ ըմբռնումով է մոտիկանում հարցին և ունի ակնկալիք, որ տվյալ հետազոտությունից հետո գյուղատնտեսության բնագավառում կլինեն որոշակի դրական տեղաշարժեր: Դե ինչ, այս կարևոր միջոցառումը որակով և հավուր պատշաճի անցկացնելու համար հույս ենք հայտնում, որ գյուղատնտեսական արտադրանք արտադրողները կցուցաբերեն իրենց աջակցությունն ու ողջամտությունը, և մեր շրջանը պատվով ու հաջողությամբ կավարտի իրեն վերապահված գործընթացը: Նշենք, որ գյուղատնտեսական համատարած հաշվառումը, որն Արցախի Հանրապետությունում կազմակերպվելու է առաջին անգամ, կիրականացվի 2020 թվականի հոկտեմբերի 11-ից 31-ը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|