ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ…
11.11.2019 17:51

Հերթական մեծարման միջոցառումը, որ կազմակերպվեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում, նվիրված էր Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի ծննդյան 60-ամյակին: Լեգենդար հրամանատարին մեծագույն հպարտությամբ և գնահատանքով մեծարելու պատիվը 10-րդ դասարանի աշակերտներն էին վերցրել իրենց վրա: Դասղեկ և պատմության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ շեշտեց, որ քիչ են բոլոր այն բառերը, որ գրվել ու դեռ գրվելու են լեգենդար հրամանատարի մասին: Քաջարի զինվոր էր նա, վեհանձն ու անձնվեր, հմուտ ու փորձառու, խստապահանջ ու արդարամիտ…

Հնչեց Արցախի օրհներգը:

10-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին Աշոտ Ղուլյանի կյանքն ու մարտական ուղին՝ ցանկանալով բացահայտել սովորական ղարաբաղցի տղայի առեղծվածը, ում հիշատակի առջև այսօր խոնարհվում է համայն հայությունը:

Աշոտ Ղուլյանը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 6-ին Բաքվում, նրանց տոհմը Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից է սերվում, ունի ամուր արմատներ, սակայն Խորհրդային տարիներին ճակատագրի բերումով ընտանիքի հայրը իր համերկրացիների հետ մեկնել էր Ադրբեջանի մայրաքաղաք աշխատանք փնտրելու և օրվա հացը վաստակելու համար:

Աշոտն ընտանիքի ավագ որդին էր և վայելում էր ծնողների առանձնահատուկ սերն ու կորովը, սակայն նրա անհոգ մանկությունը երկար չշարունակվեց: 12 տարեկան էր, երբ մահացավ մայրը և կրտսեր քույրերի ողջ խնամքն ու դաստիարակությունը հետագայում ընկավ նրա ուսերին: Հենց այդ էր պատճառը, որ Աշոտը ժամանակ չունեցավ բարձրագույն կրթություն ստանալու, չնայած ուներ խոստումնալից ապագա և կարող էր փայլել գիտության ցանկացած բնագավառում:

Ընդունակ երիտասարդը բազմաթիվ արհեստներ սովորեց, որոնք էլ ապահովեցին ընտանիքի անհրաժեշտ եկամուտները: 1970-ականների վերջում Ղուլյանները լքեցին Բաքուն և հաստատվեցին հարազատ Արցախում: Խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո Աշոտն աշխատանքի անցավ Ստեփանակերտում և կարճ ժամանակում իր ոսկե ձեռքերի և հմտությունների շնորհիվ լայն ճանաչում գտավ: Կամային էր, ինքնավստահ, շիտակ ու արդարամիտ և ուներ առաջնորդի բոլոր բնատուր գծերը:

Երբ սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը, նա անմիջապես նետվեց իրադարձությունների հորձանուտի մեջ: Հարազատներն ու ընկերները նոր ըմբռնեցին, որ հայրենասեր երիտասարդը ավելի վաղ էր սկսել իր գործունեությունը: Նա անդամակցում էր ազգայնական խմբակների, որոնք զբաղվում էին ստորագրահավաքներով՝ուղղված Արցախի և Հայաստանի միավորմանը: Ընդհատակյա պայքարի եռուն շրջանում ծնվեց Աշոտի առաջին զավակը: Ընտանեկան կյանքի խաղաղ ու անխռով հանգրվանում նրա առագաստն այլևս չէր կարողանում հանգիստը վայելել, քանզի համաժողովրդական դարձած շարժման ծովում փոթորկվում էր մոտալուտ աղետը:

Աշոտը պատկանում էր շարժման այն եզակի գործիչներին, ովքեր շատ վաղ ըմբռնեցին ճշմարտությունը, որ խնդրագրերով ու թախանձանքներով անհնար է Մոսկվայից Ղարաբաղյան հարցի լուծում ակնկալել, և հարցը պետք է լուծվի միայն զենքի միջոցով: Քանի որ օրինական ճանապարհով զենք հայթայթելն անհնար էր, անհրաժեշտություն ծագեց նախագծել ու արտադրել: Աշոտը եռանդով լծվեց այդ գործին: Շնորհիվ իր ինժեներական տաղանդի՝ նա դարձավ Արցախի ամենախոշոր և ամենալավ զինագործը: Սեփական արտադրության զենքերի փորձարկման ժամանակ Աշոտը բազմիցս վիրավորվում էր ձեռքերից, որովայնից, կոկորդից և ամեն անգամ չէր համաձայնվում հիվանդանոցում պառկել, առաջին օգնությունն ստանալուց հետո վերադառնում էր իր առաքելությանը: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ընկերները պարտադրանքով էին նրան տանում վիրահատարան: Նրա մարմինն ամբողջովին խոցոտված էր բեկորներով և հենց դրա համար ընկերները նրան մկրտեցին <<ասկոլկա>>, <<բեկոր>> մարտական անուններով: Այնուհետև ողջ հայության համար <<բեկոր>> անունը դառնալու էր արիության, հույսի ու ապավենի հոմանիշ, քանզի այն կրող տղան ժողովրդի աչքում անխտիր բոլոր առաքինությունների իսկական մարմնավորումն էր դառնալու:

Աշոտի քաջությունն ու կազմակերպչական ունակությունները և առաջնորդի անվիճելի որակներն ակնհայտ էին, ուստի հենց Բեկորին վստահվեց առաջին վաշտի հավաքագրումն ու հրամանատարությունը:

Կանոնավոր զորքի գործընթացն անչափ ոգևորել էր Բեկորին, քանզի նա վաղուց էր համոզվել, որ ֆիդայական ու պարտիզանական գործելաոճը սպառել էր իրեն: Ղարաբաղին պարտադրվում էր պատերազմ:

Դեռ պատերազմի սկզբնական փուլում Աշոտը մտածում էր հյուսիսային Արցախի գրավման մասին, ասում էր պետք է գրավել Շահումյանը, դուրս գալ Միրբաշիրի վրա, այնտեղից էլ փակել Կիրովաբադի ճանապարհը: Հայրենասեր երիտասարդը մտածում էր Արարատը, Արևմտյան Հայսատանը գրավելու մասին:

Պատերազմն արդեն ծավալվել էր ամբողջ թափով, Աշոտի վաշտը մասնակցում էր Մալիբեյլիի, Խոջալուի, Քարին տակի, Սրխավանդի մարտերին և միշտ հաղթանակներով էր վերադառնում:

1992 թվականի մայիսի 8-ի վաղ առավոտյան Աշոտն իր տղաներով պատրաստվում էր մտնել Շուշի և առաջինը ոտք դրեց հայկական հինավուրց քաղաքը:

Բեկորի ջոկատն առանձնանում էր կարգապահությամբ, հրամանատարը հատկապես խիստ էր նորակոչիկների ընտրության հարցում, խստապահանջ էր, սակայն ուներ նաև իր զինակիցների հանդեպ ապշեցնող հոգատարություն: Նորեկներին միշտ հետ էր պահում թեժ մարտերից, որպես հրամանատար գնում էր առջևից և անչափ ծանր էր տանում ցանկացած զինվորի կորուստը:

Ինչ իմանար լեգենդար հրամանատարը, որ նրա փառահեղ 78 հոգանոց վաշտի զինվորներից պատերազմի հաղթական ավարտը կտեսնեն միայն երկու տասնյակը:

1992 թվականի ամառն Արցախի համար ծանր էր և փորձություններով լի: Հուլիսին զոհվեց Մարտակերտի ճակատի հրամանատար Վլադիմիր Բալայանը, երկու շաբաթ անց՝ Լեոնիդ Ազգալդյանը: Փառապանծ մարտիրոսների շարքում Բեկորը հաջորդն էր լինելու…

1992 թվականի օգոստոսի 24-ին նրա զոհվելու բոթը ցնցեց ողջ Ղարաբաղը, անասելի վիշտը համակեց բոլորին…

Աշոտ Ղուլյանը չտեսավ իր երկրորդ զավակին, որին անվանակոչեցին Բեկոր:

1999 թվականին Արցախի Նախագահի կողմից Աշոտ Ղուլյանին շնորհվեց Արցախի հերոսի կոչում: Ստեփանակերտի հ.2 դպրոցը կրում է լեգենդար հերոսի անունը, որտեղ հաճախում է Բեկորի Աշոտ անունով թոռը…

Մեծարման ցերեկույթն ուղեկցվում էր դպրոցականների հայրենասիրական երգերով և ասմունքով: 10-րդ դասարանցիներից յուրաքանչյուրի աչքերում հպարտության արցունքներ կային և անսահման գնահատանք դեպի նահատակված մեր հերոս տղաները, իսկ Յուլիա Հայրապետյանի և Սյուզաննա Մելքումյանի հուզաթաթավ երգերը շարժեցին բոլորի սրտի լարերը՝ ստիպելով զգալ օրվա խորհրդի ամեն մի վայրկյանը:

7-րդ դասարանի աղջիկների <<Խամ-խամա>> ազգագրական պարը եզրափակեց օրվա միջոցառումը՝ մեծ ոգևորության ալիքներ տարածելով դահլիճում:

Հիրավի, մեկ անգամ ևս ականատեսը եղանք Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի պատշաճ մակարդակով կազմակերպած միջոցառմանը:

Փառք ու պատիվ բոլոր մեր նահատակներին, փառք ու պատիվ մատաղ ու երիտասարդ սերունդներին և նրանց հայեցի դաստիարակողներին…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter