ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ
22.11.2019 17:54

Երանի՜, ժողովրդիս ամեն մի օրը բարությամբ սկսվեր: Երջանիկ, առողջ, ուրախ լիներ մեզանից յուրաքանչյուրը, երանի՜ մեր շրջապատում միայն բարի ու սրտացավ մարդիկ լինեին, բացվեին բոլոր փակ դռները, ամենուր բարին հաղթեր և բարին թագավորեր…

Թող իմ տողերը չափազանցություն չթվան, եթե ես բարությամբ պարուրված մի գեղեցիկ կոլեկտիվ անվանեմ Ասկերանի շրջանային բուժմիավորումը, որտեղ աշխատում են նվիրված, հոգատար, կատարելագործված մարդիկ: ՇԲՄ տնօրեն Գոհար Հակոբջանյանի գլխավորությամբ այստեղ աշխատում են մասնագետներ, ովքեր Հիպոկրատի երդումի հետ մեկտեղ տվել են նաև հայ բժշկի երդում: Նրանք երդվել են ստացած գիտելիքներն անմնացորդ ծառայեցնել հիվանդների ապաքինմանը, յուրաքանչյուրի հանդեպ լինել անշահախնդիր և սրտացավ:

Բժիշկներ Գոհար Հակոբջանյանը, Գայանե Բարսեղյանը, Հասմիկ Վերդյանը, Լուսինե Ղուկասյանը, Քրիստինե Ղազարյանը, Լիանա Ստեփանյանը, Արևիկ Թունյանը, Ռիտա Գրիգորյանը, Մարինե Վարդանյանը, Վլադիմիր Գալստյանը, Արմեն Ասրյանը, Սուսաննա Գրիգորյանը, Լիլիթ Ավշարյանը հայ բժիշկներին յուրահատուկ պահվածքով են կատարում իրենց առաքելությունները, իսկ նրանց կողքին սիրով և անմնացորդ նվիրումով իր գործն է անում նաև հավատարիմ մի բանակ, առանց որի կատարյալ չէր լինի ՇԲՄ-ի համակարգված աշխատանքը:

Եվ պատահական չէ, որ շրջանի տարբեր համայքներից (Ասկերան, Խաչմաչ, Կարմիր գյուղ, Հովսեփավան, Նորագյուղ, Ավետարանոց…) բնակիչներ են գալիս մեր խմբագրություն, մեզ հետ կիսվում իրենց տպավորություններով, պատմում հիվանդանոցի անձնակազմի ուշադիր և բարեհոգի վերաբերմունքի մասին և խնդրում թերթի էջերում անպայման լուսաբանել այդ մարդկանց մասին՝ այդ ձևով ցանկանալով երախտագիտություն հայտնել նրանց:

Անշուշտ, մեզ համար միշտ էլ հաճելի է լսել գնահատանքի խոսքեր և հարգելով մեր բնակիչների խնդրանքը՝ վերջերս որոշեցինք այցելել Ասկերանի ՇԲՄ և զրուցել մեր բուժաշխատողների հետ:

Խորհրդային տարիներից մնացած շենքը, որտեղ տեղակայված է շրջբուժմիավորումը, անմխիթար տեսքով դիմավորեց մեզ և ինչպես միշտ՝ մի յուրահատուկ տրտմություն պատեց մեզ: Թվում է, թե այստեղ ամեն ինչ պետք է ճեփ-ճերմակ լինի, սակայն… և միթե մեր քաղաքն արժանի չէ գեղեցիկ և հարմարավետ հիվանդանոցի շենք ունենալու…

Գորշ, ոչինչ չխոստացող շենք, քարուքանդ եղած հատակ, հնամաշ դռներ ու պատուհաններ, սևացած պատեր և հանկարծ՝ բարությամբ ու ջերմությամբ լցված բուժաշխատողների հայացքներ…

Նրանց դեմքերն ասում էին, որ այստեղ մտածում են միայն հիվանդին բուժելու մասին՝ անտեսելով ամեն մի դժվարություն:

Չենք կարող չնշել, որ ցանկանում էինք զրուցել բժիշկներից հատկապես մեկի հետ՝ իհարկե, նրա բուժած բազմաթիվ հիվանդների խնդրանքով: Երբ դիմեցինք նրան, նա հանգիստ լսեց և ասաց. <<Մենք բուժաշխատողների մի մեծ թիմ ենք և միասին ենք պայքարում հիվանդի առողջությունը վերականգնելու ու այն պահպանելու համար>>:

Եվ մեծահոգի այդ բժշկուհին մեզ այնպես գեղեցիկ մերժեց ու հիմնավորեց իր խոսքերը, որ մենք բառեր չգտանք նրան հակաճառելու: Բարության, ազնվության և համեստության այդպիսի զուգակցում ոչ միշտ էր բախտ վիճակվում տեսնել մարդու հայացքում:

Հիրավի, մեր չկայացած հարցազրույցը մեզ ավելի շատ բան տվեց, բազմապատկվեց բժշկի մասնագիտության հանդեպ մեր հարգանքը:

Ապա շարունակեցինք զրուցել բժիշկների, բուժքույրերի հետ: Բոլորն անխախտ նույն բանն էին ասում մեկը մյուսի մասին: Ինչպիսի ՜նրբանկատություն, ինչպիսի՜ հարգանք մեկմեկու հանդեպ:

Միահամուռ կոլեկտիվի մտահոգությունն էլ նույնն էր:

<<Երբ ենք վերջապես լուսավոր, գեղեցիկ,  հարմարավետ շենք և լավ սարքավորումներ ունենալու: Մեզ համար հաճելի չէ, երբ ստիպված հիվանդներին ուղարկում ենք հանրապետական այլ հիվանդանոցներ, քանի որ այստեղ հարմարություններ չունենք: Մենք էլ ենք ուզում լավ պայմաններում աշխատել>>,-ասում էին բուժաշխատողները:

Այո՛, խնդիրը հրատապ և շուտափույթ լուծման է ենթակա: Հուսանք և սպասենք…

Իսկ մենք Ասկերանի շրջանի բնակչության անունից շնորհակալություն ենք հայտնում Ասկերանի ՇԲՄ-ի ողջ աշխատախմբին՝ բարեխիղճ աշխատանքի, անմնացորդ նվիրումի համար՝ հույս պահելով, որ կլուծվի բոլորիս մտահոգող խնդիրը, և Ասկերանի շրջանը կունենա իր սպասված հիվանդանոցը: Համոզված ենք՝ նոր հիվանդանոցում բուժանձնակազմը կաշխատի բազմապատկված եռանդով և ջանասիրությամբ…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter