ՍԱՌԸ ՄՈՆԻՏՈՐԻ ԱՌԱՋ՝ ՋԵՐՄ ՄԱՐԴՈՒ ԿՈՂՔԻՆ |
21.11.2019 17:04 |
Կրթության մեջ ամենակարևորը մարդն է:Մարդը, ով կվառի ձեր մեջ հետաքրքրասիրության կայծ ու կսնի այդ կայծը: Համակարգիչը դա չի կարող տալ ձեզ: Սթիվ Ջոբս 19-րդ դարի II կեսին Ադա Լեվլեյսը (անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի դուստրը) գրեց Չարլզ Բեբիջի անալատիկ մեքենայի նկարագրությունը՝ իր մեկնաբանություններով: Հենց այդ մեկնաբանությունները թույլ տվեցին սերունդներին Ադա Բայրոն-Լեվլեյսին անվանել աշխարհի առաջին ծրագրավորողը: Այսօր արդեն աշխարհին ոչնչով չես զարմացնի: Առավել ևս, եթե քո արածը համակարգչային աշխատանքի արգասիք է: Համակարգչային ծրագրերի ստեղծման գործընթացը զարգանում է ժամ առ ժամ: Եթե անցած դարի 70-ականներին ամեն երրորդ դպրոցական երազում էր տիեզերագնաց դառնալու մասին, ապա մեր օրերում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու ցանկությունը ծրագրավորողի մասնագիտությունը դիմորդների շրջանում դարձրել է ամենամեծ հեղինակություն վայելողը: Այդուհանդերձ, ոչ բոլորը հստակ պատկերացում ունեն, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում ծրագրավորումը, և ինչ գիտելիքների ու հմտությունների պիտի նախ և առաջ տիրապետել այդ հորձանուտը նետվելուց առաջ: Իսկ ումի՞ց պիտի մարդ սովորի ցանկացած գործի առաջին քայլերը: Դե, իհարկե, նրանից, ում տրված է սովորեցնելու աստվածաշնորհ առաքելությունը: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը ԱՀ Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը «Ստեփանակերտի մամուլի ակումբ» ՀԿ-ի հետ համատեղ անց է կացրել Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների 30-ժամյա վերապատրաստման դասընթացներ: Այդ դասընթացներին մասնակցեց նաև իմ գործընկերուհին՝ Խնապատի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Վիկա Գասպարյանը: Երբեք չէի տեսել և ոչ մի գործընկերոջ, ով որևէ դասընթացից վերադարձած լիներ այդքան ոգևորված ու կազմակերպիչների հանդեպ լցված այդքան խորը երախտագիտությամբ: Ասում են՝ երախտագիտության զգացողությունը հզոր զենք է, որով մարդը դեպի իրեն է ձգում բազմաթիվ հրաշալի բաներ: Այն փաստը, որ դասընթացներից վերադարձած իմ գործընկերուհին օրեր շարունակ գովերգում էր իրենց «աննախադեպ դասերն ու անզուգական դասընթացավարին», արդեն իսկ խոսում են նրա երախտագետ լինելու կարողությամբ օժտված հոգու մասին: Ինքս չլինելով ինֆորմատիկայի մասնագետ՝ չեմ կարող այստեղ ըստ արժանավույն ներկայացնել դասընթացի ծրագրային բովանդակությունը, մասնակիցների ստացած գիտելիքների ծավալն իր ողջ արդյունավետությամբ: Տիկին Գասպարյանի խոսքերից կարող եմ միայն փաստել, որ օրվա ընթացքում 3 դասը՝ նախաճաշի և կեսօրվա ճաշի համեղ ընդմիջումներով ոչ միայն հոգնեցուցիչ չէին, այլ, ճիշտ հակառակը, այնքան հագեցած ու հետաքրքիր էին, որ անցնում էին ակնթարթի պես: Իսկ եթե դասն աննկատ է անցնում, այլ ոչ թե ձգվում է դարից երկար, ուրեմն ուսուցիչը հարուստ ներաշխարհով արհեստավարժ Մարդ է: Տ. Գասպարյանն Արտուր Մնացականյանի մասին խոսելիս ոչ մի անգամ չօգտագործեց «դասընթացավար» երկար ու «չոր» բառը (այո՛, լինում են նաև «չոր» բառեր): «Արտուրին սազական չէ «դասընթացավար» բառը, որը հիշեցնում է «տնտեսվար», «գործավար» և նմանատիպ այլ վարչատնտեսական բառեր: Նրան հենց «ուսուցիչ» վեհ անունն է սազում»- ասում է գործընկերուհիս: «Կյանքում բոլոր լուսե մարդկանց «ուսուցիչ» անունն են միշտ տվել»,- հիշում եմ ես Ա. Սահակյանի խոսքերը և փորձում հասկանալ՝ այդ ինչով է երիտասարդ ուսուցիչը գրավել իրենից տարիքով մեծ ու իրենից ստաժավոր ուսուցիչների սիրտը: Կամաց-կամաց կերպարի խորհրդավորության շղարշը հետ է նահանջում: Իմ առջև հառնում է ուսուցչի՝ ուսուցիչ դարձած զավակը: Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում է ծնվել Արտուր Մնացականյանը, ուսուցիչ-ծնողների ընտանիքում: Երբ աչքդ բացում ես, իսկ ծնողներդ տարված են դպրոցի հոգս ու ցավով, երբ նրանց ավելի շատ աշակերտների խնդիրներն են հուզում, քան իրենց անձնական կյանքը, կամա-ակամա դու էլ ես սովորում կյանքի այդ տեսակ ռիթմին ու ինքդ էլ նրանց նման բռնում ես անձնազոհության ուղին՝ լինի դա մանկավարժության, թե մեկ այլ բնագավառում: Այո, միշտ էլ թվում է, թէ մեր զավակները մեզ չեն էլ լսում: Այնինչ նրանք պարզապես գիտակից կյանքի ամենասկզբից էլ սկսում են լուռ նայել մեզ: Նայում և ընդօրինակում են: «Ինչ ցանես, այն էլ կհնձես» առածը նվիրյալ մանկավարժի կյանքում գործում է անվրեպ: Տարիներն անցնում են , ու մի գեղեցիկ օր էլ տիկին Գասպարյանի նման մեկն անթաքույց հիացմունքով ասում է.<<Ո՜նց է երևում, որ կիրթ ու դաստիարակված երիտասարդ է: Ա՜խր ոչ միայն պարզ ու մատչելի բացատրում է, ոչ միայն կարողանում է ծրագրավորման , կայքերի ստեղծման հանդեպ բոլորիս մոտ մեծ հետաքրքրություն առաջ բերել, այլ նաև սրտացավ է: Գիտի, որ գյուղի մարդու համար կրկնակի դժվար է համատեղել կենցաղն ու դպրոցի՝ օրեցօր սրընթաց աճող պահանջները: Պատրաստ է հարկ եղած դեպքում այցելել մեզ և օգնության ձեռք մեկնել>>: Գնալով պատկերն ինձ համար հստակ է դառնում, հատկապես հետևյալ խոսքից հետո.<<Պատկերացնու՞մ ես՝ նա առաջարկում էր իր մեքենայով մեզ կայարան հասցնել, որպեսզի չուշանանք: Բա մեր օրերում էլ նման մա՞րդ կլինի>>: Արտուր Մնացականյանի՝ լավ ուսուցչի կերպարն ամբողջական դարձնելու համար հենց այս վերջին շտրիխն էր պակասում՝ նրա մարդ տեսակը: Ոչ մի ուսուցիչ էլ չի կարող պարծենալ, որ աշակերտի սիրտը շահել է իր ակադեմիական գիտելիքներով՝ անկախ այն հանգամանքից, թե ով է այդ աշակերտը՝ I դասարանցի , ում տառագրություն ես սովորեցնում, թե բարձրագույնի 2 դիպլոմ ունեցող բազմափորձ մանկավարժ, ում համակարգչային ծրագրավորման հիմունքներ ես ուսուցանում: Ուսուցիչ - աշակերտ փոխհարաբերությունն էլ մյուս տեսակի բոլոր կապերի պես նախ և առաջ ենթադրում է պարզ ու անմիջական շփում՝ փոխվստահության մթնոլորտում : Վ. Պետրոսյանի <<Վերջին ուսուցիչը>> վիպակում <<խիստ մեթոդների կողմնակից >> մաթեմատիկայի ուսուցիչը զայրույթի պահին ավարտական դասարանի աշակերտների երեսին է շպրտում .<<Դուք կավ եք ինձ համար: Ձեզնից ինչ ուզեմ, կսարքեմ>>: Երբ հաջորդ դասաժամին ներս է մտնում, քիչ է մնում կաթվածահար լինի՝ գրատախտակին հայտնված գրությունը կարդալով. «Այդ կավից նախ գուցե Ձեզ համար մի սիրտ սարքեք, ուսուցի՛չ»: Սիրտը, սիրով լեցուն սիրտը…. Ահա թե ինչն է ուսուցչի հանդեպ մեծ համակրանք ծնում աշակերտի հոգում: Արտուր Մնացականյանը հենց այդ մեծ սրտի տեր մարդկանցից է: Այդպիսի մարդկանց անձնական շնորհակալություն հայտնելով չպիտի բավարարվել: Նրանց արած գործի մասին պետք է բարձրաձայնել: Թող տեղյակ լինեն բոլորը, որ դեռ կան իրենց գործի գիտակ մարդիկ, ովքեր պատրաստ են կիսվել գիտելիքներով ի շահ երկրի զարգացման: Ու դա անում են ոչ թե պարտավորված՝ աշխատանքային պլանում հերթական պլյուսը դնելու համար, այլ, գործի դնելով ողջ բանիմացությունը, իրենց հոգու անսպառ լույսով դիմացինի մոտ հավատ են առաջացնում ապագայի հանդեպ: Կհամաձայնեք, հավանաբար, որ դժվար է գրել մի մարդու մասին, ում անձին ծանոթացել ես ուրիշի պատմածներից: Կարող է թվալ՝ ինչ մի յուրատեսակ գործ է արել մարդը՝ մի խումբ ուսուցիչների տեղեկացնելով համացանցում դարանակալած վտանգների, դրանցից խուսափելու եղանակների մասին: Ինչ մի առանձնահատուկ բարեհոգություն է ցուցաբերել՝ դասընթացի մասնակիցներին ուսումնական պրոցեսի սեղմ ժամանակային սահմաններում չդնելով և անկաշկանդ մթնոլորտ ապահովելով: Խոսքի ազատության դարաշրջանում ուսուցիչը հաճախ է դառնում լրագրողակասն սուր գրչի թիրախ: Ուսուցչին, և այն էլ նման խանդավառությամբ աշխատող մասնագետին մամուլում ճիշտ տեսանկյունից ներկայացնելու՝ ինձ ընձեռված առիթը ոգեշնչող էր: Միանալով տիկին Գասպարյանի երախտիքի խոսքին՝ ասում եմ. «Շնորհակալություն քեզ, իմ անծանո՛թ ծանոթ: Ու նաև՝ շնորհավոր: Դու արդեն իսկ վաստակ ունես հայրենիքիդ զարգացման պատվավոր գործում»: Մեդինա Մեժլումյան գ. Խնապատ |