ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼԸ ՄԻՇՏ ԷԼ ՀԱՃԵԼԻ Է
20.11.2019 17:35

Նոյեմբերի 14-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացած Հայաստան-Արցախ-Սփյուռք համահայկական ամսագրի §Որակի նշան 2019¦ մրցանակաբաշխությանը §ԷՅ-ԷՅ-ԴԻ Փաբլիշինգ¦ ՍՊԸ-ի կողմից §Որակի նշան¦ անվանակարգում պարգևատրվել է Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը՝ համայնքի վերաբնակեցման, բարեկարգման և իրականացված մի շարք բարեփոխումների համար։

Միջոցառմանը Հայաստան-Սփյուռք-Արցախ ամսագիրը և համանուն կայքը մրցանակներ հանձնեցին

կրթության, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին, հայրենական արտադրողներին, գործարարներին, ովքեր իրենց գործունեությամբ վերջին տարիներին նպաստել են տնտեսության զարգացմանը, զբաղվածություն ապահովել, ունեն արտադրանքի որակական բարձր չափանիշներ, սպառողների շրջանում ձևավորել են կայուն բարձր վարկանիշ։ Մրցանակը կազմակերպության տարբերանշանով արձանիկ և պատվոգիր էր, որոնք տարբեր անվանակարգերում հանձնվեցին հասցեատերերին։

-Մրցանակը, որքան որ խրախուսող, նույնքան էլ պարտավորեցնող է։ Սա բոլոր ասկերանցիների գնահատականն ու մրցանակն է, քանի որ մենք կատարում ենք թիմային աշխատանք։ Իհարկե, մենք չենք աշխատում գնահատականի արժանանալու համար, սակայն երբ գնահատվում ես կատարածդ անձնվեր աշխատանքի համար, դա քեզ թևեր է տալիս ավելին անելու, ավելիի ձգտելու համար։ Միաժամանակ, այն խթան կհանդիսանա մեր հետագա աշխատանքներն ավելի լավ կատարելու համար, -ասում է Սամվել Աղաջանյանը։

Միջոցառումը հատկանշական էր նաև այն առումով, որ մայր Հայաստանից ասկերանցի պատվիրակները վերադարձել են նոր՝ համայնքի համար շահավետ առաջարկներով և նախնական պայմանավորվածություններով։

- Ինչպես տեղեկացված եք, համայնքը բարեկամական և փոխհամագործակցության հուշագիր ունի կնքած Երևանի Կենտրոն վարչական շրջանի հետ։ Եվ ըստ այդմ էլ, մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել 2020 թվականին համայնքի տարածքում ավելացնել մանկական խաղահրապարակների թիվը, ինչպես նաև նյութական օգնություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին և հաշմանդամներին,- նշեց քաղաքապետը, ավելացնելով, որ առաջիկա 3-4 տարիները քաղաքի համար թռիչքային զարգացման տարիներ են լինելու, որոնց ընթացքում բավականին աշխատանքներ են իրականացնելու և կատարվելու են նախընտարական ծրագրի բոլոր կետերը, բնակիչների կողմից բարձրացված մտահոգիչ հարցերին տրվելու են լուծումներ։

Ներկայում քաղաքի Ն. Ստեփանյանի փողոցի խիտ բնակեցված հատվածներում կատարվում են մայթերի շինարարական աշխատանքներ, որոնք մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն։ Առաջիկայում նախատեսվում է այդ աշխատանքները շարունակել։  Քանի որ թաղամասում շատ են երեխաները՝  նախատեսվում է նաև մանկական խաղահրապարակ և մարզադաշտ կառուցել, ինչը զերծ կպահի երեխաներին՝ մեքենաների երթևեկելի հատված դուրս գալու և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար։

Քաղաքի բարեկարգման ծրագրի շրջանակներում շարունակվում են նստարանների տեղադրման աշխատանքները։ 20 նստարան արդեն գտել է իր մշտական տեղը, ևս 5 նստարանի պատվեր կատարման ընթացքի մեջ է։ Նշեմ, որ այդ աշխատանքներն իրականացնում է §Խաչենշին¦ ՓԲ ընկերությունը՝ բավականին մատչելի գներով։ Դրանք, հիմնականում, տեղադրվում են բազմաբնակարան շենքերի բակերում, պետական հիմնարկների հարակից տարածքներում։

Ընթացիկ տարում բարեկարգվել են բազմաբնակարան շենքերի շքամուտքերը։ Ապագայում նախատեսվում է նաև դրանք ամբողջությամբ վերանորոգել, ինչպես նաև ասֆալտապատել շենքերի բակերը։ Քաղաքում շարունակվելու են փողոցների լուսավորվածության և ճանապարհների բարեկարգման աշխատանքները։ Մինչև տարեվերջ նախատեսվում է Ասկերանում ավելացնել ևս 180 լուսատու։ Իսկ 2020 թվականին նախատեսվում է բերդի մատույցներից մոտ գտնվող Արցախյան թաղամասի լուսավորության, գազիֆիկացման աշխատանքներն ամբողջությամբ կյանքի կոչել։

-Փուլ առ փուլ լուծվելու են բոլոր խնդիրները, և իրագործվելու են իմ նախընտրական ծրագրում ընդգրկված հիմնահարցերը։ Ընթացքի մեջ են Ստեփանյան 10 Ա և 10Բ շենքերի առաջին և տանիքային հարկերը բնակտարածքի վերակառուցելու համար նախապատրաստական աշխատանքները։ Հավանաբար, դրանք կտրամադրվեն սոցիալական տարբեր խմբերի պատկանող անձնաց,- ասաց Ս. Աղաջանյանը, հավելելով, որ արդեն պայմանավորվածություն ունեն համապատասխան մարմինների հետ՝ ընթացքի մեջ գտնվող բազմաբնակարան շենքերի շինարարությունն ավարտելուց հետո, ևս 2 բազմաբնակարան շենք կառուցել Ասկերանում։

-Քանի որ բնակարանով ապահովելու համար բավականին դիմումներ ենք շարունակում ստանալ, ուստի անելու եմ հնարավորինս, քաղաքում բազմաբնակարան շենքերի շինարարության աշխատանքները շարունակական դարձնելու համար,- ասաց քաղաքապետը։

Հարազատ ծննդավայրի և քաղաքի բարգավաճման և հզորացման պարտավորությունները ստանձնած քաղաքապետը հավաստիացրեց, որ երբեք կանգ չի առնելու գրանցած հաջողությունների վրա, այլև շարունակելու է Ասկերանի բարենորոգման ծրագրեր իրականցնել ոչ միայն պետական ծրագրերի, այլև սեփական գաղափարների, անձնական կապերը ի շահ հանրայինի օգտագործելու հաշվին։

Այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր են կատարվել և առաջիկայում նախատեսվում է Ասկերանում ունենալ նռան վերամշակման արտադրամաս, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա համայնքի տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվողների թվաքանակի աճի, ինչպես նաև կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր։

-2020 թվականին նախատեսվում է բացել Ասկերան քաղաքի հիմնադրամ, որի նպատակն է լինելու պետական աջակցությունից դուրս մնացած ծրագրերը կյանքի կոչելը։ Արցախից դուրս բնակվող բազմաթիվ ասկերանցիներ պատրաստակամություն են հայտնել համագործակցել հիմնադրամի հետ։ Կստեղծվի հոգաբարձուների խորհուրդ, և ամեն ինչ կարվի արդարության և թափանցիկության մթնոլորտում։ Առաջիկա տարիներին համոզված եմ, որ Ասկերանը նոր մշակույթի տուն կունենա, ինչպես նաև նորակառույց և ժամանակակից պահանջներին համապատասխան հիվանդանոցի շենք։ Այդ հարցում միշտ էլ պատվախնդիր վերաբերմունք եմ ցուցաբերել, սակայն ցավով եմ փաստում, որ ինչ-ինչ պատճառներով դրանց շինարարության աշխատանքները միշտ հետաձգվել են։ Իմ նպատակն է Ասկերանը տեսնել բարեկարգ, շեն ու բազմամարդ։  Եվ հավատում եմ, որ դա նաև բոլոր ասկերանցիների երազանքն ու վերջնանպատակն է։

Իրականում, մեր հարազատ քաղաքը բոլորիս հոգատար վերաբերմունքի կարիքն ունի, սիրենք մեր քաղաքը հոգատար ծնողի, պատասխանատու և նվիրված ընկերոջ պես, քանզի բոլորիս ցանկությունն է ունենալ, մաքուր, լուսավոր,  կանաչապատ քաղաք։ Քանզի միանշանակ է, որ բոլորս պատասխանատվություն ենք կրում մեր քաղաքի, մեր երկրի ապագայի համար։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter