ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՎԱՆԴԱԼԻԶՄ
13.11.2019 17:49

Արցախյան ազատամարտից տարիներ են անցել և այժմ մեր հանրապետություն այցելողներից շատերը դժվարությամբ են հավատում, որ երբևէ այստեղ ավերածություններ են եղել, որ մեր Հայրենիքը պատերազմական արհավիրքներ է հաղթահարել, ու անսալով բոլոր տեսակի դժվարությունները՝ ավելի շքեղ ու հպարտ կեցվածք ընդունել։ Այո, գեղեցիկ է մեր Հայրենիքի ամեն մի անկյունը, առավել գեղեցիկ է, երբ կարողանում ենք պահել, պահպանել, փայփայել անցյալի գեղեցիկ հուշերը մշտարթուն պահող շինությունները։

Նման շինություններից մեկն էլ հին Նորագյուղի

 տարածքում գտնվող դպրոցի նախկին շենքն է, որն առավել հայտնի է Լագեր անվանումով, և որը դարձել էր նորագյուղցիների համար հաճելի հիշողությունների վայր, որտեղ իրենց հանգիստն ու ժամանցն էին վայելում ոչ միայն նորագյուղցիները, այլև օտար երկրներում բնակվող մեր հայրենակիցները։ Չիմացողների համար նշենք, որ դպրոցական շենքի տարածքում առկա էր բարեկարգ լողավազան, ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի խաղահրապարակներ, սառնորակ աղբյուր, պտղատու ծառերի այգի...

Սակայն ցավով պիտի արձանագրենք, որ համայնքային սեփականություն հանդիսացող այդ տարածքի մոտով այլևս անհնար է առանց  զայրույթի ու մտահոգության անցել։ Մինչ կառավարության կողմից տարբեր ծրագրեր են իրականացվում՝ գյուղական կյանքն աշխուժացնելու, գյուղացիների զբաղվածության հարցը լուծելու ուղղությամբ՝ Նորագյուղում հակառակ գործընթացն էր ընթանում։ Հին Նորագյուղի երբեմնի փառք ու պատիվը հանդիսացող դպրոցական շենքը, որը բազմաթիվ շրջանավարտների համար յուրօրինակ սրբատեղի էր, այժմ գտնվում է քարուքանդ վիճակում։ Ճիշտ է թշնամին այստեղ չի հասել, սակայն այն ինչ արվել է շենքի և հարակից տարածքի հետ, ոչնչով չի տարբերվում բարբարոսների ձեռագրից։

Արցախյան ազատամարտի տարիներին հին Նորագյուղի դպրոցում գումարտակ էր տեղակայված։ Ասել է թե, բոլոր ժամանակաշրջաններում դպրոցը միշտ կատարել է իր առաքելությունը։ Երբ խաղաղվել է Արցախի երկնակամարը, այստեղ կրկին հնչել են ուրախ երգն ու նվագը։ Մարդիկ իրենց քեֆ-ուրախություններն այստեղ էին անցկացնում, իսկ տարածքը մշտարթուն հսկում էին դպրոցի՝ հուշարձան դարձած հերոս շրջանավարտները, ովքեր երկրորդ աշխարհամարտում հայրենիքի ու հարազատների կարոտը սրտերում մաքառել են ընդդեմ անարդարության և սրբապղծության։ Այժմ կրկնակի ցավալի է, որ այս ամենը կատարվել է հերոս տղաների հուշարձանին դեմ-հանդիման։ Գուցե այդ տարածքն ավերակների վերածողները նույնպե՞ս նույն դպրոցի շրջանավարտներ են և հարազատ կրթօջախը քանդում են 21-րդ դարո՞ւմ։ Գուցե և նրանք տեղյակ չեն, որ դեռևս 4-րդ դարում Մաշտոցն Արցախում առաջին դպրոցն է բացել։ Ի՞նչ է ստացվում, խոսում ենք քաղաքակրթությունից, սակայն այլ բա՞ն անում։

Անշուշտ այդ տարածքը կարելի էր նպատակային օգտագործել, իսկ նորագյուղցիներից շատերն ի վիճակի կլինեին այն ոչ թե ավերակների, այլև դրախտավայրի վերածելու։  Հանցավոր անտարբերությո՞ւն, թե՞ վանդալի՞զմ՝ գնահատեք ինքներդ։ Սակայն, այն ինչ արվել է այստեղ՝ ոչ մի առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Մենք կառուցո՞ւմ, թե ավերո՞ւմ ենք... Չէ որ դեռ ոչ վաղ անցյալում այս հրաշք տարածքը  էկոտուրիզմի զարգացման կենտրոն պիտի դառնար։

Խնդիրն արդիական է, հրատապ պատասխաններ և լուծումներ պահանջող։

Այս ամենն, իհարկե, մեկ օրում կամ ամսում չի կատարվել։ Իսկ ո՞ւր էին նայում համայնքի պատասխանատուները, իրավապահ մարմինները, և, վերջապես, համայնքի պատվախնդիր բնակիչները։ Թե՞, եթե խնդիրը չի վերաբերում անձնական սեփականությանը, կարելի է նաև ա՞չք փակել...

Խոսում ենք մեր հայրենասիրությունից, իսկ որտե՞ղ է այն...

Ինչևէ... Այս հարցը բոլոր շահագրգիռ կողմերի պատասխանատու և խիստ մոտեցումն է պահանջում, ինչը կարծում ենք չի ուշանա։ Խմբագրությունն էլ իր հերթին ուշադրության կենտրոնում է պահելու և իր ընթերցողներին է ներկայացնելու այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Հ.Գ. Խմբագրությունը պատրաստակամ է թերթի էջերում և կայքում տեղադրել շրջանի բոլոր համայնքների մտահոգիչ խնդիրները, ինչի համար շրջանի բնակիչներից ակնկալում ենք անկեղծ և անմիջական համագործակցություն։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ



Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter