ՈՉ ՄԻ ԵՐԵԽԱ ՉՊԵՏՔ Է ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ԼԻՆԻ |
04.11.2019 13:05 |
Ներառական կրթությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին համակարգված պրոֆեսիոնալ աջակցությունն է: Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող անձանց համար: Ասկերանի շրջանի 18 համայնքների հանրակրթական դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն, ընդգրկված են 52 աշակերտ, որից 12 աշակերտ ուսուցումն ստանում են տնային պայմաններում: Ներառական կրթության մասին ավելի հստակ տեղեկություններ ստանալու համար հաճելի և բովանդակալից զրույց ունեցանք Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ԿՍ բաժնի սոցիալական մանկավարժ Նունե Սարգսյանի հետ: Նրա խոսքով՝ ներառումը պետք է սկսել մանկապարտեզից, միայն այդպես այդ երեխաները կարող են լիարժեք ինտեգրվել հասարակությանը: -Տիկին Սարգսյան, ինչպե՞ս է կազմակերպվում ներառական կրթությունը: -Նշեմ, որ այն իրականացվում է <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի, <<Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին>> ՀՀ օրենքի և << Հանրակրթական պետական կրթակարգի>> հիման վրա: Այս աշխատանքները պլանավորվում, համակարգվում և վերահսկվում են ուսումնական հաստատության տնօրենի կողմից: Տնօրենը, կախված երեխաների կրթական կարիքներից, իրականացնում է մանկավարժական կադրերի ընդունելությունը և տեղաբաշխումը: Նա որոշում է աշխատողների պաշտոնային պարտականությունները, ստեղծում պայմաններ նրանց մասնագիտական վարպետության, որակավորման բարձրացման համար: Ասեմ, որ ներառական կրթության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է՝ գործընկերային հարաբերություններ ստեղծել սովորողների ծնողների, մանկավարժների և ներառական կրթությանը սատարող կառույցների և անհատների, այդ թվում՝ հանրակրթական դպրոցների սովորողների և ուսուցիչների հետ: -Ո՞րն է կազմում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական կազմակերպման և իրականացման կարևոր մասը: - Կարևոր է բազմամասնագիտական թիմի ստեղծումը, որի մեջ ներգրավված են երեխայի կրթության համար շահագրգիռ տարբեր մասնագետներ՝ ուսուցիչներ, հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ, լոգոպեդ, հոգեբան, բուժաշխատող և թիմի համակարգողը: Թիմի կարևոր անդամը հանդիսանում է երեխայի ծնողը: Թիմը գնահատում է յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքները, հայտնաբերում է նրա առողջական և սոցիալական այն կարիքները, որոնք ուղղակի ազդեցություն ունեն երեխայի կրթության վրա: Մշակվում է երեխայի ուսուցման անհատական պլան, որը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունը կազմակերպել հասակակիցների հետ համատեղ: Ոչ մի երեխա չպետք է մեկուսացված կյանք ունենա: Ցավոք, նախկին ժամանակներում մեր հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող երեխաներն էին ամենաշատը դա զգում: Հնագույն ժամանակներից մարդկությանը հայտնի էր <<Հաշմանդամություն>> երևույթը: Հազարամյակների ընթացքում այն տարբեր դրսևորումներ է ունեցել, փոփոխվել է՝ սկսած հաշմանդամներին /սահմանափակ կարողություններով մարդկանց/ մեկուսացնելուց, նրանցից խուսափելուց մինչև հանդուրժողականության դրսևորում և հասարակության մեջ նրանց ինտեգրելու ձգտում: Բարեբախտաբար, այսօր սահմանափակ կարողություններով երեխայի ընտանիքին մասնագիտական աջակցություն առաջարկելու խնդիրը մեր հասարակությունում բավականին արդիական է: -Իսկ ինչպե՞ս են վերաբերվում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ուսուցիչներն ու հասակակից երեխաները: - Նախ նշեմ, որ կրտսեր տարիքում բոլոր երեխաներն իրար նայում են հավասար աչքերով: Եթե շրջապատում տեսնում են հաշմանդամ երեխայի, ապա դա շատ սովորական է, և նրանց վերաբերմունքը ավելի ջերմ, հոգատար ու հանդուրժող է: Հիմանկան խնդիրը մեծահասակների մեջ է, քանի որ նրանք ունեն արդեն ձևավորված վերաբերմունք: Դպրոցում երեխաներին միմյանցից առանձնացնելու օրինական հիմքեր չկան: Երեխաները պետք է սովորեն միասին, դա օգտակար կլինի բոլորի համար: Պետք չէ նրանց պաշտպանել իրարից, բոլորը պետք է ստանան հավասար կրթություն և դաստիարակություն, հաստատեն նորմալ հարաբերություններ և պատրաստվեն մտնելու մեծ կյանք: Բազմաթիվ ուսուցիչներ կարծում են, որ կրթական հատուկ կարիքներով երեխաների ուսուցման համար իրենց անհրաժեշտ կլինեն հատուկ հմտություններ, սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ երեխաներին հանրակրթական գործընթացի մեջ ներգրավելու համար ընդամենը պետք է որակյալ, հասկանալի և մատչելի դասավանդում, որը նպաստում է աշակերտների ակտիվության բարձրացմանը: Ներառական կրթությունը շարունակական գործընթաց է, ուստի ուսուցիչները պետք է առավել ակտիվ և գիտակից աշխատեն՝ ներառական կրթության նպատակներին հասնելու համար: Մենք աշխատում ենք երեք թիմով, որոնք կենտրոնացված են Ասկերան քաղաքում, Այգեստանի և Իվանյանի համայնքներում: Շեշտեմ, որ մենք ընդամենն ուղեցույց ենք ուսուցիչներին, քանի որ նրանք են հիմնական աշխատողները երեխաների հետ: Իհարկե, մենք պարբերաբար անց ենք կացնում հանդիպումներ, քննարկում ենք սովորողի առաջընթացը, դժվարություններն ուսումնական գործընթացում: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շեշտել, որ բոլոր երեխաները հավասար են և պետք է հարգալից վերաբերմունքի արժանանան հասարակության յուրաքանչյուր անդամի կողմից: Ինչ խոսք, Նունե Սարգսյանի հետ անկեղծ զրույցից հասկացանք, որ շրջանում ներառական կրթությունն իրականացվում է ծնողների, ուսուցիչների և սոցիալական թիմերի փոխադարձ ըմբռնման և համագործակցության մթնոլորտում: Մաղթենք նրանց արդյունավետ աշխատանք՝ միասնական ընդհանուր նպատակներին հասնելու համար, և արդյունքում թող ոչ մի երեխա իրեն առանձնացված և օտար չգա իր հասակակիցների մեջ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|