ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ |
04.11.2019 12:53 |
Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին սահուն անցման և հաշվապահական հաշվառման կազմակերպման, վարման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ու ներկայացման գործընթացների ճիշտ կազմակերպման նպատակով ԱՀ ֆինանսների նախարարության կողմից մեթոդական աջակցության շրջանակներում ուսուցողական դասընթացներ են կազմակերպվում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների հետ: Հոկտեմբերի 29-ին Ասկերանում ևս կազմակերպվեց ուսուցողական հանդիպում, որն անցկացրեց ԱՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառում և աուդիտի մեթոդական բաժնի պետ Սիլվա Միքայելյանը: Ներկա էին ԱՀ ֆինանսական նախարարության աշխատակազմի ստորաբաժանման Ասկերանի տեղական գանձապետական բաժնի գլխավոր մասնագետները, Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահի ժամանակավոր պարտականությունները կատարող Թերեզա Առուստամյանը, շրջանի տեղական կառավարման մարմինների հաշվապահները: Սիլվա Միքայելյանը մանրամասն տեղեկություններ հաղորդեց հաշվապահական հաշվառման քաղաքականության մոդելի կազմման, գույքի վերագնահատման, նոր հաշվային պլանի անցման մասին: Նա կանգ առավ ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ կադաստրային արժեքների, ընթացիկ ակտիվների վերաբերյալ մնացորդային արժեքների վերագնահատման գործառնությունների վրա՝միաժամանակ հորդորելով հատուկ ուշադրություն դարձնել սեփականության իրավունքով համայնքներին պատկանող գույքի հաշվառմանը: Սիլվա Միքայելյանը տեղեկացրեց ներկաներին, որ ԱՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքեջի <<Հաշվապահական հաշվառում՝ Օրենսդրություն>> և <<Հաշվապահական հաշվառում՝ Տեղեկատվություն>> բաժիններում տեղադրված են համայնքների ղեկավարների աշխատակազմերում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը, մեկնաբանությունները և պարզաբանումները, որոնք պետք է պարտադիր ուսումնասիրեն հաշվապահները: <<Հույս ունենք, որ համայնքների ղեկավարների աշխատակազմերում հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին հապատասխանող համակարգ կներդրվի և այդ գործընթացը կկայանա>>,-շեշտեց Սիլվա Միքայելյանը: Վերջում ԱՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառում և աուդիտի մեթոդական բաժնի պետը մեթոդական նախնական ցուցումներ տվեց հաշվապահներին և պատասխանեց նրանց հարցերին: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |