ԱՍԿԵՐԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ 17 ՏԱՐԵԿԱՆ Է
18.11.2019 17:57

Ինչպես գիտենք, Հայ Առաքելական Եկեղեցին՝ լինելով աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկը, միշտ էլ իր անփոխարինելի դերակատարությունն է ունեցել մեր պատմության  մեջ։ Փաստորեն, բացի քրիստոնեության ուսմունքը տարածելուց և պահպանելուց, այն իր վրա է վերցրել նաև ազգապահպանման նվիրական գործը։

17 տարի է, ինչ Ասկերանում գործում է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այն բարերար Բարսեղ

Բեգլարյանի նվերն է ոչ միայն ասկերանցիներին, այլև շրջանի հավատացյալ բնակիչներին։ Վերահաս և պարտադրված Արցախյան ազատամարտում հերոսներ ծնվեցին ոչ միայն մարտի դաշտում, այլև խաղաղ ու ստեղծագործ աշխատանքում։ Եվ բարերար Բարսեղ Բեգլարյանի շնորհիվ այսօր զարգանում և բարգավաճում է հայրենի Խնապատ գյուղը, որտեղ երիտասարդները սերտորեն կապվել են իրենց հող ու ջրին, և որտեղ տեսնում են իրենց ապագան։  Սա է թերևս մեկենասի նպատակը, շեն տեսնել հարազատ բնօրրանն ու Արցախ աշխարհը, որն իրականացնելու համար չի խնայում և ոչինչ։

Նոյեմբերի 17-ին Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվեց եկեղեցու օծման 17-ամյակը։ Հավաքվել էին շրջանի երախտապարտ հավատացյալները՝ մեկ անգամ ևս իրենց աղոթքներում փառք տալու և իրենց գոհունակությունը հայտնելու երկնային Տիրոջը՝ շրջկենտրոնում աղոթատեղի-սրբավայր ունենալու համար։

Եկեղեցու բակում հավաքված հավատացյալները միմյանց ջերմագին բարևում և շնորհավորում էին սրբատեղիի կառուցման տարելիցի կապակցությամբ։ Նրանց ջերմ և մտերմիկ զրույցը եկեղեցի ունենալու կարևորության, ՀԱԵ անուրանալի դերի մասին էր, պետություն - եկեղեցի - ժողովուրդ միասնականության և միաբանության, սփյուռքի հայապահպանման կարևոր գործում, և որ մեր եկեղեցին իր ժողովրդի հետ կանգնած է ամուր ու հաստատուն հարազատ հողի վրա՝ օժտված Աստվածային շնորհներով:

- Ամեն մի բնակավայր կարիք ունի այնպիսի վայրի, որտեղ կարող է հաղորդակից լինել Աստծո հետ։ Ասկերանում չկար այդպիսի տեղ։ Եվ փառք Աստծո, 2002 թվականի նոյեմբերի 9-ին Սուրբ Աստվածածին եկեղեցին օծվեց։ Այն բարերար Բարսեղ Բեգլարյանի անփոխարինելի նվերն է շրջանի բնակիչներին՝ իրենց հոգևոր կարիքները հոգալու, Աստծուն ավելի մոտ գտնվելու համար։ Ամեն պատարագի ժամանակ ուրախությամբ եմ հետևում, որ մեր հավատացյալների շարքերը համալրվում են։ Նշանակում է եկեղեցին իր ճշմարիտ ճանապարհի վրա է, և արվում է ամեն ինչ, մարդկանց Աստծուն մոտեցնելու, նրա հովանավորչությունը զգալու համար։ Այսօր մեր եկեղեցում իսկական տոն է, քանի որ լրանում է եկեղեցու օծման 17-ամյակը։ Մենք միշտ էլ փառք ենք տալիս Աստծուն, որ ազգս հարուստ է իր մեկենասներով։ Եկեղեցու կառուցման բարեգործ Բարսեղ Բեգլարյանն էլ մշտապես հետաքրքրված է Սուրբ Աստվածածին եկեղեցու կյանքով։ Եկեղեցին նաև այլ բարերաներ ունի, որոնց հովանավորչությամբ կատարվում են կնունքներ, մատաղներ, եկեղեցական այլ տոնակատարություններ։ Այսօրվա մատաղի բարերարները Իվան Հարությունյանն ու Մարատ Հայրապետյանն են, ովքեր մշտապես կանգնած են մեր եկեղեցու կողքին և սատարում են տարբեր հարցերում։ Աստծո շնորհն ու ողորմությունը բոլոր բարերարներին,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց տեր Մեսրոպ քահանա Խունոյանը, հավելելով, որ ամեն կիրակի պատարագից հետո տեղի են ունենալու հոգևոր դասեր, կատարվելու են ավետարանական ընթերցումներ և խոսվելու է եկեղեցու պատմության մասին։

- Մինչ Ասկերանում եկեղեցի կառուցելը մենք՝ շրջանի հավատացյալներս, հավաքվում էինք տարբեր տներում, որտեղ և հաղորդակցվում էինք Աստծո հետ, լսում նրա խոսքը, աղոթում Արցախ աշխարհի խաղաղության համար։ Եկեղեցու կառուցումն իսկական նվեր էր մեզ համար, որին շատ երկար էինք սպասել։ Բանջարանոցում աշխատելու և ամենօրյա զբաղվածության հետ մեկտեղ չէինք մոռանում նաև մեր հոգունակությունը հայտնելու Աստծուն և փառք տալու նրան ամեն մի ապրած օրվա համար՝ հույսեր փայփայելով, որ մի օր էլ նաև մենք Աստծո տուն կունենանք։ Իսկ երբ Ասկերանում կառուցվում էր Աստծո տունը՝ մի խումբ հավատացյալներով հաճախ էին Խնապատից բանվորների համար ճաշ հասցնում։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո մեծ ոգևորությամբ նաև մաքրման աշխատանքներ իրականացրեցինք,- երանությամբ հիշում է խնապատցի Մարիամ տատիկը։

Ասկերանի շրջանը սպասարկող հոգևոր հովիվ տեր Մեսրոպ քահանա Խունոյանը եկեղեցու օծման 17-ամյակին նվիրված պատարագ մատուցեց, որին ներկա էին նաև Ն զորամասի զինվորներ։

Պատարագից հետո Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչեղբայր Իվան Հարությունյանի և Մարատ Հայրապետյանի հովանավորչությամբ եկեղեցու բակում մատուցվեց մատաղ, ինչը երախտագիտության արտահայտություն է առ Աստված, որպեսզի ազգս փորձանքներից զերծ մնա և մշտապես Աստծո խոսքը մեր մեջ արթուն պահենք:

Երախտագետ զավակների հետ զրույցի ժամանակ նրանք նշեցին, որ քանի որ եկեղեցին կոչված է դաստիարակելու ժողովրդին քրիստոնեական հավատքով, ապա նրանք անելու են հնարավորինս՝ օգնելու, որպեսզի այդ հավատքն արտահայտվի ժողովրդի կյանքում և կենցաղում։

Ճշմարիտ է ասված՝ ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝  նրա հավատքն ու եկեղեցին: Եվ պատահական չէ, որ օտարները մեզ ճանաչում են հավատով որպես ավանդապաշտ ու խաչապաշտ, բնույթով՝ արարչագործ ու տաղանդաշատ, գործով՝ ստեղծող ու շինարար ազգի…

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ



 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter