ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԴԵՊԻ ԱՄԱՐԱՍ
04.11.2019 17:05

Աշակերտների աշնանային արձակուրդները բովանդակալից դարձնելու համար ԿԳՍ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների աշակերտների ուղևորություններ դեպի Արցախի պատմական և տեսարժան վայրեր։

Ինչպես տեղեկացրեց Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի ԿՍ բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Սարգսյանը, նման ծրագրերը մեծապես միտված են մեր աշակերտների աշխարհաճանաչողության զարգացմանը, սեփական երկրի պատմական հոգևոր և մշակութային արժեքների գնահատմանը, պահպանմանն ու պաշտպանմանը։ Շրջանի մի խումբ աշակերտներ

աշնանային արձակուրդների ընթացքում ճանաչողական այցով եղան Դադիվանքի, Ամարասի, Տնջրիի պատմական վայրերում,  որոնց ուղեկցում էին դասղեկներն ու պատմության ուսուցիչները։ Գ. Սարգսյանը հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական բնույթ կկրի, և պարբերաբար նորանոր աշակերտների կընդգրկեն նման ծրագրերում։

Մեծ էր Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 7Ա դասարանի աշակերտների ուրախությունը, երբ իմացան, որ իրենց հաճելի ճանապարհորդություն է սպասվում դեպի պատմական Ամարասի վանական համալիր։ Երեխաների զարմանքն ու հիացմունքը սահմաններ չունեին, երբ հայտնվեցին Արցախի հնագույն բնակավայրերից մեկում՝ Տնջրիում։ 2033 - ամյա  ծառի հմայքն ու պատմությունը գերել էր բոլորին։ Նրանցից շատերն առաջին անգամ էին տեսնում այն և հարցերն ու հիացական բացականչությունները հաջորդում էին մեկը մյուսին։

Չինարի ծառը գտնվում է Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի տարածքում։ Խորհրդային Միության շրջանում ծառին անձնագիր է շնորհվել՝ որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառի։ Այն ունի 44 մետր քառակուսի մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղավորվել հարյուրից ավելի մարդ։ Հսկա ծառի սաղարթի ստվերը կազմում է ավելի քան 1400 մետր քառակուսի։ Տնջրու բնի շրջագիծը հիմքում 27մ է, իսկ բարձրությունը 54 մետրից ավելի՝ մոտ 18 հարկանի շենքի բարձրությամբ։ Սխտորաշենի չինարին իր արտասովոր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին, ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին։

Արցախցիներիս համար Տնջրին դարձել է ուխտատեղի, իսկ մեր երկիր այցելող ամեն մի զբոսաշրջիկ անպայման լինում է այստեղ, հիանում մեր հնագույն երկրի հրաշալի և անկրկնելի բնությամբ՝ իր հետ տանելով ղարաբաղյան հարուստ կոլորիտը, բարեհամբույր ու հյուրասեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը։

Ծառի տակից բխող հորդառատ ու սառնորակ աղբյուրը դարեր շարունակ հագեցրել է շինականի ծարավը, սնել հսկա չինարուն, շարժել ջրաղացի քարը։ Երեխաները հագեցրեցին իրենց ծարավն անմահական ջրով, և ի հիշատակ՝ լուսանկարվեցին։

Դրախտային է Արցախյան գեղատեսիլ բնությունը` մանավանդ աշնանը։ Աշակերտները կլանվել էին չքնաղագեղ բնության զարմանահրաշ ու պլպլան գույներով։ Իսկ մեքենան շարժվում էր դեպի պատմական Ամարասի վանքը։ Ճանապարհին ուսուցիչները հարցուփորձով պարզում են՝ արդյոք երեխաները տեղեկություններ գիտեն վանքի մասին ու համոզվում, որ հազար անգամ կարդալը մեկ անգամ տեսնելուն չարժե։ Ուստի և նպատակին է ծառայում կազմակերպված էքսկուրսիան՝ դեռևս վաղ հասակից մատաղ սերնդին ամուր թելերով կապել Հայրենիքին, որպեսզի նրանք կարողանան դարերի խորքից իրենց հասած պատմական հարուստ ժառանգությունը ճանաչեն, գնահատեն և արժևորեն։

Շուտով Ամարասի վանական համալիրը ողջ հմայքով բացվեց նրանց առջև։ Ամեն ինչ տպավորիչ ու բազմախորհուրդ էր։ Դասղեկ Նելլի Ասլանյանի և պատմության ուսուցիչներ Գայանե Մակյանի և Լուսինե Խաչատրյանի ուղեկցությամբ աշակերտները շրջեցին Ամարասի վանքի տարածքում, եկեղեցում մոմեր վառեցին, լսեցին հետաքրքիր պատմական փաստեր, և, բնականաբար, լուսանկարվեցին։ Ապա, անվերջանալի թվացող թթենու այգում ուրախ խաղի բռնվեցին, միաժամանակ տեղեկանալով, որ այստեղով է անցել §Մետաքսե ճանապարհը¦։ Ամեն ինչ զվարճալի էր, տրամադրող, հետաքրքիր, ու թվում էր չպիտի ունենար վերջ...

Վերադարձի ճանապարհն աննկատելի անցավ։ Աշակերտներից յուրաքանչյուրն իր հետ տանում էր վառ տպավորությունների և հիշողությունների մի անմոռանալի փունջ, որոնք ամփոփվել էին բազմապիսի լուսանկարներում։ Առջևում ուսումնառության երկարատև տարիներն են և աշակերտները լիահույս են, որ Արցախում դեռ այցելելու բազմաթիվ վայրեր ունեն, որոնք պետք է բացահայտեն միասնորեն, և, որոնք միշտ սրտաբաց սպասում են իրենց փոքրիկ այցելուներին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter