ԻՐ ԳՈՐԾԻ ՀԱՆԴԵՊ ՄԵԾ ՆՎԻՐՈՒՄՈՎ ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
08.11.2019 16:51

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության բազմապիսի և բազմաբովանդակ ծրագրերը և ծառայություններն իրականացվում են աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչպես նաև Հայաստանում և Արցախում: ԱՀԱԸ ջանքերի շնորհիվ ստեղծվել են կրթօջախներ, հովանավորվել են կարիքավոր երեխաներ ու ծերեր, իրականացվել են սոցիալական ծրագրեր: Ընկերակցությունը մեծ դեր է ունեցել հայապահպանության, քրիստոնեական դաստիարակության ու հավատքի ամրապնդման, հայկական մշակույթի զարգացման գործում:

ԱՀԱԸ-ն Արցախում գործում է 1995 թվականից: Մասնաճյուղը 1998թ. պաշտոնական գրանցում ստանալուց հետո ավելի արդյունավետ դարձրեց իր ծառայությունները: Ստեփանակերտում բացվեց ընկերակցության գրասենյակը, Արցախում ձևավորվեցին ԱՀԱԸ գործունեության հիմնական ուղղությունները, որոնք իրականացվում են տեղական իշխանությունների և հասարակական կազմակերպությունների հետ:

Արցախում արդյունավետ գործունեության ընթացքում ԱՀԱԸ-ն հիմնել է իր գրասենյակները նաև Շուշիում, Ասկերանում, Մարտակերտում:

1999-2000 թթ. ԱՀԱԸ  կողմից Ասկերանի նորաբաց գրասենյակի տնօրեն նշանակվեց Անահիտ Դանիելյանը:

Անահիտ Դանիելյանը ծնվել է 1976 թվականի մարտի 14-ին Մարտունու շրջանի ՆՆգի գյուղում: Ծնվել ու մեծացել է մտավորականի ընտանիքում,  դաստիարակվել բազմազավակ ընտանիքին հատուկ ավանդույթներով: Գերազանց գնահատականներով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը: Միաժամանակ սովորել է նույն համալսարանի հումանիտար ֆակուլտետի նկարչա-գծագրական բաժնում: Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է կազմակերպվող ցուցահանդեսներին, իսկ համալսարանն ավարտելուց հետո, 1999 թվականին Անահիտը կարողացել է կազմակերպել իր անհատական ցուցահանդեսները: Նրա ինքնատիպ նկարները ցուցադրվել են նաև արտերկրում: Սովորելուն զուգընթաց՝ նա որպես նկարչության խմբակավար աշխատել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, իսկ համալսարանն ավարտելուց հետո՝ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում՝ դասավանդելով նկարչություն և գծագրություն:

Դեռևս ուսանողական տարիներից երիտասարդ աղջիկն աչքի էր ընկնում իր պատասխանատվությամբ, նպատակասլացությամբ, սիրում էր աշխատել, ստեղծագործել: Իսկ, որ ուներ կազմակերպչական մեծ ձիրք և ղեկավարին հատուկ և մարդկանց հետ շփվելու ունակություններ, ակնհայտ դարձավ հետագայում, երբ նրան վստահեցին պատասխանատու պաշտոններ:

Իր գործունեության ընթացքում զուգահեռաբար սովորել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռուսուցման լաբորատորիայում և ստացել սոցիալական աշխատողի մասնագիտություն: Մի մասնագիտություն, որը շատ կարևոր առաքելություն ունի, պահանջում է կազմակերպվածություն, ջանքերի կենտրոնացում, երբեմն՝ գերլարում, քանի որ գործ ունես հասարակության խոցելի խավերի հետ:

20 տարի շարունակ Անահիտ Դանիելյանն ԱՀԱԸ Ասկերանի գրասենյակի տնօրենն է, իսկ շուրջ 12 տարի է, ինչ ընտանիքով տեղափոխվել է Ասկերան ու բնակություն հաստատել այստեղ: Նա պատրաստ է իրականացնել իր առջև դրված առաքելությունները և անել դա հանուն մեր երկրի վաղվա օրվա… Նա կոչված է իր ամենօրյա աշխատանքով օգնել մարդկանց, լուծել նրանց սոցիալական խնդիրները, թեթևացնել նրանց հոգսերը

Ասկերանի գրասենյակի ստեղծումից հետո շրջանում սկսվեցին իրականացվել բազմաթիվ բարեգործական ծրագրեր, որոնք տարեցտարի ավելի ընդգծուն դարձան: Կյանքի կոչվեց զոհված ազատամարտիկների ընտանիքների հովանավորության ծրագիր: Ապա իրականացվեց նաև մանկական սննդի ծրագիր: Մինչև մեկ տարեկան երեխաներն ամեն ամիս անվճար սկսեցին ստանալ մանկական սնունդ: Այս ծրագրի նպատակն էր օգնել անապահով ընտանիքների նորածիններին, որոնք զրկված են մայրական կաթով կերակրելու հնարավորությունից: ԱՀԱԸ ծրագրերից է նաև երեխաների հովանավորության ծրագիրը: Եռամսյակը մեկ սոցիալապես անապահով և բազմաերեխատեր ընտանիքները ստանում են դրամական օգնություն, լուծվում են երեխաների կրթական, արվեստի, ամառային հանգստի խնդիրները, իսկ առողջական խնդիրներ ունեցող երեխաները օգնություն են ստանում դեղորայք ձեռք բերելու և բուժում ստանալու համար: Այս ծրագրերի մեջ ընդգրկված են Ասկերանի, Նորագյուղի, Խրամորթի, Խնապատի, Իվանյանի, Այգեստանի, Պատարայի, Խնձրիստանի, Խնածախի, Քռասնու համայնքների սակավակարող ընտանիքները:

Երեխաների ամառային հանգիստը հետաքրքիր կազմակերպելու համար ԱՀԱԸ –ն իրականացնում է ճամբարային ծրագիր:  1996 թվականից ի վեր Ստեփանակերտի <<Կարկառ>> ճամբարում կազմակերպվում էր Արցախի երեխաների ամառային հանգիստը, իսկ 2003 թվականից երեխաները հանգստանում են ԱՀԱԸ Արցախի մասնաճյուղի Շուշիի <<Պետրոսյան>> ամառային հանգստի ճամբարում: Ասկերանի շրջանի երեխաները մեծ սիրով մասնակցում են այդ ճամբարներին, և ամեն տարի ավելանում է ցանկացողների թիվը: Ասկերանում կազմակերպվում են նաև բակային ճամբարներ, որտեղ ամեն մի օրը հագեցած է մարզական, մշակութային, հայրենագիտական, կրթական և քրիստոնեական դաստիարակության բազամբովանդակ և հետաքրքիր ծրագրերով:

2003-2004 թթ. լրիվությամբ վերանորոգվել է շենքը, որտեղ նախկինում մանկապարտեզ էր, և հովանավորության ներքո բացվել է մանկապարտեզ: Պատասխանատվությունը կրկին Անահիտ Դանիելյանի վրա էր: Ասյօրվա դրությամբ մանկապարտեզում 65 երեխայի ընդգրկմամբ գործում է երկու խումբ՝ կրտսեր և միջին: Մանկապարտեզի ողջ աշխատախումբը երեխաների հետ պատշաճ մակարդակով աշխատանք է տանում և անում ամեն ինչ, որպեսզի ճիշտ դրվի երեխաների դաստիարակության հիմնաքարը:

Գյուղատնտեսական ծրագիրը ևս կարևոր տեղ է զբաղեցնում ԱՀԱԸ համար: Ծրագրի նպատակն է աջակցել անապահով ընտանիքներին՝ տրամադրելով ընտանի կենդանի/կով/ և համապատասխան ծառայություններ: Արցախում այդ ծրագիրը գործում է 2012 թվականից, Ասկերանի շրջանում օգտվում են  Ուղտասարի և Քռասնու համայնքների 10-ից ավելի ընտանիքներ: Ծրագիրը նպաստում է մարդկանց սոցիալական կարիքների ապահովմանը, օգնում է գյուղացուն մեծացնելու իր եկամուտը և հաղթահարելու աղքատությունը:

2017 թվականի հոկտեմբերից Ասկերանում գործում է <<Շող>> երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնը, որտեղ հաճախում են 6-14 տարեկան 30 երեխա: Աշխատանքները համակարգող Անահիտ Դանիելյանի գլխավորությամբ կենտրոնի աշխատախումբը կարողանում է տանել թիմային աշխատանք, ինչի արդյունքում բարձրացվում է երեխաների կրթական մակարդակը, բացահայտվում են նրանց ընդունակությունները, իսկ ի հայտ եկած խնդիրներն անմիջապես  լուծում են ստանում միասնական գործունեության շնորհիվ:

20 տարի շարունակԱՀԱԸ Ասկերանի գրասենյակի տնօրեն Անահիտ Դանիելյանն ամենայն պատասխանատվությամբ է մասնակցում  ընկերակցության կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերի կատարմանը, համակարգում է գրասենյակի, մակապարտեզի և <<Շող>> ցերեկային կենտրոնի աշխատանքները:

Նրա համար բոլոր մարդիկ, անկախ ռասայից, կրոնից, սոցիալ-տնտեսական վիճակից, կրթական մակարդակից, թանկ են Աստծո համար և արժանի են սիրո ու հարգալից վերաբերմունքի:

<<Որպես քրիստոնեական կազմակերպություն Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը առաջնորդվում է Աստծո խոսքով և գործով, ծառայում է մարդկանց՝ հատկապես անապահով ընտանիքներին՝ տրամադրելով նրանց ֆինանսական, բժշկական օգնություն, կրթամշակութային ծառայություններ: ԱՀԱԸ –ն իր մարդասիրական և բարեսիրական գործունեությամբ ներդաշնակ է համազգային մեր իղձերին ու նպատակներին և կարևոր դերակատարություն ունի հայապահպանության գործում:

Շատ երիտասարդ էի, երբ ստանձնեցի ԱՀԱԸ Ասկերանի գրասենյակի տնօրենի պաշտոնը և անմիջապես հասկացա, որ դժվարին և պատասխանատու աշխատանք են վստահել ինձ: Լիովին ընկղմվեցի գործի մեջ, իսկ հետագայում, երբ գրասենյակի կողմից հովանավորվող մանկապարտեզ բացվեց և ավելի ուշ՝ <<Շող>> ցերեկային կենտրոնը, բազմապատկվեց իմ պատասխանատվությունը: Այսօր, երբ հետ եմ նայում, տեսնում եմ, թե ինչպիսի մեծ թիմային աշխատանքներ ենք կատարել: Եվ ամեն ինչ արել ենք մեծագույն սիրով, նվիրական զգացումներով, քանզի մեր գործը մանուկների և կարիքավոր ընտանիքների հետ էր:

Շատ բարձր եմ գնահատում մեր աշխատողների պատասխանատվությունը, նրանց նորարարական ու ստեղծագործական միտքը, աշխատանքի էթիկայի պահպանումը: Մեր բոլորիս ուշադրության կենտրոնում երեխաներն են, յուրաքանչյուրս նրանց հանդեպ տածում ենք առանձնահատուկ վերաբերմունք, անում ենք հնարավորը, որպեսզի մանկապարտեզ և <<Շող>> ցերեկային կենտրոն հաճախող մանուկները ստանան մայրական գորովանք, ընտանեկան ջերմություն:

Ասկերանն ինձ համար երկրորդ ծննդավայր լինի ասես, այստեղ ես անմիջապես մերվել եմ ժողովրդի հետ, սիրով ընդունել եմ տեղի ավանդույթներն ու սովորույթները: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանզի շրջապատված եմ մանկապարտեզի երեխաներով և լավ մարդկանցով>>,-հպարտությամբ և սիրով իր մտքերը մեզ հետ կիսեց Անահիտ Դանիելյանը:

Մեր անկեղծ զրույցից հետո, մի բան պարզ դարձավ. այս կրթօջախում երեխաներն ապահով ձեռքերում են, այստեղ ամեն ինչ անարատ է և փոխադարձ սիրով համեմված:

Նշենք, որ մանկապարտեզի ու <<Շող>> կենտրոնի սաներն իրենց պատասխանատուների հետ պարբերաբար կազմակերպում են գեղեցիկ միջոցառումներ, որոնք նվիրված են տարբեր հիշարժան օրերի…

Ուշագրավն այն է, որ երեխաների մեջ սերմանված է բարեգործություն կատարելու խորհուրդը: Վերջերս կիրակնօրյա հաճախող երեխաներն այցելեցին Ասկերանի շրջանային հիվանդանոց և քաղցրավենիքով ու մրգերով հյուրասիրեցին հիվանդներին: Անակնկալը հաճելի էր բուժում ստացող մարդկանց համար…

Ինչ խոսք, անգնահատելի են ԱՀԱԸ-ի կողմից արվող Աստվածահաճո բոլոր առաքելությունները: Տիրոջ օրհնությամբ թող ի կատար ածվեն նորանոր մտահղացումներ և ԱՀԱԸ-ն նոր ձեռքբերումներով շարունակի իր բարեսիրական ու մարդասիրական ծառայությունները:

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter