Խոջալուն այսօր կրում է Արցախի հերոս, գեներալ Քրիստոփոր Իվանյանի անունը: Ներկայումս ավելի քան 1200 բնակիչ ունեցող Իվանյանում ապրում են նաեւ նախկին խոջալուցիներ, ովքեր նախորդ դարի երկրորդ կեսերին ստիպված են եղել լքելու հայրենի բնօրրանը` երբեւէ վերադառնալու թաքուն հույսով: Նրանց երազանքն այսօր իրականություն է դարձել: Փետրվարի 26-ին, Խոջալուի ազատագրման օրը, Իվանյանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված գյուղի ազատագրման 20-ամյակին: Նախքան միջոցառումն սկսվելը, Ստեփանակերտի "Մեսրոպ Մաշտոց" պետական հավատարմագրված համալսարանի ուսանողները տեղի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ կազմակերպեցին ցուցապաստառներով լռության երթ, որով դատապարտում էին քսանամյա վաղեմություն ունեցող իրադարձությունները Ադրբեջանի կողմից խեղաթյուրելու պարբերաբար փորձերը:
Այնուհետեւ տեղի ունեցավ հանդիսավոր հավաք, որին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Ա.Ղուլյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Ս. Գրիգորյանը, տեղակալ Ս. Առուշանյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վ. Բալասանյանը, Ասկերանի շրջանի դատախազ Ն. Պողոսյանը, ոստիկանության շրջբաժնի պետ Ա. Պողոսյանը, շրջանի դատավոր Կ. Բեգլարյանը, ԱԱՄ Ասկերանի շրջանի Ս. Աղաջանյանը, պաշտոնատար այլ անձինք, զոհված ազատամարտիկների հարազատներ, հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանը: Նա իր խոսքում նշեց, որ ապրել ազատագրված հողում, արդեն իսկ հպարտություն է եւ ամեն մի իվանյանցի պարտավոր է անել այն ամենը, որպեսզի համայնքն ավելի շենանա: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սլավիկ Առուշանյանը մեկ անգամ եւս հիշեց 1992-ի փետրվարյան դեպքերը, որոնք լրիվությամբ փոխեցին արցախահայության ճակատագիրը. -20 տարի առաջ ազատագրվեց Խոջալուն` մեր պապենական հողը: Անվեհեր հայ մարտիկներն իրենց առջեւ դրված սուրբ գործը կատարեցին մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով: Այդ օրը մենք անդառնալի կորուստներ ունեցանք եւ ամեն անգամ խորը կսկիծով ենք հիշում մեր տղաներին: Այսօր հպարտ ենք, որ նրանց արյան գնով ձեռք բերված Խոջալուն, ներկայիս Իվանյան համայնքն օրեցօր բարգավաճում է ու արդեն ունի 1200-ից ավել բնակիչ: Եվ ինչու՞ չէ, Իվանյանը կարող է նաեւ Ասկերանի լիիրավ մրցակիցը դառնալ: Ելույթներ ունեցան ազատամարտիկ Արմեն Գասպարյանը, ԼՂՀ զոհված ազատամարտիկների միության նախագահ Գալյա Առստամյանը: Օրվա առթիվ ԱԱՄ վարչությունը մի շարք ազատամարտիկների պարգեւատրեց "Հայրենյաց պաշտպան" մեդալով, պատվոգրերով, թանկարժեք նվերներով: Միջոցառմանն ավելի մեծ եւ հայրենասիրական շունչ հաղորդեց դպրոցի կազմակերպած հանդեսը: Ակնհայտ էր, որ դպրոցի կազմակերպիչ Արեւիկ Թովմասյանն աշակերտների մեջ կարողացել էր զարգացնել հայի հայրենասիրական ոգին: Նրանք անուն առ անուն հիշեցին Խոջալուի ազատագրման համար զոհված 17 ազատամարտիկներին: Քաջ գիտակցում էին, որ իրենք արժանի հետնորդներն են հերոս տղաների ու պարտավոր են բարձր պահելու նրանց անունները: Ներկաներից յուրաքանչյուր ոք ընկալում էր օրվա խորհուրդը, ճիշտ գնահատում 20 տարի առաջ տեղի ունեցածի կարեւորությունը: -Բոլորս վայելեցինք այս հիշարժան եւ գեղեցիկ օրը: Այսօրվա Իվանյանը լրիվությամբ այլ տրամադրություն ունի: Դրա համար մենք պարտական ենք այն մարդկանց, որոնք 1992-ին ճիշտ հասկացան ստեղծված իրավիճակը եւ ազատագրեցին Խոջալուն, ուր հայը վերադարձավ տիրոջ իրավունքով: Բոլոր այն մարդիկ, որոնք ապրում են այստեղ, պակաս սխրանք չեն գործում: Արցախի իշխանությունների անունից շնորհավորում եմ բոլորիս այս օրվա առթիվ, եւ ցանկանում եմ, որպեսզի Իվանյանն այսուհետ եւս նորանոր հաջողություններ արձանագրի: Հիշենք, որ Իվանյանը Արցախի 20-ամյա անկախության ամենակարեւոր ձեռքբերումներից է,- իր ելույթում մասնավորապես ասաց Ա. Ղուլյանը: Այնուհետեւ, Ասկերանի ինքնապաշտպանական ուժերի այն ժամանակվա հրամանատար Վիտալի Բալասանյանն ասաց. - Մինչ Խոջալուի ռազմագործողությունն սկսելը մեր շրջանի եւ հանրապետության ղեկավարությունը նրանց իշխանությունների եւ զինվորականների հետ ներքին կարգով բանակցություններ էին վարում, որպեսզի նրանք հայկական բնակավայրերը Ստեփանակերտ քաղաքի հետ կապող ճանապարհները չփակեն, ու չանեն այն ինչ անում էին, քանի որ խոսքը գնում էր հայ ազգաբնակչության անվտանգության մասին£ Ու բանը հասավ նրան, որ Խոջալուն ոչ թե պիտի գրավեինք, այլեւ լռեցնեինք այնտեղ տեղակայված կրակակետերը, քանի որ այնտեղից անընդհատ կրակ էին տեղում շրջակա հայկական բնակավայրերի վրա։ Մինչեւ ռազմագործողությունն սկսելը՝ փետրվարի 25-ին Ասկերանից, Նորագյուղից, Հովսեփավանից, Այգեստանից եւ Լուսաձորից բարձրախոսների օգնությամբ մենք տեղյակ պահեցինք խոջալուեցիներին, որ կա միջանցք՝ դա Խոջալու-Աղդամ երկաթգիծն էր, որի անմիջական պատասխանատուն ես էի, որտեղով նրանք կարող են անցնել Աղդամ։ Ասեմ ավելին Էլման Մամեդովը, այդ ժամանակվա Խոջալուի գյուղսովետի նախագահը, երբ կեղծ վկայություններ է տալիս, իբր խաղաղ բնակիչների համար միջանցք չէր տրամադրվել, ապա հարց է ծագում, ինչպես նա եւ նրա ընտանիքը հայտնվեց Աղդամում։ Մեր զինվորները եւս զգուշացված էին, որ խաղաղ ազգաբնակչության վրա կրակող չլինի։ Այնուհետեւ միջոցառման մասնակիցներն ուղղվեցին դեպի Խոջալուի ազատագրման համար զոհված ազատամարտիկների հուշարձան եւ ծաղկեպսակներ դրեցին նրանց հիշատակին£ Խորհրդային տարիներին էլ Ասկերանի ու Խոջալուի միջեւ ընդգծված մրցակցություն կար: Սակայն այդ մրցակցությունը տեղացի հայերին իրենց պատմական հայրենիքից աստիճանաբար վտարելու անթաքույց նպատակ էր հետապնդում, ինչը հետագայում հանգեցրեց զինված բախման` միանգամայն օրինաչափ հետեւանքներով: Այժմ այդ "մրցակցությունը" միտված կլինի միայն վերստին հայեցի դարձած Իվանյանի խաղաղ բարգավաճմանը:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |