ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ...
21.11.2019 15:39

Էլմիրա Ռաֆիկի Հարությունյան. ուսուցչուհի, որի աշխատասիրությունն ու պատասխանատվությունը գործընկերների ուշադրության կենտրոնում են, և աչք են շոյում: Նա միշտ զբաղված է. գլուխը խոնարհած իր սաների աշխատանքների վրա` ոգևորվում է նրանց հաջողված աշխատանքներով` հուզմունքը կիսելով բոլորիս հետ:Անչափ զգայուն, նրբանկատ, համեստ ու, միաժամանակ, կենսախինդ անձնավորություն է Էլմիրա Հարությունյանը:

Ծնվել է 1959թվականի նոյեմբերի 21-ին՝ Քյաթուկ գյուղի բազմազավակ ընտանիքում: Երկու եղբայրներն ու չորս քույրերը միմյանց նկատմամբ առանձնահատուկ հոգատարություն էին ցուցաբերում, որը շարունակվում է մինչ օրս: Լինելով բազմանդամ ընտանիքի դուստր` Էլմիրա Հարությունյանը միշտ ձգտել է ամեն ինչին հասնել ինքնուրույն` սեփական ուժերով` անհանգստություն

չպատճառելով ոչ մեկին:

1977 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը` նույն թվականին էլ ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի <<Քիմիա և կենսաբանություն>> բաժինը: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել  Ասկերանի շրջանի գյուղբաժնում`որպես տնտեսագետ: 1990թվականի սեպտեմբերի մեկից  Էլմիրա Հարությունյանն իր աշխատանքային գործունեությունն է սկսում Ասկերանի միջնակարգ դպրոցում:

1992թ. սեպտեմբերի մեկին, երբ փոթորկվում է արցախյան պատերազմը, Էլմիրա Հարությունյանը տեղափոխվում է Ասկերանի շրջանի Մեհտիշենի ոչ լրիվ միջնակարգ  դպրոցը և աշխատում  որպես քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի:1993թ. սեպտեմբերի մեկից նորից տեղափոխվում է Ասկերանի միջնակարգ դպրոցը, որտեղ էլ առ այսօր աշխատում է  մեծ նվիրվածությամբ և պատասխանատվությամբ:

Ուսուցչի վեհ առաքելությունը Էլմիրա  Հարությունյանը կրում է ամենայն լրջությամբ`անմնացորդ նվիրվելով իր սաների կրթության և դաստիարակության գործին:

Լինելով հրաշալի ուսուցչուհի և մասնագետ`հոգատար ընկեր է և մարդկային բարձր որակներով օժտված մարդ:Կոլեկտիվի բոլոր անդամների հանդեպ բարյացակամ  և սիրալիր վերաբերմունքը հիմք են հանդիսացել, որ նրա հանդեպ սերն ու ջերմությունը օրեցօր աճեն  և վերածվեն փոխադարձ կապվածության ու մեծ ընկերության: Նրա հոգու ջերմությունն այնքան անսահման է, որ հերիքում է թե ընտանիքի, թե կոլեկտիվի անդամներին:

Էլմիրա Հարությունյանը հրաշալի և գեղեցիկ ընտանիքի մայր է, հարս և տատիկ:Նրա երկու զավակները`Արտակը և Անահիտը, ճյուղավորվել և գեղեցիկ ընտանիքներ կազմելով`տատիկին և պապիկին  նվիրել են հինգ կենսախինդ թոռնիկներ`նրանց կյանքը դարձնելով գունեղ և հեքիաթային:

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցի ողջ կոլեկտիվը շնորհավորում է Էլմիրա Հարությունյանին  60-ամյա հոբելյանի առթիվ, ցանկանում նրան առողջություն, հաջողություն և խաղաղություն: Թող երկնքի բոլոր բարի հրեշտակները հովանի լինեն Ձեզ և Ձեր հրաշալի ընտանիքին:

Բարին ընդ Ձեզ:

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցի կոլեկտիվ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter