ԱՇՈՒՆՆ ԻՐ ՈՂՋ ՎԵՀՈՒԹՅԱՄԲ…
18.11.2019 16:13

Նոյեմբերի 16-ին աշնանային բարի լույսով էր ողողված Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճը: Աշունն իր ողջ վեհությամբ և խորհրդավոր շնչով այցելել և

ժպտում էր բոլորին իր մեղմ, մանկան նման անմեղ ժպիտով, իսկ արեգակի շողերը, որոնք ներս էին թափանցում պատուհաններից, ջերմությամբ էին լցրել սաների և նրանց ծնողների սրտերը: Լույսը, բարությունն ու

վառ գույներն էին թագավորում կենտրոնում: Աշնանային ծաղիկների խենթացնող բուրմունքը տարածվել էր ողջ դահլիճում, իսկ համեղ, բազմատեսակ մրգերով և բանջարեղենով պատրսատված հարուստ զամբյուղներն զգացնել էին տալիս աշնան յուրահատուկ և հեքիաթային եղանակի մասին: Սաների ձեռքի աշխատանքները վկայում էին, թե ինչքան են նրանք պաշտում աշունն ու նրա յուրահատկությունները:

Նրանց համար տարվա ամենասիրած եղանակն էր աշունը, ինչ մասին մեծ սիրով պատմում էին նրանք: Ամեն մի մրգի ու բանջարեղենի առանձնահատուկ խոսքեր էին նվիրում, ներկայացնում դրանց առանձնահատկությունների, անաղարտության մասին: Արցախի հողում աճեցրած ամեն մի բարիք անմահական ուժ ունի և կարող է խենթացնել յուրաքանչյուր օտարի, ով կայցելի մեր գողտրկի երկիրը: Երեխաները համոզված էին, որ արցախյան անուշաբույր մրգերի համը չի կարող մոռանալ ոչ ոք, այն կախարդական ուժով կձգի յուրաքանչյուրին:

Երեխաները փառաբանեցին նաև այդ բերքն ու բարիքն ստեղծողին, աշախատավոր մարդուն, չէ որ հենց նա է չարչարվում, կռիվ տալիս հողի հետ, ստեղծում, արարում…

Պարի խմբակի սաներն իրենց պարային կատարումներով հիացմունք և ուրախ տրամադրություն պարգևեցին ներկաներին:

Ստեղծագործական կենտրոնի տնօրեն Մերի Գաբրիելյանը շնորհավորելով բոլորին աշնանային հիասքանչ տոնի առթիվ՝ մաղթեց Արցախ աշխարհին  առատ ու լի տարի.

-Այսօր մեր երեխաները կրկին հիացմունք պատճառեցին մեզ: Նրանք մեզ տարան դեպի հեքիաթային մի աշխարհ, որտեղ ամեն ինչ ներկված է ոսկու և կրակի պես վառ գույներով: Այդ աշխարհում ամեն ինչ բարի է ու ջերմ, աննկարագրելի գեղեցիկ և անթերի:

Թող այս ուրախ տրամադրությունն ուղեկցի մեր երեխաներին իրենց ողջ կյանքում:

Օրվա կապակցությամբ ՄՊԱԿ տնօրենը պատվոգրեր և գովասանագրեր հանձնեց շնորհաշատ սաներին:

Ծնողների անունից շնորհակալական խոսք ասաց Ինգա Բադալյանը: Նա շեշտեց, որ իրենց երեխաներն ապահով ձեռքերում են, քանզի ՄՊՍԿ-ի ողջ կոլեկտիվը տանում է հետևողական աշխատանք՝  անելով ամեն ինչ, որպեսզի սաները սիրով ներկայանան տարաբնույթ խմբակներ և ավելի հմտանան իրենց ունակությունների մեջ:

Այո՛, աշնան տոնը սաները ներկայացրեցին մեծ վարպետությամբ, ինչ խոսք, ակնհայտ էր խմբակավարների թիմային և միասնական աշխատանքը, իսկ մենք համոզված ենք, որ առաջիկայում ականատեսը կլինենք նոր մտահղացումների և հետաքրքիր միջոցառումների…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter