§ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԻ¦ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԱՏԱՂ ՍԵՐՈՒՆԴՆ Է |
07.11.2019 14:11 |
Այսօր §Ղարաբաղ Տելեկոմ¦ ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը հերթական բարեգործական այցով մեր շրջանի Փառուխ գյուղում էր։ Բարերարին ուղեկցում էր վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։ Երկրորդ անգամն է, ինչ պարոն Օդաբաշյանը հանդիպում է Փառուխի դպրոցականներին։ Ինչպես և խոստացել էր նախկին այցի ժամանակ՝ Փառուխի և Արմենակավանի 14 դպրոցականների համար բերել էր պլանշետներ։ Մինչ բաղձալի նվերները հանձնելը երեխաների հետ ջերմ և անմիջական մթնոլորտում զրույցի բռնվեցին։ Աշակերտները մեծ ոգևությամբ պատասխանում էին բարերարի և վարչակազմի ղեկավարի հարցերին։ Իսկականից անաղարտ և անչափ պարզունակ են մեր երեխաները, ովքեր լցված էին երախտագիտությամբ՝ իրենց այսպիսի ուշադրության արժանացնելու համար։ Նրանք արտասանեցին, երգեցին, ով ինչ կարող և ինչպես կարողանում էր։ Միաժամանակ խոստացան, որ բարերարի նվերները նպատակին կծառայեցնեն, ինչն ավելի հետաքրքիր կդարձնի իրենց դպրոցական առօրյան։ Մեկ պլանշետ էլ նվեր ստացավ դպրոցի տնօրեն Անահիտ Գալստյանը։ Դպրոցի տնօրենը ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների անունից շնորհակալություն հայտնեց Կ. Օդաբաշյանին և վարչակազմի ղեկավար Հ. Ղահրամանյանին՝ խոստանալով, որ այս ամենը չափազանց պարտավորեցնող է նաև, և անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշակերտների համար դասապրոցեսն ավելի հետաքրքիր և բովանդակալից դարձնեն։ Մինչ այդ, երեխաները ինֆորմատիկայի ժամին օգտվում էին դպրոցի միակ համակարգչից։ Իհարկե, դպրոցն ու գյուղը բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեն, սակայն այստեղ լավատես են ապագայի նկատմամբ։ Չէ որ մի քանի տարի առաջ չէին էլ կարող մտածել, որ §Ղարաբաղ Տելեկոմի¦ տնօրինության կողմից այսպիսի ուշադրության կարող են արժանանալ։ -Բարեգործության նպատակն այն, որ մեր պատանի սերունդն ավելի հեշտորեն և վաղ տարիքում կարողանա օգտվել համակարգչի, համացանցից բոլոր հնարավորություններից։ Մենք որպես ավագ սերունդ կամ ծնողներ 21-րդ դարում փոքր երեխաներին եթե չխարախուսենք համացանցի միջոցով աշխարհ ման գալ, կնշանակի թերանալ մեր պարտականությունների մեջ,- նշեց բարերարը, ավելացնելով որ գյուղի մեծությունը երկրորդական հարց է, իրենց նպատակը երեխաներին թիկունք լինելն է։ Ուստի շարունակելու են իրականացնել նմանատիպ ազգանպաստ առաքելություններ։ Սա ընկերության առաջին ծրագիրը չէ, որ իրականացվում է Փառուխի համայնքում։ Առաջին ծրագիրը, որ իրականացվեց այստեղ՝ փողոցային լուսավորությունն էր։ Ի դեպ նշենք, որ փողոցային լուսավորության ծրագիր իրականացվեց ընկերության կողմից նաև մեր շրջանի Նորագյուղի համայնքում։ Կ. Օդաբաշյանը վստահություն հայտնեց, որ այն բազմապրոֆիլ ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել տարբեր համայնքներում, անշուշտ իրենց դրական արդյունքները տալու են։ - Տարվա կտրվածքով ընկերությունը բազմաթիվ նամակ-դիմումներ է ստանում, սակայն բյուջեն սահմանափակ է, ինչքան էլ որ մեծ է բոլորին օգնելու, սատարելու ցանկությունը,- նշում է բարերարը։ Ուստի փորձում են առաջնահերթությունը տալ երեխաներին, ապագա սերունդներին։ -2020թվականին ընկերության սակագները բավականին իջնելու են, սակայն դա չի նշանակում, որ §Ղարաբաղ Տելեկոմը¦ դադարեցնելու է բարեգործությամբ զբաղվել։ Ընկերության ուշադրության կենտրոնում են հանրապետության կրթական և մշակութային ծրագրերը։ Կան մի շարք ծրագրեր, որոնց մենք պարբերաբար օժանդակում ենք։ Դրանք հիմնականում մարզական միջոցառումներ են, որոնք նպաստում են մեր երկրի միջազգայնորեն ճանաչմանը։ Այսինքն, մենք առաջնահերթությունը տալիս ենք օրակարգային հարցերին։ Այո, կան դիմումներ, որոնք մերժվում են, ինչքան էլ որ ցավալի լինի, - ասաց Կ. Օդաբաշյանը՝ հրաժարվելով խոսել ընկերության ապագայի բարեգործական ծրագրերի մասին, գտնելով որ դա կնշանակի հույս տալ։ Մինչ մենք զրուցում էին պարոն Օդաբաշյանի հետ, երեխաներն արդեն ընտելացել էին իրենց նորընծա նվերներին և արդեն վարպետորեն օգտագործում էին դրանք։ Իսկ առաջին նկարը, որը պահպանեցին իրենց պլանշետներում՝ բարերարի հետ ինքնալուսանկարն էր։ Նշենք նաև, որ դպրոցում գործելու է անվճար 20 մեգաբիտ արագությամբ ինտեռնետ-կապ, ինչը նույնպես բարերարի նվերն է դպրոցականներին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
|